Ի՞նչ է պատիժը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | August 19, 2012 7:50

Քրեական իրավունքում «հանցագործություն» և «պատիժ» հասկացությունների դիալեկտիկական կապը դրսևորվում է իտալացի հոգեբույժ Չեզարե Լոմբրոզոյի «Կա հանցագործություն, կա պատիժ, չկա հանցագործություն, չկա պատիժ» դրույթում: Իր ձևակերպումը «պատիժ» հասկացությունն առաջին անգամ ստացել է Ֆրանսիայի 1789 թ. ընդունված Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում:

ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունվել է 2003 թ. ապրիլի 18-ին, ուժի մեջ է մտել 2003 թ. օգոստոսի 1-ին) 48-րդ հոդվածում ձևակերպված է պատիժ հասկացությունը, այն է` «պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի վճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ»:

Պատիժը որպես հարկադրանքի միջոց բնորոշելը հավաստում է այն փաստը, որ այն նշանակվում է միայն դատարանի վճռով և պետության անունից: Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պետության անունից կայացված և որոշակի պատիժ նախատեսող մեղադրական դատավճիռը, ըստ էության, հանցագործությանը և հանցագործին պետության կողմից տրված պաշտոնական սոցիալ-բարոյական բացասական գնահատականն է:

Պատիժը, ի տարբերություն հարկադրանքի այլ միջոցների, առաջացնում է յուրահատուկ իրավական հետևանք՝ դատվածություն, որը մարվում է կամ կարող է հանվել քրեական օրենքում նշված որոշակի պայմանների ուժով:

Պատժի հաջորդ տարրը պատիժը կրող անձն է: Պատիժը ցանկացած պարագայում կրում է խիստ անձնական բնույթ: Այն նշանակվում է միայն հանցագործության մեջ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձի նկատմամբ:

Պատժի վերջին տարրը վերաբերում է նրա բովանդակությանը: Պատիժը միշտ կապված է դատապարտյալի իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ, այն պատճառում է բարոյական զրկանքներ և զրկում է որոշակի բարիքներից, օրինակ՝ ազատությունից, գույքային իրավունքներից և այլն: Հետևաբար, պատիժն իր օբյեկտիվ բովանդակությամբ հատուցումն է կատարված հանրորեն վտանգավոր արարքի համար, իսկ պատժի խստությունը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորությանը, ինչպես նաև դատապարտյալի անձին:

ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածում թվարկված են պատժի տեսակները: Դրանք են՝

  1. տուգանքը,
  2. որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը,
  3. հանրային աշխատանքները,
  4. հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը,
  5. գույքի բռնագրավումը,
  6. կալանքը,
  7. կարգապահական գումարտակում պահելը,
  8. ազատազրկումը որոշակի ժամկետով,
  9. ցմահ ազատազրկումը:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Դիտվել է 4077 անգամ:
Print Friendly

Leave a Reply