Հոլանդական դատարանը «Ստոլիչնայա» և «Մոսկովսկայա» օղու մակնիշների նկատմամբ իրավասությունները տվեց Ռուսաստանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 28, 2012 0:55
Հաագայի վճռաբեկ դատարանում Ռուսաստանը պաշտպանեց «Ստոլիչնայա» և «Մոսկովսկայա» օղու բրենդներն օգտագործելու իր իրավունքը: Դատական վեճը ռուսական իշխանությունների և ռուս օլիգարխ Յուրի Շեֆլերին պատկանող հոլանդական «Spirits» ընկերության միջև ընթանում էր ավելի քան 10 տարի, նշված է Ռուսաստանը ներկայացնող իրավաբանական «Hoyng Monegier» ֆիրմայի մամլո հաղորդագրության մեջ:
«Spirits» ընկերությունը, սկսած 1990-ական թվականներից, աշխարհի բոլոր օղի արտադրողներին տրամադրում էր «Ստոլիչնայա» և «Մոսկովսկայա» բրենդների լիցենզիաներ, որոնք ասոցացվում են որպես ռուսական արտահանման բրենդ: Այդ մակնիշները ներառված են ԱՄՆ-ի և ԵՄ-ի շուկաներում առավել շատ պահանջված առաջատար հինգ ալկոհոլային խմիչքների ցանկում: Այս օղիների առևտրաշրջանառության տարեկան ծավալը կազմում է 600-700 մլն ԱՄՆ դոլար, նշում է ֆեդերալ և տարածաշրջանային ալկոհոլային շուկաների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը: Սակայն վճռաբեկ դատարանը որոշել է, որ ընկերությունը օղու այդ մակնիշները տնօրինել է անօրինական:
Շեֆլերը պնդում էր, որ հայտնի մակնիշների նկատմամբ իրավունքը ձեռք է բերել միանգամայն օրինական ճանապարհով` պետական «Սոյուզպլոդոիմպորտ» պետական ձեռնարկության 90-ական թվականներին սեփականաշնորհման արդյունքում: Սակայն ռուսական իշխանություններն այդպես չեն մտածել և դիմել են Նիդերլանդների դատարան` պահանջելով ճանաչել այդ բրենդների նկատմամբ իրենց իրավասությունները: Հավանաբար խոսք է եղել նաև երկար ժամանակով այդ բրենդներն անօրինական օգտագործելու համար փոխհատուցման մասին, բայց այս թեմայի վերաբերյալ դեռ ոչ մի պաշտոնական խոսք չի հնչել:
Այս վեճը հոլանդական դատարանը միանգամից լուծել է հօգուտ Ռուսաստանի: Թեև « Spirits»-ը այդ վճիռը փորձել է բեկանել, սակայն ապարդյուն: Դատավորների կարծիքով՝ ԽՍՀՄ-ի փլզումից հետո առաջացած քաոսային շրջանում խորհրդային պետական շատ ակտիվներ վաճառվել են անօրինական: Բացի այդ, հայտնի շատ բրենդների գինը շատ ավելի ցածրացված էր, քան դրանց իրական արժեքն էր: Ինչպես ենթադրում է դատարանը, այդ ամենի մասին Շեֆլերը իմացել է, այդ իսկ պատճառով նրա կողմից հեղինակավոր օղիների բրենդների ձեռքբերումը չի կարելի համարել բարեխիղճ:
Այսպիսով, դատարանի վճռով այդ առևտրային մակնիշները մնացին Ռուսաստանում, իսկ «Spirits» ընկերությանը արգելեցին վաճառել «Ստոլիչնայա» և «Մոսկովսկայա» մակնիշներով օղիներ: Բացի այդ, արտադրողները զրկվեցին իրենց թողարկած oղու շշերի պիտակների վրա նշել «Ռուսական օղի» և «պատրաստված է Ռուսաստանում» մակագրություները: Դատարանը նշել է, որ նման գրությունները սպառողներին գցում են թյուրիմացության մեջ, քանի որ «Spirits»-ը իր օղիներն արտադրում է Ռուսաստանից դուրս, իսկ հայտնի բրենդների անունով ալկոհոլն էլ շշալցվել է Ռիգայում:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
