Այսօր Լոնդոնում կմեկնարկեն 30-րդ օլիմպիական խաղերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 27, 2012 14:27

Լոնդոնի օլիմպիական մարզադաշտում հուլիսի 27-ին պաշտոնապես կմեկնարկեն Լոնդոնի 30-րդ օլիմպիական խաղերը:

Օլիմպիադայի բացման արարողությունը կսկսվի հուլիսի  27-ին, Երևանի ժամանակով կեսգիշերին և կտևի շուրջ երեք ժամ: Օլիմպիադային կմասնակցեն աշխարհի 204 երկրների 10 հազարից ավելի մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանի 25 մարզիկները: Լոնդոնում Հայաստանը կներկայացնեն յոթ ըմբիշներ, վեց ծանրորդներ, չորս աթլետներ, երկուական ձյուդոյիստներ և լողորդներ, մեկական թհեքվոնդիստ, բռնցքամարտիկ, հրաձիգ և մարմնամարզիկ:

Հայ մարզիկներից առաջինը մրցասպարեզ դուրս կգան ձյուդոյիստ Հովհաննես  Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և հրաձիգ Նորայր Բախտամյանը: Նրանց մրցելույթները հուլիսի 28-ին են:

Լոնդոնի խաղերի մեդալներն օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենածանրն են` 400 գրամ: Մեդալների վրա պատկերված են հաղթանակի աստվածուհի Նիկան, Լոնդոնի խաղերի խորհրդանիշը և Թեմզա գետը: Օլիմպիական խաղերի բյուջեն 10 միլիոն ֆունտ ստերլինգ է:

Հոբելյանական օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կլինեն մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ներկայացնում ենք Հայաստանիմարզիկներին և մարզիչներին ըստ մարզաձևերի.

1. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝  66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյան, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյան, 96կգ քաշային Արթուր Ալեքսանյան, 120 կգ քաշային Յուրի Պատրիկեև, մարզիչներ՝ Լևոն Ջուլֆալակյան, Սամվել Գևորգյան, Գևորգ Ալեքսանյան:

2.Ազատ ոճի ըմբշամարտ՝  55 կգ քաշային Միհրան Ջաբուրյան, 88 կգ քաշային Դավիթ Սաֆարյան, 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմահոմեդով, մարզիչ՝ Արայիկ Բաղդադյան:

3. Ծանրամարտ՝  ծանրորդներ` 69 կգ քաշային Առաքել Միրզոյան, 77 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյան, 85 կգ քաշային Արա Խաչատրյան, 94 կգ քաշային Նորայր Վարդանյան, մարզիչներ` Պողոս Պողոսյան, Փաշիկ Ալավերդյան:

Շանրորդուհիներ՝  69կգ քաշային Մելինե Դալուզյան, 75 կգ ավելի քաշային Հռիփսիմե Խուրշուդյան, մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան:

4. Աթլետիկա՝  Վարդան Փահլևանյան և Արսեն Սարգսյան՝ հեռացատկ, Մելիք Ջանոյան և Քրիստինե Հարությունյան՝ նիզակի նետում, մարզիչ՝ Սիրեկան Ջանոյան:

5. Ձյուդո ՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 66 կգ քաշային Արմեն Նազարյան, մարզիչ՝ Ադրիան Կրիոտառու:

6. Բռնցքամարտ՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյան, մարզիչ՝ Կարեն Աղամալյան

7. Հրաձգություն՝  Նորայր Բախտամյան, մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան:

8. Թհեքվոնդո՝  80կգ քաշային Արման Երեմյան, մարզիչ՝ Արամ Սահակյան:

9. Մարմնամարզություն՝ Արթուր Դավթյան, մարզիչ՝ Սոս Սարգսյան:

10. Լող՝  Միքայել Քոլոյան, Անահիտ Բարսեղյան:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի` ՀԱՕԿ-ի նախագահն Է Գագիկ Ծառուկյանը: Լոնդոնում ՀՀ մարզական պատվիրակության շեֆ միսիան է ՀՀ ազգային օլիմպիական կոմտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Լոնդոն են մեկնել ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ-ի պատվավոր նախագահ, Լոնդոնի խաղերի մասնակիցների շքերթին ՀՀ պատվիրակության դրոշակակիր, օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ  Ազարյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Արմեն Շահազիզյանը, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և ուրիշներ:

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply