Գրիգոր Մուրադյան. «Անհրաժեշտ են լուրջ համակարգային, հիմնարար փոփոխություններ»

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 27, 2012 12:32

Պատժից պայմանական վաղակետ ազատելու ընթացակարգը պետք է լինի կանխատեսելի,  թափանցիկ,  մատչելի  դատապարտյալների համար: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց, որ խնդիրն ընդգրկվել է ՀՀ իրավական ու դատական բարեփոխումների 2012-16թթ. ռազմավարական ծրագրում:

«Պետք է հնարավորինս բացառել կամայականությունները, դրա համար անհրաժեշտ են լուրջ համակարգային, հիմնարար փոփոխություններ», – ասաց փոխնախարարը, պարզաբանելով, որ փոփոխություններն առնչվելու են, մասնավորապես,   այդ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների լիազորություններին, հանձնաժողովների գործունեության ընթացակարգերին: «Մենք պետք է ամրագրենք այնպիսի նաև հնարավոր հակակշիռներ այդ գործունեությանը, մասնավորապես, նաև համընդգրկուն վերահսկողության տեսքով, այսինքն՝ դատական վերահսկողության, որպեսզի հանձնաժողովների որոշումները իրականում լինեն հիմնավոր»,- նշեց Գրիգոր Մուրադյանը, ընդգծելով, որ հանձնաժողովների  գնահատումը պետք է խարսխված լինի հստակ սահմանված չափանիշների վրա և իրականացվի արդարության պահանջների պահպանմամբ: «Եթե այդ խնդիրը լուծվի, ըստ էության,  հանձնաժողովների գործունեությունը կդառնա առավել արդյունավետ և ըստ էության այդ սոցիալական դժգոհությունները էապես կնվազեն»,- ասաց ՀՀ արդարադատության առաջին փոխնախարարը:

Գրիգոր Մուրադյանը ըստ էության չի կիսում  փաստաբանների  մտահոգությունն առ այն, որ հիշյալ  հանձնաժողովները գլխավորում են փոխոստիկանապետերը՝ մեծամասամբ  գործերը քննող, անձին ձերբակալելու որոշում  կայացնող և  կալանավորելու համար դատարանում միջնորդությամբ հանդես եկող մարմնի ներկայացուցիչները,   ինչը թույլ չի տալիս պահպանել օբյեկտիվությունը: «Խնդիրն  այդքան կազմը  չէ, որքան հանձնաժողովի գործունեության երաշխիքներն ու  ընթացակարգերն են, որոնք ստիպում են նաև,  որպեսզի մարդիկ գան եզրահանգումների, որ ինքնին կազմն է խանգարում, խոչընդոտում: Կազմն էլ,  անշուշտ,  կարևոր է, բայց հավատացնում եմ, որ հստակ, արդար ընթացակարգերի պարագայում որոշակի հստակ չափանիշների առկայությամբ  կազմը չի ունենա որոշիչ դերակատարություն, որովհետև հնարավոր չի լինի,  ըստ էության,  կամ շատ դժվար կլինի շրջանցել կամ ոտնահարել օրենքի պահանջները»: Փոխնախարարը միաժամանակ հավելեց, որ «մտորելու տեղիք տալիս է փաստաբանների մտահոգությունը,  և այդ ուղղությամբ նույնպես պետք է  մտածել, անկասկած»:

Այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է այդ գործընթացները դարձնել ավելի հրապարակային, փոխնախարարը նկատեց, որ «հրապարակայնություն այնքանով, որքանով դատապարտյալի շահերից բխում է,  նաև հանձնաժողովի արդյունավետ գործունեության շահերից է բխում»: Միաժամանակ  նա ընդունեց, որ հանրության «որոշակի մասնակցություն,  ինչու չէ,  հանրային վերահսկողությունն այստեղ անհրաժեշտ է»:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply