Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քվեարկությանը ոչ մի «դեմ» չի եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2012 1:22

«ԱԺ նիստերի դահլիճում երեկ 20.40-ին ներկա 152 պատգամավորներից 103-ը մասնակցեցին Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քվեարկությանը.102-ը «կողմ» էին, «դեմ» չկար, «ձեռնպահ» էր ընդամենը 1-ը։ Ենթադրաբար կարելի է ասել, որ քվեարկությունը բոյկոտած 49 պատգամավորները «Հանրապետությունից» եւ «Շամիրամից» էին։ Քանզի մնացած խմբերն ու խմբակցությունները գլխավոր դատախազի միջնորդության կողմնակից էին». այս մեջբերումը 1999 թվականի փետրվարի 18-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված «Կանխատեսելի ելք՝ ԱԺ-ն խուսափեց լուծարումից» հոդվածից է:

Արխիվները «քրքրելու» կարիքը թերեւս չլիներ, եթե վերջին օրերին մամուլի հետաքրքրությունների առարկա չդառնային ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հայտարարությունները:

Հակադարձելով Սիրունյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ «Երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնորդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն այդ ժամանակ մշակույթի փոխնախարար էր, Արամ Մանուկյանը անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության ասածին, ասելով, որ ես մշակույթի փոխնախարար եմ, կարող է աշխատանքից ազատվեմ», ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել էր. «Բացարձակ սուտ է, ճշմարտության հատիկ չկա»: Նա, ինչպես նաեւ ՀՀՇ մեկ այլ անդամ՝ Երջանիկ Աբգարյանը հայտարարել էին, որ Մանուկյանը «դեմ» է քվեարկել Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելուն: 12 տարի առաջ մամուլում արձանագրվածը, սակայն, վկայում է, որ փակ-գաղտնի քվեարկության ժամանակ «դեմ» քվեարկող պատգամավորներ չեն եղել: Ընդամենը մեկ «ձեռնպահ»: Հետաքրքիր է՝ ո՞վ է եղել:

Ովքեր էին մեղադրում Վանոյին

Վերոնշյալ հրապարակումից մեջբերենք եվս մի քանի հետաքրքիր հատվածներ. «Ովքեր էին մեղադրում Վանոյին. Շուրջ 30 պատգամավորներ ելույթ ունեցան« բայց հատուկենտներն ընդամենը համարձակություն ունեցան հրապարակավ հիմնավորելու «թե ինչու են կողմ դատախազի միջնորդությանը։ Բնականաբար, ԱԺՄ խմբակցության ներկայացուցիչները, որ միջնորդության ավելի խիստ տարբերակին էլ էին իրենց հավանությունը հայտնել , «այս անգամ էլ իրենց դիրքորոշումը չթաքցրին։ Հիմնավորումներն էին փոքր ինչ տարբեր։ Այսպես, Դավիթ Վարդանյանի գնահատականով, այս հարցը «միջկլանային պայքարի առաջին ծիծեռնակներից է»։ «Ղարաբաղ» կոմիտեի եւս մի անդամ՝ Ալեքսան Հակոբյանն էլ «չափազանց պարզամիտ» անվանեց Դավիթ Վարդանյանի այդ հիմնավորումը։ Հայտնի է, որ Ալեքսան Հակոբյանն էլ էր «կողմ» քվեարկել դատախազի նախորդ միջնորդությանը՝ իր իրավունքն է։ Բայց այս անգամ նրա ջանադրությունն անցավ բոլոր սահմանները, քանզի նա արդեն իսկ Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտումն էլ Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնության հետ կապեց։ Երեւի իր որոշակի կապերի շնորհիվ ինչ որ բան գիտի ու չի՞ հայտնում։

Նույնը վերաբերում է նաեւ Ֆիրդուս Զաքարյանին, որի ենթադրությունն էր, թե նախորդ միջնորդությանը համաձայնելու դեպքում Արծրուն Մարգարյանի սպանությունը կկանխվեր։ Ավելին, պրն փոխնախարարը Հենրիկ Խաչատրյանի սպանությունն էլ պայմանավորեց «նույնպիսի համարձակ քայլով, որի համար գուցեեւ պատժվեց»: Արամ Կարապետյանին միայն Նվեր Չախոյանի հետ չէին կապել եւ այս պակասն էլ տարածքային ինքնակառավարման փոխնախարարը լրացրեց։

Փոքր-ինչ անսպասելի էին Ռուբեն Հակոբյանի ելույթի որոշ դրույթներ։ Դաշնակցության անունից կասկած հայտնեց, որ նախորդ իշխանությունները «քրեական լուրջ հանցանքների մեջ են թաթախված», նաեւ հիշեց, որ կասեցված ՀՅԴ-ին միայն ընդդիմությունն էր պաշտպանում եւ հայտարարեց, թե այժմ եւ դիմությունը, եւ ընդդիմությունը այդպես կվարվեն, «քանի որ հասկացան, որ փոս փորողն ինքը փոսը կընկնի»: Այ հետաքրքիր կլիներ, եթե Վանո Սիրադեղյանի հասարակական պաշտպանը դատարանում որեւէ դաշնակցական լիներ։

Ովքեր էին պաշտպանում Վանոյին

«Հանրապետություն» խմբակցության 14 անդամներ ելույթ ունեցան։ Արժանահիշատակ է Երջանիկ Աբգարյանի դիտողությունը Սերժ Ջիլավյանի դեմ մահափորձի շարժառիթների վերաբերյալ. «Դրանք անհասկանալի են. մի՞թե համակրանքով կամ հակակրանքով է որոշվում մարդկանց կյանքը։ Եթե այդպես լիներ, կարծում եմ, Վանո Սիրադեղյանը Դավիթ Վարդանյանի նկատմամբ էլ այդքան մի համակրանք չունի»: «Պատանդ ենք դարձել Վանո Սիրադեղյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անձնական փոխհարաբերություններում» և սա էլ Հովհաննես Իգիթյանն արձանագրեց։

Խմբակցության այլ անդամների ելույթների վերաշարադրանքի փոխարեն մեջբերենք «Հանրապետության՚» հայտարարությունից։ Վերահաստատվել էր այն պնդումը, թե այս գործը քաղաքական պատվերի հետեւանք է. «Այդ կասկածը մի քանի օրվա ընթացքում հաստատվեց նախ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի խոսքով՝ «Ռոբերտ Քոչարյանը չէր կարող հարցը չմտցնել խորհրդարան «ապա իր՝ պատվերի հեղինակ Ռոբերտ Քոչարյանի ավելի քան միանշանակ խոստովանությամբ։ Ավելին, վերջինս դիմեց բացարձակ քաղաքական շանտաժի եւ սպառնաց երկրի օրենսդիր մարմինն արձակել, եթե ԱԺ-ն շարունակի առաջնորդվել ոչ թե իջեցված պատվերով, այլ պատգամավորների խղճով եւ համոզմունքներով»:

«Հանրապետությունը» նաեւ հայտարարել էր. «Քոչարյանի նախաձեռնած միջոցառումը՝ գլխավոր դատախազի միջնորդությունը, հստակ նախընտրական է եւ նպատակ ունի.

ա) շեղել հասարակության ուշադրությունը, նրան քավության նոխազ մատուցելով «խուսափել պատասխանատվությունից,

բ) վարկաբեկել մի կազմակերպություն, որն ընտրություններին իր մասնակցությամբ կարող է խախտել նախապես ծրագրած սցենարը (խիստ կասկածելի է- Ա.Ի.),

գ) ոչնչացնել մի գաղափարախոսություն, որը հակոտնյան է այսօրվա վարչախմբի որդեգրած ազգայնամոլական,արկածախնդրություն տանող գաղափարախոսության «արգելափակոց է նրա ճանապարհին,

«Ստեղծողն էլ է հանցագործ, վայելողն էլ»

Ռոբերտ Քոչարյանի կողմից տրված քաղաքական պատվերի առնչությամբ Աղվան Հովսեփյանն ասաց. «Հարցը, որ վերաբերում է ԱԺ պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելուն եւ Ազգային ժողովի գործունեությանը, բնականաբար, գլխավոր դատախազը չէր կարող չխորհրդակցել հանրապետության նախագահի հետ, որը եւ ես կատարել եմ»: Այս առնչությամբ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ի՞նչ է, նորությո՞ւն է, որ դատախազությունը գործադիր իշխանության կամակատարն է… Ո՞վ ստեղծեց այս համակարգը։ Ստեղծողն էլ է հանցագործ, վայելողն էլ»։

«Էս հայերն ուրիշ հակառակորդներ ունեցե՞լ են»

Եղան նաեւ ելույթներ, որոնց վերաբերյալ դժվար է միանշանակ ասել՝ պաշտպանում էին կամ մեղադրում։ «Քաղաքական ուժերն այսօր շախմատային լեզվով ասած, պատային իրավիճակում են,- ասաց Արտաշես Թումանյանը,- Եվ դրական որեւէ հանգուցալուծում չեմ տեսնում»: Նա հավասարապես խայտառակ էր համարում եւ այն տարբերակը, եթե սա զուտ քրեական պատմություն է, եւ եթե սա քաղաքական հետապնդում է։ Չնայած նախագահի խորհրդականը Ռոբերտ Քոչարյանին գրեթե անընդունակ համարեց «գործ սարքելու» համար. «Այդքան վճռական չի եւ այդպիսի մեծ համարձակության «ռիսկի երբեք չէր գնա»։

Պարույր Հայրիկյանը, որ էլի կողմ էր դատախազի միջնորդության բավարարմանը, այնուամենայնիվ, խմբակցության անունից իր խոսքում՝ ասաց. «Եթե 20 տարի հետո այս ելույթները կարդան՝ պիտի ասեն. «Էս հայերն ուրիշ հակառակորդներ ունեցե՞լ են»:

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

aravot.am

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply