Դատավորը մերժեց Նարեգ Հարթունյանի կողմից ներկայացված բողոքները

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 28, 2012 11:30

Հուլիսի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչների բողոքներն ամբողջությամբ. չվերացվեց ոչ ընկերության միջոցների վրա դրված կալանքը, ոչ էլ Սեւակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի եւ Արսեն Արտաշեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացվեց:
Հիշեցնենք, որ բողոքներից մեկը վերաբերում էր Սեւակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի /”Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերության տնօրենը/ եւ Արսեն Արտաշեսյանի/ընկերության գլխավոր հաշվապահը/ նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Ռ.Մկրտչյանի 30.01.2012 թվականի որոշումը վերացնելուն:
Վերը նշված որոշման դեմ Նարեգ Հարթունյանի կողմից բողոք էր ներկայացվել դատախազին այն վերացնելու խնդրանքով, սակայն դատախազի որոշմամբ մերժվել էր ներկայացված բողոքը:
Օրենքով սահմանված կարգով բողոք էր ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը ևս մերժել էր բողոքը՝ համարելով, որ քննիչի կայացրած որոշումը եղել է օրենքին համապատասխան: Այնուհետեւ Նարեգ Հարթունյանի փաստաբանները բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Դատավոր Ս. Համբարձումյանի որոշմամբ բեկանվել էր Կենտրոն դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության: Այսօր, սակայն, դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց ներկայացված բողոքը՝ համարելով այն անհիմն:
<<Առաջին անգամ եմ տեսնում, որ ընկերության տնօրենը /Արտյոմ Մարտիրոսյանը/ նմանատիպ պատմությունից «չոր դուրս գա»՝ պատճառաբանելով, թե ինքը չի գիտակցել հարկերից խուսափելու մասին, եւ փոխարենը մեղադրվի մեկը/ Նարեգ Հարթունյան/, ով ընդամենն ընկերության սեփականատիրոջ որդին է: Ակնհայտ է, որ այստեղ փորձ է արվում մեղավորության սայրն ուղղել Նարեգ Հարթունյանի կողմ>>,-ասաց <<Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով դատավորի որոշումը: Նրա խոսքերով իրենք կրկին դիմելու են վերաքննիչ դատարան: Մյուս բողոքով պահանջ էր ներկայացվել ճանաչել, որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գույքի վրա կալանք դնելու քննիչ Ռ. Մկրտչյանի որոշումը եղել է ոչ իրավաչափ, եւ խախտվել են ընկերության իրավունքները: Հիշեցնենք, որ քննիչի որոշման պատճառով կաթվածահար է եղել ընկերության գործունեությունը, արդյունքում, ընկերությունն այս պահին դադարեցրել է իր առևտրային գործունեությունը, տասնյակ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի կողմից կայացվել էր բողոքը մերժելու որոշում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այն նույնպես բեկանվել էր եւ ուղարկվել առաջին ատյանի դատարան, որտեղ էլ այն կրկին մերժվեց: Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով իրենք այդ գործով էլ են կրկին դիմելու Վերաքննիչ դատարան: Երկու որոշումների մերժման հիմքերը դատարանը կներկայացնի մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հ.Գ. Այս դատավորի կողմից կայացված որոշումներն ի սկզբանե կասկածի տակ են եղել՝ հաշվի առնելով այն, որ հենց նա էր 2011թ. դեկտեմբերի 09-ի կեսգիշերին կայացրել Նարեգին եւ նրա երկու աշխատակիցներին կալանավորելու որոշումները, որից մի քանի օր անց վերջիններս ազատ արձակվեցին: Մարիամ Մուղդուսյան

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply