Հուլիսի 27-ին ՄԱԿ-ի ՄԻԿ-ը կներկայացնի Հայաստանի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումները

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 26, 2012 16:09

Հուլիսի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, հուլիսի 16-ին և 17-ին կայացած հերթական ուսումնասիրությունների հիման վրա, կներկայացնի Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումները: Կընդունվեն Հայաստանի վերաբերյալ կոմիտեի եզրակացություններն ու առաջարկությունները:

Հայաստանը` ի թիվս Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին միացած 167 պետությունների, ենթակա է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից պարբերական ստուգումների: Շվեյցարիայում գումարված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 105-րդ նստաշրջանում 18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ ծավալեց քննարկում` Հայաստանում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության վերաբերյալ:

Հայաստանի կառավարության անունից ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրեց մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի, իրականացված օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ-ի կողմից ձեռնարկված ու նախատեսվող քայլերի վերաբերյալ զեկույցը: Սեփական զեկույցներով հանդես եկան նաև մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ:

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի և ոստիկանության ներկայացուցիչները:

Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին հայտնեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից, Հայաստանի ազգային զեկույցի շրջանակներում քննարկվել են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի իրականացման սահմանադրական և իրավական խնդիրները: Դրանք են, մասնավորապես, ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքին, փոքրամասնությունների իրավունքներին ու տղամարդու և կնոջ միջև հավասարությանը, կյանքի իրավունքին, խոշտանգումներին, ինչպես նաև դաժան, անմարդկային կամ ստորացնող վերաբերմունքին, անձանց թրաֆիքինգի արգելքին և կալանավայրերի պայմաններին, ազատության և արդար դատաքննության իրավունքին, դատական համակարգի անկախությանը, խոսքի ազատությանը, խաղաղ ցույցերի իրավունքին ու համագործակցելու ազատությանը, փախստականներին, ապաստան փնտրողներներին ու ներքին տեղահանված անձանց, խղճի և դավանանքի ազատությանը՝ այդ թվում զինծառայությունից հրաժարվելու իրավունքին, քվեարկելու և հասարակական կյանքին մասնակցելու իրավունքին վերաբերող հարցեր:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply