Նամակ մշակույթի նախարարին. Արջերի քարանձավի մուտքը վնասվել է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 27, 2012 15:59

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին

Վերջին մի քանի օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Արջերի» քարանձավի մուտքը վնասված է, կան կոտրված սալիկներ և կարստային գոյացություններ, որին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարությունից հերքեցին այդ տեղեկությունները: Այդ մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Այնուամենայնիվ, մեր նախաձեռնությունը ս. թ. հուլիսի 25-ին այցելեց և տեղում պարզեց, որ նույն պատմությունը կրկնվել էր դեռևս մի քանի ամիս առաջ «Մոզրովի» քարանձավի պարագայում, երբ մենք հայտնաբերեցինք, որ «Մոզրովի» քարանձավի մուտքը բաց է և ահռելի քանակությամբ վնաս է հասցված կարստային գոյացություններին: Հետագայում ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարություն արվեց, որ այդ քարանձավի մուտքը փակվել է: Սակայն, ցավով պետք է արձանագրենք, որ առ այսօր «Մոզրովի» քարանձավի մուտքը բաց է և բացակայում է պետական և տեղական մարմինների վերահսկողությունը:

Ինչպես նշել ենք արդեն, երբ ս. թ. հուլիսի 25-ին մենք այցելեցինք «Արջերի» քարանձավ, հայտնաբերեցինք, որ ցանկացած անձ կարող է մուտք գործել քարանձավ, քանի որ երկաթյա ճաղավանդակով փակված մուտքի կողքի քարերը ուղղակի դարսված են իրար վրա և որևէ առարկայով ամրակցված չեն: Ընդամենը կես րոպեի ընթացքում կարելի է այդ քարերը հեռացնել և հանգիստ մուտք գործել քարանձավ: Իսկ քարանձավի ներսում մեզ պարզ դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարության այն պնդումները, թե քարանձավ վերջին հինգ ամիսների ընթացքում մարդ մուտք չի գործել, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նախկինում կոտրված գոյացությունների կողքին կային բազմաթիվ ջարդված թարմ գոյացություններ, որոնց բազմաթիվ կտորներ թափվել էին քարանձավի տարբեր սրահներում: Համոզվելու համար կարող եք դիտել նաև մեր տեսանկարահանումներն ու լուսանկարներն այս էջում.

Բարեբախտաբար, այս քարանձավի վիճակն այնքան էլ ցավալի չէր, ինչպես «Մոզրովի» քարանձավում էինք հայտնաբերել:

Մեր նախաձեռնությունը կարծում է, որ «Արջերի» քարանձավի պահպանության համար անհրաժեշտ է .

1. Սեղմ ժամկետներում ամրացնել «Արջերի» քարանձավի մուտքի դռան կողքի քանդված քարե պատն այնպես, որ իրականում հնարավոր չլինի այդտեղից մուտք գործել քարանձավ: Մեր կարծիքով, դրա համար մեծ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, սակայն, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ մեր պետական այրերն ամեն ինչ կապում են պետության ֆինանսական սուղ միջոցներ ունենալու հետ, հետևաբար մենք առաջարկում ենք մեր պատրաստակամությունն այդ աշխատանքներին աջակցելու հարցում:

 

2. Պետք է տեղադրել նոր կողպեք, որի բանալու մեկ օրինակը կլինի ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցչի մոտ, իսկ երկրորդը` ՀՀ անձավագիտական կենտրոնում: Այն անձինք կամ խմբերը, որոնք կցանկանան մուտք գործել քարանձավ, պարտավոր են ձեռք բերել ՀՀ մշակույթի նախարարությունից հատուկ թույլտվությունը և ուղեկցվեն համապատասխան փորձառություն ունեցող անձանց կողմից, որոնք կարող են լինել նույն անձավագիտական կենտրոնի անդամները:

3. Օգտվելով առիթից, խնդրում ենք Ձեզ միջոցներ ձեռնարկել նաև «Մոզրովի» քարանձավի քանդված տանիքը փակելու ուղղությամբ: Նախկինում մենք հայտնել էինք մեր ցանկությունն այդ աշխատանքներում ներգրավվելու մասին, սակայն որևէ արձագանք ՀՀ մշակույթի նախարարության կողմից չենք ստացել:

4. Անհրաժեշտ է կազմակերպել քննարկում համապատասխան մասնագետների հետ, ստեղծել աշխատանքային խումբ և կազմել միջոցառումների պլան, որով հնարավոր կլինի և հետագայում պահպանել բնության այս հրաշքները, և կանոնակարգել քարանձավներ այցելող անձանց ու խմբերի մուտքը:

Հուսով ենք , որ ՀՀ մշակույթի նախարարությունը ըմբռնումով կմոտենա մեր այս նամակին, կդրսևորի կառուցողական մոտեցում և կձեռնարկի քայլեր վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ, այլապես մենք կարող ենք կորցնել Հայաստանի բնության հրաշալիքները: Եկեք միասին գտնենք ճիշտ ճանապարհը բնության հուշարձանները պահպանելու, օգտագործելու և հետագա սերունդներին փոխանցելու համար:

 

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Դիտվել է 1710 անգամ:
Print Friendly

Leave a Reply