Ով, որ հանգիստն է նախընտրում. Կարևորը միայն այցելուի անվտանգության ապահովումն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | July 30, 2012 14:47
Որքան էլ, այս սեզոնին հայերի` ծովափնյա հանգիստ կազմակերպելու նախընտրած վայրը մնում է Աջարիան` Քոբուլեթն ու Ուրեկին, այնուամենայնիվ, որպես ձևավորված ավանդույթ, մարդկանցից շատերը ձգտում են գոնե մեկ օրով իրենց հանգիստն անցկացնել կապուտաչյա Սևանա լճում, որն այս օրերին բավական մարդաշատ է:
Հայերի համար ամենահասանելի և մատչելի ծովափնյա երկիրը մնում է հարևան Վրաստանը, որտեղ այս տարի տուրփաթեթներում առանձնապես գնային փոփոխություններ չեն արձանագրվել. 7 օրվա հանգստի համար զբոսաշրջիկը կարող է վճարել 35 հազարից մինչև 200 հազար դրամ: Ավելի մեծ հոսք այս տարի նկատվում է Բաթումի, Չակվիի և Մախինջաուրիի ուղղություններով, իսկ ավելի` քիչ դեպի Ուրեկի: Այս տարի բավականաչափ նվազել է Անթալիա մեկնողների թիվը, փոխարենը մեծացել է էկզոտիկ երկրների պահանջարկը, մասնավորապես` Մալդիվյան կղզիներ և Թաիլանդ: Սեզոնի սկզբից մեծ հոսք է արձանագրվել նաև դեպի Բուլղարիա` Վառնա:
Դեպի Աջարիա տուրիստական ընկերությունները փոխադրում են կազմակերպում հարմարավետ զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով, իսկ սեփական նախաձեռնությամբ մեկնողները նախընտրում են տրանսպորտային միջոց ընտրել երկաթուղին, որն առավել անվտանգ է: Տուրիստական ընկերություններն իրենց աշխատակցի օգնությամբ կարողանում են վերահսկել հանգստացողների անվտանգությունը: Նրանցից շատերը նախապես ծանոթացնում են հայ զբոսաշրջիկներին քաղաքի կամ տվյալ հանգստյան վայրի բոլոր վտանգավոր կամ անվտանգ հատվածներին, իսկ մնացածը թողնում հանգստացողի հայեցողությանը:
Անդրադառնանք հայաստանյան հանգստի գոտիների, մասնավորապես` Սևանա լիճ այցելողների անվտանգ հանգստի կազմակերպմանը: Բոլորս էլ գիտենք, որ Սևանա լճի գոտին, որքան գրավիչ ու հաճելի, նույնքան էլ վտանգավոր է այն հովեկների համար, որոնք չարաշահում են անվտանգության նորմերը: Յուրաքանչյուր սեզոնին, դժբախտաբար, մի քանի ջրահեղձ լինելու դեպքեր են արձանագրվում: Սևանա լիճը քաղցրահամ ջրի և հատակի խիստ անհարթ լինելու պատճառով վտանգավոր է ոչ պրոֆեսիոնալ լողորդների համար, քանի որ ծանծաղուտին անմիջապես կարող է հաջորդել մի քանի մետրանոց փոսը, ինչն էլ կարող է հանգեցնել ինքնակառավարման կորստի:
Սովորաբար դեպքերը տեղի են ունենում մեկօրյա հանգստի եկած հովեկների շրջանում: Սևանի ազգային պարկի աշխատակիցներից տեղեկացանք, որ հատկապես երկու հանրային լողափերում բավական շատ են հենց մեկօրյա հանգիստ նախընտրողները:
Բացի լողալուց, Սևանի հանգստյան գոտում խնդիր և վտանգ են ներկայացնում նաև մոտորանավակները` սկուտերները և ջրային հեծանիվները, որոնց վարձակալները կամ սեփականատերերը, հաճախ չարաշահելով արագությունը, դրանք վարում են հատկապես լողատարածքներում, բազում լողացողների կողքին` սարսափի մեջ գցելով մեծահասակներին ու երեխաներին: Այն, որ տվյալ մոտորանավակները անարգել վարձակալվում են, առանց որոշակի կանոնների սահմանափակման, արդեն իսկ բացթողում է: Ծնողները վախենում են երեխաներին ջրում թողնել, կամ ստիպված են ամեն վայրկյան վերահսկել, որպեսզի մոտորանավակները վրաերթի չենթարկեն նրանց, քանի որ նման դեպքեր ևս արձանագրվում են:
ՀՀ ԱԻՎ փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանն այս կապակցությամբ նշեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ սկսվել է ակտիվ լողաշրջանը, և անվտանգության ապահովման աշխատանքները կրկնապատկվել են: Ամիսը մեկ պարբերականությամբ ամբողջ լճի տարածքում տեղադրվում են լողանշաններ: Այս տարի հանրային լողափների թիվը հասնելու է 7-ի, և լողանշանների տեղադրման աշխատանքները շարունակական բնույթ կունենան: Բոլոր լողափներում էլ վերահսկողություն կա, սակայն հաշվի առնելով անվճար լողափների այցելուների թիվը` առավելապես մեծացվելու է հատկապես այդ տարածքների վերահսկողությունն ու շուրջօրյա հերթապահությունը:
«Ընդհանրապես 40 փրկարար այս պահին աշխատանքի մեջ են: Նախարարի հրամանով արձակվել է շրջայցի մեկնարկ, ինչը ենթադրում է, որ այսօր լճի ցանկացած տարածքում և ցանկացած եղանակի պատրաստ ենք իրականացնելու փրկարարական-որոնողական աշխատանքներ, նաև մյուս ջրային տարածքներում: Սովորաբար, արգելանշանները տեղադրվում են ափից 1 մետր 60 սմ խորությամբ, որպեսզի լողացողները գիտակցեն, որ ափից ավելի հեռանալը վտանագավոր է կյանքի համար»,- հայտնում է Սամվել Մկրտչյանը` հավելելով, որ պատահարները լինում են հիմնականում երեկոյան ժամը 4-5-ից հետո, երբ գինովցած այցելուները հեծանիվներով կամ նավակներով դուրս են գալիս լողափ կամ ոչ մարդաշատ վայրերում են լողանում: Կան վայրեր, որտեղ խստիվ արգելվում է լողանալը և հատուկ արգելող, և զգուշացնող վահանակներ են փակցված: Օրինակ` մեկը տեղադրված է Լճաշենի հատվածում, սակայն շատ մարդիկ, զրուցակցիս հավաստմամբ, այդ արգելող վահանակներն անտեսում են: Մինչդեռ հնարավոր չէ բոլորի մուտքը վերահսկելը:
Ինչ վերաբերում է մոտորանավակներին, ապա Մկրտչյանի տեղեկացմամբ, առաջին սահմանափակումն այս ոլորտում պարտադիր բաճկոնների կիրառումն է և առանց ալկոհոլի գործածության վարելը: «Մենք անընդհատ զգուշացնում ենք, որ նրանք լողատարածքներից հեռու վարեն: Այդ խնդրի կարգավորմամբ զբաղվում է նաև ոստիկանությունը, հարցը դրված է խստորեն և շուտով կկարգավորվի: Լողանշանը անցնելուց հետո ազդանշան է ուղարկվում, անընդհատ շրջագայում ենք և բարձրախոսով զգուշացնում, որ չլողան և հետ գան, որպեսզի մարդիկ միշտ զգոն լինեն, որ ծառայությունն աշխատում է, և կարգ ու կանոն պահպանեն` ապահովելով հովեկների անվտանգ հանգիստը»,- նշեց Սամվել Մկրտչյանը` հավելելով, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև մյուս 5 հանրայի լողափների շահագործման ուղղությամբ:
Լ.Ն.






Facebook
Tweet This
Email This Post
