Շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 16:52

Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր: Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Միքայելյան 70, 74 և 76 շենքերի բնակիչների հավաստմամբ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Ա 1 թաղամասի Շերամի 53 շենքի բակի բնակիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Երևանի քաղաքապետն էլ իր հերթին բնակիչներին առաջարկել է մասնակից դառնալ Երևանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին. «Մեր առաջին խնդիրը հենց այն է, որ բնակիչը ևս մասնակից դառնա մեր ծրագրերին, քանի որ այդ դեպքում նրանք շատ ավելի մեծ պարտավորվածություն կզգան կատարածը պահպանելու հարցում: Եվ շատ գովելի է, որ մենք արդեն բոլոր վարչական շրջաններում հենց այդ մոտեցումն ենք արձանագրում: Մեր համաքաղաքացիներն իրենց անմիջական մասնակցությունն են ունենում ինչպես շինարարական, այնպես էլ բարեկարգման աշխատանքներում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Ա 3 թաղամասի Անդրանիկի 45 շենքի բակը ևս կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում:  Դեռևս ամիսներ առաջ ամայի ու անխնամ այս տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է, լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ևս բակային տարածքների հիմնական մասը կառուցվել է նախկինում բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում: Եվ որ կարևոր է, բնակիչներն իրենց ձեռքով են քանդել այդ բոստաններն ու տարածքները սիրով տրամադրել են բակի բոլոր բնակիչների համար հանգստի կազմակերպման հարմարավետ գոտի դարձնելու համար»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրանիկի 45 շենքի բակում խաղահրապարակի բացմանը հաջորդել է նաև Արցախյան ազատամարտում այդ թաղամասից զոհված 21 ազամարտիկներին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Շնորհավորելով Մալաթիա-Սեբաստիայի բոլոր բնակիչներին, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ բակերի համալիր բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա մի քանի տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply