Մեղմ պատիժ՝ նաև ղեկավարի դեմ մերկացնող ցուցմունքների համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 30, 2012 16:58

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, հուլիսի 30-ի դատավճռով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության  «Դավթաշենի»  տարածքային բաժնի արդեն նախկին պետ  Սարգիս Հակոբյանին  դատապարտեց 7 տարվա ազատազրկման:  Դատավճռով նրանից կբռնագրավվի անձնական գույքի կեսը ոչ ավելի, քան 1 մլն. 562 510 ՀՀ դրամի չափով: Ս. Հակոբյանը դատավճռով զրկվեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝  2 տարի ժամկետով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության  նույն տարածքային  բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանը  դատապարտվեց 3 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ:  Նա երկու տարի ժամանակով զրկվեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նրա նկատմամբ դատարանը կիրառեց առավել մեղմ պատիժ՝ հաշվի առնելով, որ ակտիվորեն աջակցել է գործի քննությանը, մասնավորապես, իր նախկին ղեկավարի դեմ տվել  է մերկացնող ցուցմունքներ:

Ամբաստանյալներ՝  նախկին բորտուղեկցորդուհի Կարինե Խալաթյանի,  նախկին օդաչուներ  Միխայիլ Եֆրեմյանի, Աշոտ Թունյանի, Տիգրան Սիմոնյանի, Սեյրան Հովհաննիսյանի և Ծիրուն Ասատրյանի նկատմամբ կիրառվեց ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված համաներման մասին որոշումը,  և նրանք ազատվեցին պատժի կրումից: Համաներմամբ պատժի կրումից ազատվեցին նաև համատիրության ղեկավար Ժորա Ղուկասյանը և հաշվապահ Ալինա Գևորգյանը:   Նրանք, ի դեպ, արդեն իսկ վերականգնել են իրենց գործողություններով պետությանը հասցված վնասը:

Ըստ մեղադրանքի, Սարգիս Հակոբյանը՝  աշխատելով  վերոհիշյալ պաշտոնում, տեղյակ է եղել բաժնի ընթացիկ գործունեությանը, այն է` 2009թ. օգոստոսից մինչև 2010թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ`  Է. Մ.-ի կազմակերպմամբ  և  նախկին բորտուղեկցորդուհի Կարինե Խալաթյանի միջնորդությամբ Սարգիս Հակոբյանը կենսաթոշակառուներ՝ Արմեն Հակոբյանի, Միխայիլ Եֆրեմյանի, Աշոտ Թունյանի, Տիգրան Սիմոնյանի, Սեյրան Հովհաննիսյանի և Ծիրուն Ասատրյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու դիմաց  նույն բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանի օժանդակությամբ նրանցից ստացել է զգալի  չափերով  կաշառք, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակի գործերում և հաշվարկ-կարգադրություններում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, իր գործողություններով օժանդակել է կենսաթոշակառուների կողմից տարբեր ժամանակահատվածներում կենսաթոշակի գումարները ստանալուն և հափշտակելուն, իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով` անզգուշությամբ  էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Ժորա Ղուկասյանը և Ալինա Գևորգյանը Գրետա Վարդանյանի դրդմամբ, նախնական համաձայնության գալով, պատրաստել և իրացրել են իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փաստացի բնակվելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ:

 

«Փաստինֆո»  լրատվական գործակալություն

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply