Մեր տուրիզմն աշխարհում առաջատար է` թանկության առումով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 31, 2012 15:30

Հայաստանում բոլոր մասնագետները, տուրիզմի ոլորտի աշխատողները և բնակիչները տուրիզմի գները խելքին մոտ չեն համարում:

 «Օդից վերցրած գներ են: Մենք այսօր Հայաստանում կառուցում ենք հյուրանոցներ, որոնք հինգաստղանիների գներ են սահմանում: Պետք է սպասարկման որակը լավացնենք: Եթե սպասարկման որակը չենք բարձրացնում, ի՞նչ իրավունք ունենք` գներ բարձրացնենք: Գոյություն ունի վառվող ուղեգիր հասկացությունը. երբ տուրիստական սեզոնին մնում է քիչ ժամանակ,  ուղեգրերը վաճառվում են կես գնով կամ ավելի քիչ: Դա շատ ճիշտ մոտեցում է: Իսկ մեր հյուրանոցներում տարին  բոլոր գրեթե նույն գներն են»,-  ասում է Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն, տուրօպերատորների միության նախկին նախագահ Ռոբերտ Մինասյանը:

Ներքին տուրիզմը խթանող շատ կարևոր քայլ կարող են լինել տուրիստական սեզոնից դուրս, օրինակ` աշնանը կամ գարնանը, կենսաթոշակառուների, պետական ծառայողների և այլոց համար հատուկ առաջարկները` զեղչերը: Այդ սեզոններին տվյալ օբյեկտները այցելուների թվով առանձնապես չեն կարող հպարտանալ, բայց այդպես և՛ մարդկանց համար ձեռնտու կլինի օգտվել նրանց առաջարկած ծառայություններից, և՛ նրանք աշխատանք կունենան` թեկուզ նվազագույն եկամտով:

Մեր երկրում  նաև մարզերի հյուրանոցային տնտեսության մարկետինգային քաղաքականության խնդիր կա, թե ինչպես աշխատեն, ինչպես իրենց տուրիստական ապրանքն առաջարկեն: Օրինակ` առաջին ձեռք հասկացությունն այստեղ չի գործում: Հյուրանոցային տնտեսության օբյեկտը պետք է զբոսաշրջային օպերատորներին իր ծառայություններն առաջարկի այնպիսի գներով, որ այս զբոսաշրջային օպերատորները կարողանան վաճառել ապրանքը ոչ ավելի մեծ արժեքով, քան հյուրանոցն է առաջարկում իր մանրածախ գնով: Հյուրանոցի մանրածախ գինն այն է, երբ տուրիստն իր ճամպրուկը ձեռքին հասնում է հյուրանոց: Այս դեպքում, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, ամենաթանկ գինը պետք է լինի: Այսինքն` այդ տուրիստը տուրօպերատորի միջոցով այդ նույն հյուրանոց գնալիս պետք է ավելի քիչ վճարի: Գումարած այն, որ նաև տուրօպերատորն է պատասխանատվություն կրում իր վաճառած փաթեթի համար:

«Եթե համեմատենք մեր զբոսաշրջային պրոդուկտի որակն ու գները տարածաշրջանի, օրինակ` Վրաստանի պրոդուկտի հետ, այո, մրցունակ ենք: Բայց պետք է համեմատել համեմատելի մեծությունները, այսինքն` չհամեմատենք մեր պատմա-մշակութային տուրիզմը Վրաստանի ծովափնյա հանգստի հետ: Հյուրանոցային ոլորտում, նույնիսկ տեղեր կան, որ ավելի առաջ ենք: Մենք այս առումով համեմատական վերլուծություն ենք կատարել` վերցնելով տարբեր, այդ թվում նաև միջազգային աղբյուրներ: Օրինակ` շատ են ասում, թե Վրաստանում գներն այսպիսին են, այնպիսին են, բայց գնում տեսնում են այդ գներն ու զարմանում: Տեղեր կան, որ էժան են, տեղեր կան, որ մեզ մոտ են ավելի էժան: Այստեղ նույնիսկ չպետք է էժան կամ թանկ տերմինն օգտագործել, այլ մրցունա՞կ է մեր զբոսաշրջային ապրանքը, թե՞ ոչ: Մենք վերցրել ենք նույն ուղղվածությամբ ոլորտներ, օրինակ` Ծաղկաձորն ու Բակուրիանին, այդ երկուսի հյուրանոցային օբյեկտները և համեմատել: Այնպես չէ, որ Բակուրիանին ավելի մրցունակ կամ ավելի էժան գներ է առաջարկում, քան Ծաղկաձորը: Հաճախ Ծաղկաձորում գները շատ ավելի մրցունակ են»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա նշեց նաև, որ որակական առումով մեզ մոտ հյուրանոցային ծառայությունները չեն զիջում Վրաստանի հյուրանոցային ծառայություններին:

Սակայն «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը բոլորովին այլ կարծիքի է: Նա նշեց, որ Վրաստանում գները բավականին մրցունակ են, ուստի իրանցի տուրիստները, նույնիսկ նրանք, ովքեր այցելում են Հայաստան, անպայման ուզում են Վրաստան էլ այցելել: Այս տարի Իրանից Հայաստան տուրիստների հոսքը նվազել է, Վրաստանում, ընդհակառակը, իրանցի տուրիստների թիվն ավելանում է:

«Ես այժմ անպայման տուրիստական փաթեթների մեջ ներառում եմ նաև Վրաստանը: Այսինքն` զբոսաշրջիկը, որ գալիս է Հայաստան, մի քանի օրով էլ այցելում է Վրաստան»,- նշեց Դավուդյանը: Նա ասաց նաև, որ  այս իրավիճակում Հայաստանը հաստատ տանուլ կտա: Վրաստանը դառնում է նախընտրելի տարբերակ, քանի որ, բացի ցածր գներից, նաև բավականին հեշտացրել է մուտքն այդ երկիր:

Առլեն Դավուդյանը, մասնավորապես, տեղեկացրեց, որ Հայաստանի հյուրանոցներում մեկ հոգու համար մեկ գիշեր անցկացնելը` բոլոր հարակից ծառայություններով, կարժենա մոտ 200 հազար դրամ:  Իսկ հարևան Վրաստանում այդ նույն գումարով մարդիկ կարող են  աքռնվազն մի ամբողջ շաբաթ հանգստանալ:

Մենք ուսումնասիրեցինք միայն Երևանի 19 հյուրանոցների կողմից տուրօպերատորներին առաջարկվող մեծածախ գները: Ամենաէժան գինը` մեկ հոգու համար օրական 43 դոլար, ներառված միայն նախաճաշը, հանդիպեցինք միայն «Նորք Ռեզիդենս» հյուրանոցում: Այստեղ երկու հոգու համար գումարը կազմում էր 60 ԱՄՆ դոլար: Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում նման կարգի հյուրանոցը նույն պայմաններն առաջարկում է 55 ԱՄՆ դոլարով:

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի կարծիքով` Հայաստանում հյուրանոցների, զբոսաշրջային գործակալությունների և այլ ծառայություններ մատուցողների առաջարկած գները նորմալ չեն և չեն համապատասխանում առաջարկվող որակին: Իսկ աշխարհի զարգացած երկրներում ընդունված է, որ մարդիկ վճարեն միայն ծառայության, այն էլ որակյալ ծառայության համար: Թե չէ մեզ մոտ, Աստված մի արասցե, ամառվա սեզոնին մարդ ընկնի Սևանի  տուրիստական «ղասաբների» ձեռքը: Միայն մասնավոր լողափ մուտք գործելն արդեն իսկ գումար արժե, էլ չենք խոսում խորոված անելու համար նախատեսված մեկ կապ փայտի գների և խորովածի մանղալի վարձակալության գների մասին: Իսկ մեր նշած զարգացած երկրներում լողափ, նույնիսկ մասնավոր, մուտք գործելն անվճար է, իսկ մեկ կապ փայտի համար հանգստացողը ստիպված չի լինում վճարել երկու խորանարդ մետր փայտի արժեք:

Ահա զարմանալի չէ, որ արտագնա տուրիզմով զբաղվող հայկական տուրիստական գործակալություններն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով: Այցելելով մի քանի տուրիստական գործակալություններ` միայն հերթեր տեսանք ու աշխատողների բողոքները լսեցինք, թե չեն հասցնում: Հայաստանից արտասահման տուրիստների հոսքի ծավալների մասին, իհարկե, նրանք չհայտնեցին, բայց ասացին, որ նույնիսկ ծիծաղելի է համեմատել դրսում և ներսում հանգստանալ ցանկացողների թվերը:

 

 

Դիտվել է 2127 անգամ:
Print Friendly

Leave a Reply