Օլիմպիական ռինգում Հայաստանը խայտառակվեց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 29, 2012 7:46

Հայաստանից ընդամենը միայն մեկ բռնցքամարտիկ` 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն էր իրավունք նվաճել մասնակցելու Լոնդոնում սկսված օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին: Դա արդեն խայտառակություն էր, քանի որ նախկինում միշտ էլ մեր երկիրն այս մարզաձևի ավելի մեծ թվով մարզիկների էր օլիմպիական ռինգ դուրս բերել:

Հիշեցնենք, որ Հակոբյանը օլիմպիական խաղերի վարկանիշը ձեռք էր բերել Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում, երբ մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչը Ռաֆայել Մեհրաբյանն էր, հետո նրան պաշտոնանակ էին արել, իսկ նոր գլխավոր մարզչի` Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ հավաքականը Թուրքիայում անցկացված վարկանիշային մրցաշարում ոչ-մի ուղեգրի չէր տիրացել:

Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը այդ  մարզաձևի հետ նախկինում առանչություն չունեցած Արման Մուրադյանն է, որը Երևանի մարզահամերգային համալիրի փայատերերից է և ՀԱՕԿ-ի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկն է:

Իրականում բռնցքամարտի հարցերը կարգավորում է ՀԱՕԿ-ի  փոխնախագահ, Երևանի մարզական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որը Լոնդոնում Հալաստանի օլիմպիական պատվիարկության շեֆ միսիսն է: Ի դեպ, Կարեն Աղամալյանը հենց այդ մարզօջախում է աշխատում:

Իսկ օլիմպիական ռինգում Անդրանիկը խայտառակվեց: 1/32 եզրափակիչում նա պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Տարել Գաուշային և դուրս մնաց  պայքարից:

Առաջին ռաունդում Հակոբյանը հաղթեց 4:3 հաշվով, երկրորդ ռաունդն ավարտվեց ոչ- ոքի՝ 4:4: Իսկ երրորդ ռաունդում ամերկացի բռնցքամարտիկը մի քանի հուժկու հարված հասցրեց և հաղթեց նոկաուտով:

Ի դեպ, նոկաուտով պարտվելը Հակոբյանի համար նորություն չէ: Նա որոշել էր կարողությունները փորձել ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալների մրցումներում և նույնպես նոկաուտի էր ենթարկվել առաջին իսկ հանդիպման ժամանակ: Բայց որ նման բան կարող է կատարվել նրա հետ նաև օլիմպիական խաղերի առաջին իսկ հանդիպման ժամանակ, ոչ ոք չէր սպասում:

Հիշեցնենք, որ նախորդ` 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանից բրոնզե մեդալակիր էր դարձլ Հրաչյա Ջավախյանը, սակայն Աղամալյանը նրան չէր ընդգրկել Հայաստանի հավաքականում, որը Թուրքիայում մասնակցել էր օլիմպիական վարկանիշային մրցաշարի:

Դիտվել է 1554 անգամ:
Print Friendly

Leave a Reply