Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի զանգվածային հոսքի միտում չեն տեսնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2012 11:04

Սիրիայից զանգվածային հոսք լինելու դեպքում Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել իր հայրենակիցներին ապահովելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հավաստիացրեց ՀՀ սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նրա դիտարկամամբ, ընդհանուր տպավորությունն այն է, որ սիրիահայերը Հայաստան են եկել ժամանակավոր` կոնֆլիկտի գոտուց զերծ մնալու նպատակով: «Մեծամասնությունը եկել է մի քանի շաբաթով եւ զանգվածային ներգաղթի նշաններ, տրամադրություններ չեն նշմարվում: Այն գործողությունները, որոնք այժմ տեղի են ունենում Հալեպում, եղել են նաեւ Դամասկոսում, որտեղ եւս հայեր կային: Դամասկոսում հիմա իրավիճակը խաղաղ է եւ որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասում է Զաքարյանը: Նա հավատացած է, որ քաղաքացիական պատերազմի գործողությունների մի մասը, որոնք տեղափոխվել են Հալեպի թաղամասեր, երկար տեւել չեն կարող: Այդ գործողություններն ուղղված չեն հայերի դեմ. արաբների կողմից հակահայկական որեւէ ընդվզում գոյություն չունի: Իհարկե, չի բացառվում նաեւ, որ ընդհանուր իրավիճակում տուժեն նաեւ մեր հայրենակիցները: «Սակայն ովքեր ցանկություն ունեին Հայաստան գալու, տոմսերն արդեն գնել են: «Արմավիա»-ն տոմսերը վաճառել է մինչեւ օգոստոսի 27-ը, եւ դեռ երեք ազատ տեղ կա: Այսինքն, բոլորը չեն, որ ցանկություն ունեն Հայաստան վերադառնալու: Նրանք Սիրիայում ապրել են իրենց բնականոն կյանքով, որը հիմա խաթարված է եւ չեն ցանկանում իրենց աշխատանքն ու սեփականությունը այնթեղ թողնեն ու կորցնել»,-շեշտեց Զաքարյանը:

Մասնագիտությամբ երաժիշտ սիրիահայ Սարգիս Ադամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ սիրահայերն ունեն իրենց աշխատանքը եւ որեւէ կողմի հետ խնդիր չունեն: «Իրենց կյանքին վտանգ կսպառնա, եթե դուրս գան այն պահին, երբ բախումներ են, սակայն եթե մնան իրենց տներում, որեւէ խնդիր առաջանալ չի կարող»,-նշեց նա: Ադամյանի խոսքով` բոլոր հայերը, ովքեր վերադառնում են հայրենիք, առանց դժգոհելու պետք է աշխատեն մյուս քաղաքացիների նման: «Դժգոհ լինելու որեւէ պատճառ չպետք է ունենան, ընդհակառակը, նրանք պետք է ուրախ լինեն, որ Սիրիայում տիրող իրավիճակից հետո հայտնվել են խաղաղ պայմաններում»,-ընդգծում է սիրիահայ արվեստագետը:

Սարգիսը նույնպես մտադրություն ունի Հայաստան վերադառնալու, սակայն այդ մտադրությունը Սիրայում տիրող իրավիճակի հետ որեւէ կապ չունի: Նա նման ցանկություն ուներ դեռեւս երկու տարի առաջ: Իսկ այսօր արդեն Հայաստանում են նրա կինն ու իննամյա երեխան: Սիրիահայ երաժիշտը վստահ է, որ Սիրիայում շուտով իրավիճակը կկայունանա, եւ այլեւս զոհեր չեն լինի: «Լրատվամիջոցներն ավելի են սրում իրավիճակը: Սիրիական պետական հեռուսատակայանին հետեւելով` կհասկանաք, որ ոչ տեղական լրատվամիջոցները շատ սուր ձեւով են ներկայացնում իրավիճակը, քան այն իրականում կա: Իհարկե ,հնարավոր է, որ որոշ բաներ պետական հեռուստատեսությունը թաքցնում է, սակայն մյուսներն ավելի շատ են ապատեղեկատվություն տարածում»,-նշում է նա:

Սիրիահայերի խնդիրները համակարգող խմբի ղեկավարը տեղեկացրեց, որ Հայաստան են գալիս այն սիրիահայերը, որոնք այստեղ ունեն հարազատներ, ծանոթներ, ազգականներ: «Սիրիահայերը Հայաստանում ապրում են ավելի բարեկեցիկ, քան ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին: Նրանք, ովքեր Սիրիայում ավելի լավ բնակարանային պայմաններ են ունեցել, չեն ցանկանում մեր տրամադրած կացարաններում բնակվել եւ նախընտրում են ապրել վարձով կամ հարազատի տանը: Մենք իսկապես չենք կարողանա նրանց բոլոր պահանջները բավարարել: Գալով Հայաստան` նրանք հայտնվում են այն նույն վիճակում, որում գտնվում են Հայաստանի քաղաքացիները, չէ որ այստեղ եւս կա աշխատանքի խնդիր: Այս միջավայրում սիրիահայերը նույնպես կարող են բախվել նույն խնդիրների հետ: Սա բնական է, եւ մենք չենք կարող այս պահին արտահերթ աշխատատեղեր ստեղծել»,-նշեց Զաքարյանը:

Սիրիահայերի խնդիրները համակարգող խումբը ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում, որը զբաղվում է Սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերի հարցերով: Մինչեւ այժմ նախարարություն դիմել են մոտ 120 սիրիահայեր, որոնցից տասը տոկոսն է ցանկություն հայտնել ապրելու Հայաստանում, իսկ չորսը` կացարան ստանալու: «Իրենց բարձրացրած հարցերն անմիջականորեն մեր նախարարությունում լուծում չեն գտնում, քանի որ դրանք կապված են այլ գերատեսչությունների հետ: Մեր խնդիրն է նրանց տալ համապատասխան խորհուրդ, անհրաժեշտության դեպքում նամակներով դիմել այն գերատեսչություններին, որոնց գործառույթների մեջ է մտնում այդ խնդիրների լուծումը: Որպես կանոն, բոլոր հարցերին տրվում է դրական լուծում»,-վստահեցնում է Զաքարյանը: Սիրիահայերին հուզող խնդիրներից պատասխանատուն առանձնացնում է կրթությունը, բուժսպասարակումը, անձնագիրը, վիզա ստանալու հետ կապված հարցերը:

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով` Սիրիայում ամիսներ շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 18 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհվածների գերակշռող մասը խաղաղ քաղաքացիներ են: Զոհերի թվում են եղել նաեւ յոթ հայ, որոնցից երկուսը սիրիական բանակի զինծառայողներ: Վերջին շրջանում երկիրը սկսել են լքել նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում փոփոխություն կատարեց, համաձայն որի` Լիբանանի և Սիրիայի հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում` ՀՀ անձնագիրը հնարավորություն կունենան ստանալ այդ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում: Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը հաստատեց, որ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում: «Արմավիա» ավիաընկերությունը եւ ՀՀ կառավարությունը բանակցություններ են վարում` Հալեպ-Երևան ուղղությամբ շաբաթական երկրորդ չվերթը բացելու ուղղությամբ:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply