Օլիմպիական խաղերի բացմանը Երևանում կհետևեն Սիրահարների այգու մեծ էկրանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 11:30

Այս գիշեր ամբողջ աշխարհի ուշադրությունն ու հայացքն ուղղված կլինի դեպի Լոնդոն, ուր պատմության մեջ արդեն երրորդ անգամ կմեկնարկեն ամառային Օլիմպիական խաղերը:

205 երկրների մոտ 15,000 մարզիկներ և միլիոնավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու 30-րդ Օլիմպիադայի բացման արարողությանը և դրան հաջորդող մարզական  միջոցառումներին:

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կնշի այս գեղեցիկ իրադարձությունը Սիրահարների այգում այսօր ժամը 23:00-ին: Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն դիջեյ Հակոբի կողմից հատուկ պատրաստված բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը:

Սրանով սկսվում է Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կապակցությամբ Բրիտանական դեսպանատան կողմից նախատեսված միջոցառումների երկրորդ շրջանը:

Շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին Միացյալ թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը կայցելի Երևանի ծննդատներից մեկը և հատուկ  Օլիմպիական նվերներ կմատուցի խաղերի բացման ժամին ծնված երեխաներին: Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը նվերներ կհանձնի Օլիմպիադայի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին:

Օգոստոսին ևս Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունն իր գործընկերների հետ նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի կապակցությամբ:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկին հաշված ժամեր են մնացել,  իսկ Երևանում Բրիտանական դեսպանատունը շարունակելու է իր հետաքրքիր նախաձեռնությունների շարքը:

 

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply