«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» | Հայ բարեգործական ընդհանուր միության մասնագիտական դասախոսություների շարքի՝ «Նարեկացի»-ի միջոցառումները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 28, 2012 0:20

Այսօր՝ հուլիսի 27-ին, ազգագրագետ Արուսյակ Սահակյանն ու պարագետ Գագիկ Գինոսյանը Նարեկացի արվեստի միությունում անցկացրեցին հայ պարերգին, շուրջպարին և պարեղանակներին նվիրված բաց դաս և դասախոսություն: Միջոցառումը տեղի ունեցավ Հայ բարեգործական ընդհանուր միություն «Երաժշտական Հայաստան» նախագծի շրջանակում, որը երեք շաբաթ անընդմեջ՝ հուլիսի 14-ից օգոստոսի 4-ը, հյուրընկալել է ԱՄՆ-ի, Հունաստանի և Սիրիայի հայկական համայնքներից ժամանած տաս պրոֆեսիոնալ երիտասարդ երաժիշտների՝ մասնակցելու գործնական մասնագիտական պարապմունքների և հայ երաժշտությանը նվիրված դասախոսություների հագեցած շարքի:

Նարեկացի արվեստի միությունում կայացած դասախոսության ժամանակ Արուսյակ Սահակյանը ներկայացրեց հայ պարերգի և շուրջպարի պատմական ուղին՝ այն հակադրելով ԽՍՀՄ տարիների բալետային տարրերով համալրված ու այդպիսով՝ ակունքներից հեռացած ազգային պարին: Նա նաև մեկանաբանեց մի շարք պարերգեր ու շուրջպարեր՝ մանրաքննին վերլուծելով դրանց ետևում թաքնված իմաստն ու խորհուրդը, դրանցում առկա ժողովրդական ծեսերն ու ավանդույթները, ազգագրական խաղերը, ֆոլկլորային պատկերները:

Գագիկ Գինոսյանի դասախոսությունը նվիրված էր հայկական պարեղանակներին ու դրանց ժանրային ճյուղերին՝ հարսանեկան, մեհենական, ռազմական, ծիսական և այլն: Խոսելով առանձին պարատեսակների ու ձևերի մասին՝ Գինոսյանն ուսանողներին նաև սովորեցրեց տարբեր պարաքյլեր ու դրանց բովանդակությունն, ինչպես նաև մի ամբողջ պարատեսակ:
«Երաժշտական Հայաստան» նախագիծն առաջին անգամ է այս տարի անցկացվում: Նախագծի նպատակն է սփյուռքում ապրող և ստեղծագործող հայ երաժիշտներին հնարավորինս հիմնավոր գիտելիքներ փոխանցել հայ երաժշտարվեստի մասին, որպեսզի այդ ժանրին անդրադառնալու նրանց հետագա փորձերն ու մեկնաբանությունները լինեն իրազեկ ու գրագետ հենքի վրա: Սրանով է պայմանավորված նախագծի խիստ հագեցած ծրագիրը: Այն ներառում է դասախոսություններ հայ ազգագրագական, աշուղական, հոգևոր, դասական և ջազային երաժշտության, ինչպես նաև սովետահայ ու ժամանակակից կոմպոզիտորների՝ Մանսուրյան, Տերտերյան, Եզնիկյան, Շարաֆյան, Աքշելյան, Ավանեսով, Հովհաննիսյան, ստեղծագործության շուրջ:

Երաժշտական ու երաժշտագիտական դասախոսություններից զատ՝ նախատեսված են նաև դասախոսություններ հայ բանահյուսության ու գրականության շուրջ, հաճախումներ համերգների, այցելություններ տարբեր թանգարաններ, պատկերասրահներ, պատմական հուշարձաններ: Ողջ նախագծի ընթացքում մասնակիցները նաև անցնում են գործնական մասնագիտական պարապմունքներ վոկալի և երաժշտական գործիքների Հայաստանում ապրող լավագույն մասնագետների մոտ:

Նախագծի գեղարվեստական ղեկավարն է Լևոն Իսկենյանը, ով նաև հանդիսանում է Նարեկացի արվեստի միության երաժշտական ծրագրի գեղարվեստական պատասխանատուն ու ղեկավարը: Նարեկացի արվեստի միությունում նախատեսված հաջորդ դասախոսությունը նվիրված է հայկական ջազին, որը հուլիսի 30-ին (ժամը՝ 14:30-16:30) կվարի Արմեն Թութունջյանը՝ Չիկոն:

Դավիթ Իսաջանյան
Հասարակայնության հետ կապերի ղեկավար

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply