Սվարովսկի պրագմատիկի ստեղծած կախարդական աշխարհը
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | August 13, 2012 7:00
Դանիել Սվարովսկին փառքի է արժանացել իր հնարամտության ու պարկեշտության շնորհիվ` առաջին անգամ ադամանդները փոխարինելով բյուրեղով:
Հաջողությունը ցնցող էր. նոր քարերը մեծ համբավ են վայելում նրա ժամանակակիցների շրջանում:
Իսկ իրականում համաշխարհային ճանաչում ունեցող ոսկերիչը երազում էր ջութակի մասին
Հյուսիսային Բոհեմիայի Գերոգենթալ գյուղում` Սվարովսկի ընտանիքում 1862 թ. հոկտեմբերի 24-ին ծնվեց մի տղա, որին կոչեցին Դանիել: Շատ հին ժամանակներում ծայրամասային հողերը պատկանում էին Ավստրո-Հունգարիային ու հռչակված էին բյուրեղապակու վարպետներով:
Այդ գործի վարպետն էր նաև Դանիելի հայրը. նա ապակու մշակման մի փոքր արհեստանոց ուներ, որը, սակայն, այնքան էլ եկամտաբեր չէր: Պատանին լավ գլուխ էր հանում արհեստանոցի գործերից, սակայն երազում էր իսկական երաժիշտ, այն էլ ջութակահար դառնալու մասին: Սակայն երազանքն իրականություն դարձնել չհաջողվեց, ու նա ուղևորվեց Փարիզ` սովորելու:
Այստեղ նա մի անգամ այցելեց էլեկտրականության համաշխարհային ցուցահանդես, ինչն էլ նրա համար դարձավ ճակատագրական: Դարաշրջանի գիտական ձեռքբերումներն ու գյուտերը ցնցեցին պատանու երևակայությունը, որը պարզ պատկերացնում էր, թե ինչպես կարելի է հոսանքը կիրառել անթերի հարթ մակերեսով ապակի ստանալու համար:
Մի քանի տարի պահանջվեց, որ Դանիելը ստեղծեր առաջին էլեկտրական ապակի հղկելու մեքենան: 10 տարի օրնիբուն, առանց դադար առնելու նա տքնեց իր հաստոցի վրա և 1891-ին ներկայացրեց իր ստեղծագործությունն ու արտոնագրեց այն: Եվ երբ որոշեց սեփական գործը սկսել, տեղափոխվեց Ավստրիա` Վատտենս:
Այստեղ էլ 1895-ին Դանիելի ու նրա ֆրանսիացի ընկերոջ ջանքերով ստեղծվեց «բյուրեղապակյա» ադամանդների պատրաստման ֆաբրիկան` D.S. & Co-ն (Դանիել Սվարովսկի և ընկերություն):
Հենց այստեղ են ստեղծվել ադամանդներից գրեթե չտարբերվող առաջին բյուրեղները, որոնք զգալիորեն էժան էին ու հասանելի բնակչության տարբեր խավերին: Արդեն XX դարասկզբին ընկերությունը հազիվ էր հասցնում կատարել բոլոր պատվերները, որոնք, ի դեպ, գալիս էին ողջ աշխարհից: Աստիճանաբար արտադրանքը սկսեց պարզապես կոչվել Swarovski:
Նա կարողացավ վերադարձնել փայլուն քարերի (ստրազ) երբեմնի փառքը, որոնք արտադրում էր իր նախորդը` Ժորժ Ստրասը: Այժմ արդեն ողջ աշխարհին հայտնի քարերը այլևս չէին համարվում կեղծ թանկարժեք քարեր, քանի որ դրանք տեղ զբաղեցրին այդ քարերի կողքին, ոչ թե փոխարեն:
Բրենդի ակունքների մոտ
Սվարովսկու ստեղծագործությունն անհավանական հռչակ է ձեռք բերում, պատվերներ են գալիս ողջ Եվրոպայից, իսկ Սանկտ Պետերբուրգում Սվարովսկու արտադրանմուշն ունենալը ճաշակի ու ոճի վկայություն էր:
Այդ ամենը հանգեցրեց արտադրության ընդլայնման ու ֆաբրիկայում լրացուցիչ 200 աշխատատեղի ստեղծման: Ֆաբրիկան արդեն ընտանեկան գործ էր, որում աշխատում էին Դանիելի երեք որդիները: Սվարովսկին փորձում էր բյուրեղապակու ստացման նոր տեխնիկա մշակել նրանց հետ:
Ոսկերչական արվեստի համար իսկական փորձություն էր Առաջին համաշխարհային պատերազմը, այն խանգարեց, որ Swarovski «ադամանդները» հայտնվեին ամերիկյան շուկայում: Այս ժամանակ է, որ հայտնվում է Tyrolit դուստր ձեռնարկությունը (որն ի դեպ աշխատում է մինչ օրս) և սկսում սրող ու հղկող հաստոցների արտադրությունը:
20-ականներին աշխարհը խաղաղ էր, և ֆաբրիկան կրկին իր ուժերն ուղղեց արդեն նոր տեխնոլոգիայով բյուրեղապակու արտադրությանը: Դա հնարավորություն տվեց Սվարովսկուն դառնալու տվյալ շուկայի առաջատարը. նրան արժանի մրցակից չկար: Համբավն էլ ավելի մեծացավ, երբ Սվարովսկի արտադրանքը հայտնվեց համաշխարհային ճանաչում ունեցող Կոկո Շանելի հանդերձանքներում:
Անկեղծ ու ազնիվ Սվարովսկին, այնուամենայնիվ, բյուրեղապակուն ադամանդի փայլ հաղորդելու իր արտոնագրված գաղտնիքն ուներ, որն այսօր էլ է գաղտնիք: Կարծիք կա, որ քարերի անկրկնելի փայլն ու նմանությունը ադամանդներին ստացվում է յուրօրինակ հղկման ու նաև արճիճի կիրառման շնորհիվ. մի տեխնոլոգիա, որին միայն այս ֆաբրիկայում են կատարելապես տիրապետում:
1929-ին ընկերությունը ներկայացրեց ավտոմեքենաների անդրադարձնող ապակիների մի ամբողջ տեսականի` Swareflex անվանումով: Որոշ ժամանակ անց արդեն ստեղծվեց օպտիկական սարքերի շարք, այդ թվում` բինոկլ: Ու կրկին պատերազմ` Երկրորդ համաշխարհայինը:
Swarovski բրենդն արդեն հայտնի էր ԱՄՆ-ում, ինչն ընկերությանը հնարավորություն էր տալիս էլ ավելի մեծ ծավալով շարունակելու գործունեությունը: Ըստ երևույթին, քաղաքականությունը չի տարածվում ոսկերչության վրա. չնայած Ավստրիան Գերմանիայի կողմից էր, արտադրանքի տարածումը դրանից չէր նվազում: Պատերազմից հետո հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ, անհատական պատվերներ էին լինում աշխարհի բոլոր ծայրերից:
Դանիել Սվարովսկին իր ողջ կյանքում ամրապնդում էր գործն ու մշտապես զբաղվում նոր տեխնոլոգիաների մշակմամբ. նա իր հմտություններն ու գիտելիքները փոխանցեց որդիներին: Ընտանեկան գործն այսօր էլ հաջողությամբ շարունակում է ծաղկել, չնայած նրա հիմնադիրը` Դանիել Սվարովսկին, մահացել է 1956-ին: Այս գործում մեծ ներդրում ունի Դանիելի թոռ Մանֆրեդ Սվարովսկին, որը հայտնագործեց բյուրեղապակուց գունավոր բյուրեղներ ստանալու տեխնոլոգիան, ինչն իսկական գյուտ էր ոսկերչության մեջ: Նոր քարերը սկսեցին կիրառել առաջին դասի զարդարանքների ստեղծման մեջ, որոնք, ի դեպ, մատչելի էին միայն ամենաունևոր դասին:
Ընկերությունը սկսեց նաև ջահերի ու հուշանվերների, փոքրիկ արձանիկների արտադրություն (1976 թ.), որոնք մասնավոր հավաքածուների զարդարանքներ էին: Շուտով Swarovski հավաքորդների մի ամբողջ ակումբ է ստեղծվում, որում հաշվվում է աշխարհի 500 հազար անդամ:
Swarovski-ն ու ժամանակը
Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդը շատերին հանգիստ չի տալիս: Պարբերաբար փորձեր են արվում Սվարովսկու գաղտնիքը բացահայտելու ուղղությամբ: Օրինակ` կարծիք կա, որ բյուրեղապակու անկրկնելի փայլը ստացվում է արճիճի օքսիդի կիրառմամբ, որի խտությունը կազմում է 32%: Սակայն ընկերության սահմաններից դուրս բյուրեղապակու հղկման ու մշակման նման վարպետության դեռևս ոչ մի մարդու չի հաջողվել հասնել:
Ընկերության յուրաքանչյուր աշխատակից գնահատում ու պահպանում է Սվարովսկու մշակած տեխնոլոգիայի հմտությունները: Այդ նպատակով համաշխարհային հավաքածուների համար հերթական ստեղծագործությունն արարելուց հետո ողջ տեղեկությունն անմիջապես ոչնչացվում է, ինչը նմանատիպ մեկ այլ քանդակի ստեղծումը դարձնում է անհնար: Բոլոր սարքավորումներն ու հաստոցները ստեղծվում են տեղում. դա ևս մեկ ավանդույթ է, որը ներմուծել է հանրահայտ բրենդի հեղինակը:
Հիասքանչ նվեր է եղել ընկերության հոբելյանի առթիվ ստեղծված Swarovski թանգարանը, որն իսկական բյուրեղապակյա քարանձավի է նման, որտեղ էքսկուրսիաներ են անցկացվում: Այս քարանձավի գլխավոր ցուցանմուշը Swarovski հսկայական բյուրեղն է, որի նմանը չկա ողջ աշխարհում: Այն 62 կգ է կշռում, տրամագիծը 40 սմ է, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենամեծ բյուրեղ: Թանգարանում նաև շատ փոքր ցուցանմուշներ կան, օրինակ` 0,8 մմ-անոց:
Ներկայումս ընկերությունը ողջ աշխարհում արտադրվող որակյալ բիժուտերիայի քարերի 80%-ի մատակարարն է: Swarovski նստավայրն առաջվա պես գտնվում է Վատտենսում, որտեղ հիմնավորվել էր Դանիել Սվարովսկին: Ըստ երեք տարվա վաղեմության տվյալների` Swarovski ընկերությունում աշխատում է 22,5 հազար մարդ: Այն այսօր էլ մասնավոր ընկերություն է, որը ղեկավարում են Դանիելի ժառանգներն ու շարունակում են հռչակավոր պապի գործը, ինչն այսօրվա պայմաններում անսովոր ավանդույթ է կարծես:
Նախանձել կարելի է. քանի սերունդ է փոխվել այս տարիներին Swarovski ընկերությունում, սակայն նրանցից յուրաքանչյուրը հարգում է Դանիել Սվարովսկու հիշատակն ու լուռ պահպանում նրա գաղտնիքները:






Facebook
Tweet This
Email This Post
