Քննարկվում է լցնովի պաղպաղակի շուկայի լինել-չլինելու հարցը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 27, 2012 15:39
Սննդի անվտանգության ծառայության տեսուչներն ուսումնասիրություններ են կատարում պաղպաղակի շուկայում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության մամուլի պատասխանատու Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ կան բազմաթիվ դեպքեր պահպանման պայմանների անհամապատասխանության առումով: «Դեռ պետք է պարզել՝ արդյոք իրացման ցա՞նցն է պատասխանատուն, թե արտադրող ընկերությունը: Պետք է պարզել նաև, արդյոք գրանցված խախտումները սննդի անվտանգության հե՞տ են կապված: Այժմ լաբորատոր փորձաքննության արդյունք դեռ չկա»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց Բ. Պիպոյանը: Ըստ նրա՝ իրացման ցանցում հետևյալ պատկերն է՝ կա պաղպաղակ, որի վրա մակնշված է անարատ կաթ, կա պաղպաղակ, որի վրա գրված է փոշի կաթ: «Երկուսն էլ նույն գնով սպառվում են շուկայում: Այն գնելուց առաջ սպառողը պետք է կարդա՝ ինչ է գնում»,- նշեց Բ. Պիպոյանը:
Ըստ նրա՝ պատկերն ավելի վատ է «լցնովի պաղպաղակի» շուկայում: «Լցնովի պաղպաղակի» հումքի գերակշռող մասը տնային պայմաններում է արտադրված: Չգիտենք անգամ հումքը որտեղից է ձեռք բերվել»,- նշեց Բ. Պիպոյանը:
Քանի որ անվտանգության ցուցանիշների շեղում է գրանցվում, տեսչությունը հումքն ամբողջությամբ ոչնչացնում է: Կասեցվում է արտադրության գործունեությունը: Սակայն հումքը ոչնչացնելու հաջորդ օրը մարդիկ նորից ապօրինի սկսում են լցնովի պաղպաղակ արտադրել, որի վաճառքը կրկին չի համապատասխանում սանիտարական պահանջներին. վաճառողը մի ձեռքով ծխախոտ է ծխում, մյուսով առանց անձեռոցիկի պաղպաղակ լցնում-վաճառում: Բ. Պիպոյանի խոսքով՝ լցնովի պաղպաղակի շուկայում պետք է համակարգային լուծում: Թեև սահմանվում է տուգանք (ֆիզիկական անձանց դեպքում սկսվում է 30 հազար, իրավաբանական անձանց դեպքում՝ 50 հազար դրամից), սակայն տեսչության նպատակը ոչ թե տուգանելն է, այլ խնդիրը լուծելը:
Այդ պատճառով Բ. Պիպոյանի խոսքով՝ տեսչությունը սկսել է քննարկել «լցնովի պաղպաղակի» շուկայի լինել-չլինելու հարցը. «Քննարկում ենք՝ արդյոք խնդիրը լուծելու տարբերակը համարե՞նք պարզապես լցնովի պաղպաղակի շուկա չունենալը: Չենք ցանկանում, բայց հավանաբար ստիպված լինենք դիմել այդ քայլին»:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն






Facebook
Tweet This
Email This Post
