ԿՈՄՍ ՎԱԼԵՐԻԱՆ ՄԱԴԱԹՈՎ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 15, 2012 7:00

Վալերիան (Ռոստոմ) Գրիգորի Մադաթյանը ծնվել է 1782 թ. մայիսի 18-ին Արցախի Ավետարանոց գյուղում: Ավետարանոցը Վարանդայի մելիքության կենտրոնն էր: Ապագա կոմսի և անվանի հրամանատարի հայրը` Գրիգոր Մադաթյանը` Մեհրաբենց Գյուքին, համաձայն Րաֆֆու, Վարանդայի մելիք Շահնազար Երկրորդի ջորեպանն էր: Մադաթովը ապագա զորավարի և կոմսի մոր օրիորդական ազգանունն էր:

Մի անգամ անտառում որսի ժամանակ արջը հարձակվում է մելիք Շահնազարի վրա, և նրան փրկում է հենց նրա ջորեպանի պատանի տղան` Ռոստոմը, որը դրանից հետո դառնում է մելիքի հոգեզավակը: Եվ երախտապարտ մելիքը նրան ազնվականի տիտղոս է շնորհում, որն էլ հետագայում ճանապարհ է բացում ապագա զորավարի համար դեպի ռուսական բարձր դասի ազնվականություն:

Մադաթովը արցախցի մելիքների շքախմբի հետ մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Այստեղ նա ցանկացավ սովորել ռազմական գործը և ծառայության անցնել ռուսական բանակում: Սակայն նրան մերժեցին, քանի որ ազնվական չէր: Եվ օգնության հասավ մելիք Ջումշուդ Մելիք Շահնազարյանը և տեղեկանք տվեց պատանու ազնվական ծագման մասին: Օգնության հասան նաև արքեպիսկոպոս, հայոց ազգային ազատագրական պայքարի կազմակերպիչներից արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը, որոնք, օգտագործելով իրենց ազդեցությունն ու կապերը, ընդառաջեցին երիտասարդին, և Մադաթովը ենթասպայի զինվորական աստիճանով ծառայության անցավ ռուսական բանակում:

Մադաթովը Պետերբուրգում իջևանեց հենց Լազարևի (1735 – 1801) տանը, և վերջինս ողջ կյանքում պատանու հովանավորը եղավ: Պետերբուրգում էլ Մադաթովն ամուսնացավ. կինը` Սոֆյա Ալեքսանդրովնա Մադաթովան (1787-1875) Ելիզավետա Ալեքսանդրովնա կայսրուհու նաժիշտն էր:

Մարտական մկրտություն Մադաթովը ստացավ 1809 թ., երբ Դունայի ափին Բրիալով ամրոցի գրավման ժամանակ ցուցաբերած քաջության համար պարգևատրվեց «Խիզախության համար» մեդալով: Հայազգի գեներալ Բագրատիոնի հրամանատարության տակ Մադաթովը սկսեց իր մարտական փայլուն ճանապարհը: Հենց սկզբից նա մարտերում աչքի ընկավ խիզախությամբ ու համառությամբ: Նրա քաջության համբավը տարածվեց ողջ ռազմաճակատում:

Արդեն 1810 թ. նրան շնորհվեց հեծելազորային փոխգնդապետի կոչում, միաժամանակ ցուցաբերած արիության համար պարգևատրվեց Գեորգիևյան 4-րդ աստիճանի խաչով:

Սկսված Հայրենական պատերազմը մեծ հեռանկարներ բացեց Մադաթովի առաջ: Պատերազմի սկզբից նա առաջին գծում էր:

Նրա հեծելազորն աչքի ընկավ հատկապես պատերազմի երկրորդ փուլում, երբ նապոլեոնյան բանակը նահանջում էր Ռուսաստանից: Մադաթովի հեծելազորը արագ հարվածներով ջախջախում էր թշնամու ջոկատները, կտրում նրանց նահանջի ուղին, գերում հազարավոր թշնամիների: Այս մարտերում ցուցաբերած քաջության համար նա կայսր Ալեքսանդր Առաջինի կողմից պարգևատրվեց ադամանդակուռ սրով և ստացավ գնդապետի զինվորական աստիճան: Իսկ երբ նա գերի վերցրեց ֆրանսիական գեներալ Նեստիցի զորասյունը, ստացավ նաև Գեորգիևյան 3-րդ աստիճանի շքանշան:

Առհասարակ նա հայտնի էր իր աննկուն քաջությամբ ու անկոտրում կամքով: Լայպցիգի մեծ ճակատամարտում Մադաթովը չլքեց մարտադաշտը անգամ վիրավորվելուց հետո: Ռուսական բանակի հաղթանակը ապահովվեց նաև Մադաթովի ղեկավարած զորամիավորման հմուտ գործողությունների շնորհիվ: Լայպցիգի ճակատամարտից հետո ռուսական Գլխավոր շտաբը Մադաթովին շնորհեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

Ավանդույթը պատմում է, որ մարտի ամենաթեժ պահին նա դեմ դիմաց հանդիպել է իր հայրենակցին` ֆրանսիական զորքերի մարշալ, Նապոլեոնի փեսա և Նեոպոլիտանիայի թագավոր Հովակիմ Մյուրատին… Երկու հայորդիները, որ այդ պահին վճռում էին աշխարհի ճակատագիրը, կանգնում են դեմ դիմաց, նայում իրար աչքերի մեջ ու արտասվելով հեռանում…

Հայրենական պատերազմի ավարտին Մադաթովը ռուսական էքսպեդիցիոն կորպուսի կազմում գտնվում էր փարիզում:

Շուտով նա հայտնվեց հայրենի Արցախում, քանզի Պետերբուրգի հրամանով նշանակվեց Ղարաբաղի խանության, Շիրվանի ու Նուխիի տարածքում գործող զորքերի հրամանատար:

Կովկասում, որպես կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Երմոլովի օգնական, Մադաթովը մնաց ավելի քան 10 տարի: Պետք է նշել, որ անբասիր ծառայելով ռուսական կայսրությանը` Մադաթովը որոշ առումներով հեռացավ իր հայրենի արմատներից: Արցախի մելիքները նրա հետ մեծ հույսեր էին կապում և իրենց ողջ ներուժով աջակցեցին ռուսական զենքի, մասնավորապես` Մադաթովի հաղթանակներին: Սակայն, գրավելով Արցախը, երախտամոռ հայորդին չօգտագործեց իր ազդեցությունն ու ուժը` այնտեղից վտարելու իր ժողովրդի ոխերիմ թշնամուն` Իբրահիմ խանին, և Արցախի իշխանությունը մնաց հայակեր խանի ձեռքին:

Մադաթովի հետ կապված հետաքրքիր ավանդություն է պահպանվել ժողովրդի մեջ: Ասում են` գալով Արցախ, հայրենի գյուղ` մի առավոտ զարթնում է և հորը խնդրում, որ ջուր լցնի ձեռքերին` լվացվելու համար: Հայրը լցնում է: Սրբվելուց հետո կոմսն ասում է հորը. «Հիշո՞ւմ ես, ինձ միշտ ասում էիր, թե մարդ չես դառնա: Տեսա՞ր` ուր հասա»: «Էլի չես դառել… Որ մարդ լինեիր, իմ տարիքի ծերունուն կասեի՞ր` ջուր լցրու ձեռքիս…»:

Լինելով ճկուն մտքի տեր, հեռատես ու քաջ զինվորական` նա միաժամանակ լավ գիտեր կովկասյան բարքերը, սովորույթները, լեզուն և որպես այդպիսին` ուղղակի անփոխարինելի էր ռուսական հրամանատարության համար: Կովկասում ծառայության ժամանակ նա փաստորեն իր ձեռքում էր կենտրոնացրել նաև տեղի քաղաքացիական իշխանությունը:

1818 թ. նա գեներալ Երմոլովի առաջադրանքով խեղդեց չեչենական ապստամբությունը հենց նախնական փուլում և մի քանի շաբաթում նվաճեց ողջ Կովկասը:

Մադաթովը լավ դիվանագետ լինելու հետ մեկտեղ նաև լավ տնտեսվար էր. իրեն հանձնված տարածքներում հոգ էր տանում տնտեսության զարգացման, առևտրի, ապրանքաշրջանառության, ճանապարհների և կամուրջների շինարարության մասին: Նրա կառավարման տակ հանձնված տարածքներում մարդիկ իրենց ապահով ու պաշտպանված էին զգում: Ժամանակակիցներից մեկը գրել է, որ առաջին անգամ Արցախում կինը կարող էր տնից ապահով դուրս գալ` իր հետ կրելով իր զարդերը:

1826 թ. սկսված ռուս-պարսկական պատերազմը նոր փառք բերեց Մադաթովին: Պատերազմի հենց սկզբից նա կարողացավ փոքրաթիվ ջոկատով ջախջախել Աբաս Միրզայի մեծաթիվ զորքը` Շամխորի մոտ արգելելով պարսիկների մուտքը Վրաստան: Այս պատերազմում Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Պասկևիչի հարվածային ուժը, փաստորեն, հենց Մադաթովի հրամանատարությամբ գործող զորախումբն էր: Միայն Մադաթովի անունը սարսափ էր տարածում պարսիկների մեջ: Մի անգամ ճակատամարտից առաջ պարսիկները հրետանային կրակ են բացում ռուսական դիրքերի վրա: Մադաթովի համհարզը, դիմելով գեներալին, ասում է. «Ձեզ տեսնում են, քողարկվեք»: «Ավելի լավ, որ տեսնում են, ուրեմն շուտով կփախչեն»,-եղավ պատասխանը:

1826 թ. Մադաթովին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում: Սակայն շուտով վատացան Մադաթովի և Պասկևիչի հարաբերությունները, և հայազգի գեներալը, չկամենալով ծառայել նրա հրամանատարության տակ, դիմեց Գլխավոր շտաբին խնդրանքով, որ իրեն տեղափոխեն Բալկանյան ճակատ: Շուտով նա Գլխավոր շտաբի հրահանգով տեղափոխվեց Բալկանյան ճակատ, ուր  աչքի ընկավ թուրքերի հետ բազմաթիվ ճակատամարտերում:

Այս պատերազմը ավելի հյուծեց թոքախտով հիվանդ Մադաթովին, սակայն նա չլքեց մարտադաշտն անգամ առողջական վիճակի ծայրահեղ բարդացման ժամանակ:

1829 թ. սեպտեմբերի 2-ին Թուրքիան անձնատուր եղավ, և Ադրիանապոլսում հաշտություն կնքվեց: Սեպտեմբերի 4-ին Մադաթովը 48 տարեկան հասակում կնքեց մահկանացուն: Նա մահացավ Շումլայի ամրոցում, որը մի քանի օր անց ընկավ թուրքերի ձեռքը: Նրա նկատմամբ տածած հարգանքի շնորհիվ Հուսեյն փաշան զինադադար հայտարարեց և բացելով ամրոցի դարպասները` թույլատրեց, որ Մադաթովի մարմինը թաղեն ամրոցում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու հարակից գերեզմանոցում:

Հետագայում այնտեղ թաղվեց նաև Մադաթովի կինը` Սոֆյա Ալեքսանդրովան: Սակայն մի քանի տարի անց Նիկոլայ Ա կայսեր հրամանով Մադաթովի և կնոջ աճյունները տեղափոխվեցին Պետերբուրգ և ամփոփվեցին Ալեքսանդր Նևսկի մայրավանքում:

Ռուսական արքունիքը առատորեն վարձահատույց է եղել հայազգի իշխանի ծառայությունների դիմաց. Ալեքսանդր Նևսկու շքանշան, Սբ Աննայի առաջին աստիճանի շքանշան, Սբ Վլադիմիրի երկրորդ աստիճանի շքանշան, Սբ Գեորգիի երրորդ աստիճանի շքանշան…

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 3409 անգամ:
Print Friendly

Leave a Reply