Ի՞նչ են վարում մեր «աստղերը»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 10, 2012 7:00

Շոու բիզնեսն այն ոլորտն է, որտեղ մշակույթն ու կոմերցիան փոխլրացնող հարթության վրա են, և մշակութային արժեքներն ուղիղ համեմատական են ֆինանսական արժեհամակարգին: Լավ ձայն, գեղեցիկ արտաքին կամ դերասանական տվյալներ ունենալուց զատ և դրանից առաջ անհրաժեշտ է, որ համապատասխանես շոուբիզնեսային գլամուրին`  ունենալով թանկարժեք բրենդային հագուստ, աքսեսուարներ, ժամանակակից հեռախոս, և, իհարկե, ավտոմեքենա: Ցանկալի է` գեղեցիկ ու թանկարժեք:

Հայկական շոու բիզնեսը ևս հետ չի մնում համաշխարհային շոու աշխարհի «սնդուսափայլ» պահանջներից: Չնայաց ֆինանսական մեծ տարբերությանը` հայ  աստղերը ևս կարողանում են հագնվել բրենդային, զանգել ու SMS-ներ գրել i Phone-ով  և վարել այնպիսի շքեղ մեքենաներ, ինչպիսին, օրինակ, Bentley-ն է:

Ահավասիկ հայկական շոու բիզնեսի ճանաչված անձանց «անիվային քմահաճույքները»:

Դեռ 2003 թ., երբ Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվեց բավարական BMW-ի քաղաքային փոքրածավալ X3 քրոսովերը, հայկական շոու բիզնեսի աստղերից մեկը` Նունե Եսայանը, առաջիններից էր, որ ձեռք բերեց այդ ժամանակ Հայաստանի համար բավականին թանկարժեք համարվող  մեքենան: Նունեն մինչ այժմ էլ շարունակում է անդավաճան վարել իր սիրելի X3-ը, չնայած այն հանգամանքին, որ «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ նվեր է ստացել կոմպակտ A-դասի Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը, այդպես էլ մնում է ավտոտնակում կանգնած:

Գեղեցիկ դարչնագույն կաշվից սրահով և սև թափքով BMW X3 է վարում նաև հայ գեղեցկուհիներից մեկը` «վիցե-միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանը:

Նունեի ոչ պակաս աստղային ամուսինը` Ավո Խալաթյանը, այս հարցում ավելի հավակնոտ գտնվեց, երբ ձեռք բերեց խոշոր ամենագնացներից մեկը` Volkswagen Touareg-ը` բավականին թանկ կոմպլեկտավորմամբ: Այս մեքենայի գինը հայկական շուկայում արժե մոտ 35-40.000 դոլար:

Թանկարժեք ամենագնացների թվում է նաև ճապոնական Premium դասի Lexus RX քրոսովերը, որը, փաստորեն, գրավել է հայկական շոուբիզնեսի միանգամից մի քանի վառ ներկայացուցիչների սրտերն ու ավտոտնակները: Գայանե Ասլամազյանն ու Հովհաննես Ազոյանը վարում, իսկ Արմեն Պետրոսյանը վարել է այս Lexus-ից: Վերջինս այժմ վարում է նոր Hyundai Sonata: Ճապոնական այս լյուքս քրոսովերները երկրորդային շուկայում այսօր գնահատվում են 25.000 դոլարի սահմաններում, սակայն մի քանի տարի առաջ ավելի բարձր գին ունեին, երբ հայտնվեցին հայտնիների ձեռքերում:  Lexus RX-ից մեկ սերունդ հին և ավելի մատչելի տարբերակը, որ կրում է RX300 ինդեքսը, հոգում է քույր ու եղբայր երգիչների` Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների փոխադրական կարիքները:

Հիշենք նաև  թատրոնի` ժամանակին համեստ կյանքով ապրող ու իրենց աշխատավարձից նեղսրտող դերասաններին, որոնցից շատերն այսօր արդեն բավականին թանկարժեք ու շքեղ ավտոմեքենաներ են վարում: Իհարկե, ոչ թատրոնի աշխատավարձի հաշվին: Խոսքը թատրոնի բեմից սերիալների նկարահանման հրապարակ տեղափոխված դերասանների մասին է: Վերջին սերնդի BMW X5-ն, անշուշտ, համեստ  արտաճանապարհայինների շարքից չէ, որի գինը հայաստանյան երկրորդային շուկայում հասնում է մինչև 70-80 հազար դոլարի: Ահա հենց այսպիսի թանկարժեք X5-ով էլ այժմ երթևեկում է հայ թատրոնի ու սերիալների դերասաններից մեկը` Բաբկեն Ներսիսյանի որդի Տիգրան Ներսիսյանը, ով առավել հայտնի դարձավ որպես  «Հանուն սիրո» սերիալի Մհեր:

Թանկարժեք ամենագնացների շարքն իր օրիգինալ ամերիկյան SUV-ով լրացնում է երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որ վարում է իր հայրիկի անձնական օգտագործման Cadillac SRX միջին չափսերի ամենագնացը: Այս մեքենան այնքան հազվագյուտ մոդել է Հայաստանում, որ այն կարելի է դասել էքսկլյուզիվների շարքը, չնայած այնքան էլ թանկարժեք չէ` համեմատած իր «մեծ եղբոր»` Escalade-ի հետ, որի միջին գինը Հայաստանում կազմում է 60-70 հազար դոլար:

Առհասարակ, եթե այս կամ այն բարձրաստիճան ու հարուստ պաշտոնյայի զավակ կարող է իրեն թույլ տալ, օրինակ, Mercedes-ի կամ BMW-ի սրահից գնել բոլորովին նոր ու թանկարժեք որևէ մոդել` վճարելով դրա համար միջինը 150.000 դոլար, ապա հայկական շոու բիզնեսում մերօրյա աստղերը մեծ մասամբ ֆինանսական տեսանկյունից դեռ այդ աստիճանի չեն հասել, որ իրենց նման ճոխություն թույլ տան: Ճիշտ է, նրանք ևս նախընտրում են վարել սրահից ձեռք բերած նոր ավտոմեքենաներ, սակայն այս նորի պահանջը նրանք լրացնում են հիմնականում ճապոնական ու հարավկորեական արտադրության միջին դասի քրոսովերներով կամ փոքրածավալ քաղաքային մոդելներով, որոնց արժեքը չի գերազանցում միջինը 30-45.000 դոլարը: Օրինակ` Nissan Qashqai, Toyota RAV 4, Suzuki Grant Vitara, Kia Sportage, Mazda 2, Toyota Corolla, Hyundai  i30 և այլն:

Իսկ ահա գերմանական թանկարժեք լյուքս-եռյակի` Mercedes-ի, BMW-ի կամ Audi-ի պահանջը նրանք լրացնում են հիմնականում մի քանի տարվա հնության մոդելներով, որոնք երկրորդային շուկայում բավականին մատչելի են:

Սակայն բացառություններ լինում են: Օրինակ` երգչուհի Լուսինան, որ նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի դուստրն է, վարում է նոր Mercedes Gelandewagen` մակնիշի թերևս ամենաթանկարժեք ու ամենահարգի արտաճանապարհայինը, որի գինը միջին հաշվով կազմում է 100-150.000 դոլար և ավելի` կախված շարժիչից և համալրումներից: G-Class-ով է երթևեկում նաև երգիչ Արման Հովհաննիսյանը:

Գերմանական թանկարժեք արտաճանապարհայիններից չեն հրաժարվել նաև երգիչ Սարոն ու երգչուհի Արմինկան` վարելով BMW X6, իսկ ահա ռաբիզ երգչուհի Նանան, հայտնի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն ու ռոմանսների անզուգական երգիչ Հայկոն իրենց համեմատաբար էժան SUV-ամենագնացները փոխարինել են թանկարժեք Porsche Cayenne-ներով (մոտ 100.000 դոլար):

Լյուքս դասի թանկարժեք ու բարձրակարգ «ջիպազգիների» աստղային ցանկը եզրափակում է դուդուկահար Կամո Թովմասյանի համեստ ու հասարակ համարներով, սակայն ոչ նկատելի համեստ արժեքով Range Rover Sport-ը. այն Հայաստանում կարելի է ձեռք բերել նվազագույնը 50.000 դոլարով, բայց մի քանի տարի օգտագործած տարբերակով, իհարկե:

Այս ամենը հասարակ ու համեստ փոխադրամիջոցներ են երևում, երբ նրանց կողքին հայտնվում է փոփ երգչուհի Սյուզի Մելիքյանն իր Bentley Continental Flying Spur գերթանկարժեք ու գերշքեղ լյուքս դասի ներկայացուցչական սեդանով: Այս մեքենայի գործարանային արժեքը` կախված շուկայից, կազմում է մոտ 230.000 եվրո, սակայն երկրորդային շուկայում, 6-7 տարվա հնության այս շքեղ սեդանից հնարավոր է ձեռք բերել նաև բավականին «համեստ»` 100.000 դոլար գնով: Սյուզիի 2007 թ. արտադրության ու «գոլդ համարներով» սպիտակ Bentley-ն, ամեն դեպքում, էժանագինների շարքից չէ:

Ինչևէ, անվտանգ երթևեկություն և էլ ավելի թանկարժեք ու շքեղ մեքենաներ մաղթելով մեր աստղերին` չմոռանանք, որ ավտոմեքենան ի սկզբանե ստեղծվել է որպես փոխադրման միջոց:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

 

Դիտվել է 3012 անգամ:
Print Friendly

Leave a Reply