Սիրիահայ ուսանողների վարձավճարների չափը կվերանայվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 30, 2012 15:10

Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների երեխաները դպրոցներում եւ բուհերում կրթություն ստանալու խնդիր ունեն: ՀՀ սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հետ տարվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ խնդրի լուծման նպատակով աշխատանքներ են տարվում Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ: «Սիրիահայերի երեխաները սովորելու են իրենց բնակավայրերին մոտ գտնվող դպրոցներում, իսկ ովքեր ունեն արեւելահայերենի հետ կապված դժվարություններ, օգոստոսի 1-ից արագացված դասընթացներ կանցնեն»,-տեղեկացրեց Զաքարյանը:

Նրա փոխանցմամբ` բուհական հարցերին առնչվող խնդիրներ եւս կան. նրանք, ովքեր Հայաստան են տեղափոխել սիրիական բուհերից, Հայաստանում պետք է սովորեն մեկ կուրս ցածր: Այնուհանդերձ, Սփյուռքի նախարարությունը դիմել է Կրթության եւ գիտության նախարարությանը, որպեսզի «նախապատրաստական փուլերը կամ մեկ կուրս ցածր նստելու պայմանները շրջանցվեն»: «Այդ ուսանողները կհանձնեն համապատասխան քննություններ, սակայն մեկ կուրս ցածր չեն սովորի»,- ընդգծեց Զաքարյանը: Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողների հետ կապված եւս խնդիրներ կան. նրանք բարձրաձայնում են, թե Սիրիայում իրավիճակի վատթարացման պատճառով ի վիճակի չեն ուսման վարձը վճարել նախկին գնով եւ խնդրում են վարձաչափը հավասարեցնել ՀՀ ուսանողների վարձավճարներին: Սփյուռքի նախարարությունն այժմ պատրաստում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ Երեւանի պետական համալսարանում սովորող ուսանողների ցանկը, որ նրանց նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերվի:

ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերին հուզող ամենատարբեր հարցերից Զաքարյանն առանձնացնում է վիզաներ եւ անձնագրեր ստանալու խնդիրները:  «Շատերը ցանկանում են անձնագիր ստանալ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սիրիայում` մեր դեսպանատան կամ հյուպատոսության միջոցով: Այժմ քննարկվում է նաեւ վիզաների գործընթացը դյուրացնելու խնդիրը` Հայաստանի սահմանին վիզա տրամադրելու համար: Ավիատոմսերի գների մատչելիության եւ չվերթների ավելացման հետ կապված նույնպես խնդիրներ կան»,-տեղեկացրեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Սիրիահայերն ունեն նաեւ աշխատանքի ապահովման խնդիրներ: Նախարարության համապատասխան խումբն արդեն ցուցակագրել է նրանց` համաձայն իրենց մասնագիտությունների: «Այժմ մեզ մոտ ստեղծվել է աշխատատեղերի բանկ, որի միջոցով աշխատանք ենք առաջարկում նրանց: Միշտ չէ, որ նրանց ցանկությունը համընկնում է` պայմանավորված աշխատավարձի ցածր լինելով»,- նշեց Զաքարյանը: Այն սիրիահայերը, ովքեր Սիրիայում զբաղվել են գյուղատնտեսությամբ, Հայաստանում եւս սիրով համաձայնում են բնակվել գյուղական բնակավայրերում եւ զբաղվել իրենց գործով:  Հայաստան տեղափոխված սիրիահայերի թվում կան անձիք, ովքեր Սիրիայում գյուղատնտեսական սեփականություն, տեխնիկա ունեն եւ ցանկանում են այդ ամենը մատչելի ճանապարոհով տեղափոխել Հայաստան:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply