Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել է հեռուստաեթերի հարցը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2012 10:50

Ս.թ. հուլիսի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց` հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման և Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցերը:

Ինչպես տեղեկացնում են ՀԽ մամլո ծառայությունից, հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը, որը Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկն է, ներկայացրել է 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, որում ի մի են բերված Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացված առաջարկները՝ ներկայացված Հանրային խորհրդի հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների, ՀՀ Նախագահին նամակով դիմելու նախաձեռնության անդամների և ՀՀ ստեղծագործական միությունների կողմից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ առաջիկա օրերին Հանրային խորհրդում տեղի կունենա քննարկում հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում կներկայացվեն նաև այդ առաջարկները: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ հեռուստաեթերի խնդիրների վերաբերյալ սեպտեմբեր ամսին հանրային քննարկումներն ակտիվորեն կշարունակվեն, որի արդյունքում կձևավորվի փաստաթուղթ և կներկայացվի Հանրապետության ղեկավարին:

Օրակարգի երկրորդ` Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկվել են ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գրիգոր Բադիրյանը և Հանրային խորհրդի գրասենյակի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը: Քննարկվել են Հանրային խորհրդի նպատակներին, սկզբունքերին, գործառույթներին և կառուցվածքին առնչվող հարցեր:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply