Գայթակղիչ պարգևավճարներ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | July 28, 2012 7:00
Ժամանակակից օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել են 17 ոսկե, 14 արծաթե, 15 բրոնզե պարգևի: Կհամալրվի այս հավաքածուն նոր մեդալներով, թե ոչ, կպարզվի առաջիկա օրերին: Հուլիսի 27-ին կտրվի օլիմպիական խաղերի մեկնարկը: Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը կսկսեն հուլիսի 28-ին: Մրցելույթներ կունենան ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը (10 մ հեռավորությունից ատրճանակով կրակահերթեր), բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը:
Ահա թե պայքարը երբ են սկսելու և մեկնարկի դուրս գալու մեր մյուս օլիմպիական մարզիկները. հուլիսի 29-ին` Արմեն Նազարյանը (ձյուդո, 66 կգ), Անահիտ Բարսեղյանը (100 մ թիկնալող), հուլիսի 31-ին` Միքայել Քոլոյանը (100 մ ազատ ոճով լող), Առաքել Միրզոյանը (ծանրամարտ, 69 կգ), օգոստոսի 1-ին` Մելինե Դալուզյանը (ծանրամարտ, 69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (ծանրամարտ, 77 կգ), օգոստոսի 3-ին` Արա Խաչատրյանը (ծանրամարտ, 85 կգ), Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը (երկուսն էլ` հեռացատկ), օգոստոսի 4-ին` Նորայր Վարդանյանը (ծանրամարտ, 94 կգ), օգոստոսի 5-ին` Արսեն Ջուլֆալակյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 74 կգ), Նորայր Բախտամյանը (50 մ հեռավորությունից օդամղիչ ատրճանակով հրաձգություն), Հռիփսիմե Խուրշուդյանը (ծանրամարտ, +75 կգ), օգոստոսի 6-ին` Յուրի Պատրիկեևը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, +120 կգ), օգոստոսի 7-ին` Հովհաննես Վարդերեսյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 66 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 96 կգ), օգոստոսի 8-ին` Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), օգոստոսի 9-ին` Քրիստինե Հարությունյանը (նիզակի նետում), օգոստոսի 10-ին` Արման Երեմյանը (թհեքվանդո, 80 կգ), Միհրան Ջաբուրյանը (ազատ ոճի ըմբշամարտ, 55 կգ), օգոստոսի 11-ին` Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (ազատ ոճի ըմբշամարտ, 84 կգ), օգոստոսի 12-ին` Դավիթ Սաֆարյանը (ազատ ոճի ըմբշամարտ, 66 կգ):
Հուլիսի 28-ին Լոնդոնում Հայաստանի օլիմպիականները հանդիպելու են տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին, իսկ հուլիսի 29-ին օլիմպիական խաղերի մայրաքաղաքում նշվելու է Հայաստանի օրը:
Մեր օլիմպիականները 25-ն են, սակայն, անկեղծորեն պետք է խոստովանել, որ նրանցից ոչ բոլորն են հույսեր ներշնչում, կամ ոչ բոլորից կարելի է մեդալի ակնկալիք ունենալ: Ինչ վերաբերում է խոստումներին, ապա այս անգամ խաղերից առաջ շատ զգուշավոր են մարզական ֆեդերացիաների, նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները: Ոչ ոք վստահորեն չի հայտարարում, որ այս կամ այն մարզաձևի ներկայացուցիչը, կոնկրետ որևէ մարզիկ փայլուն հաջողության է հասնելու: Դժվար է դրա պատճառն ասել, քանի որ նախկինում օլիմպիական խաղերից առաջ միշտ էլ մեծ խոստումներ են տրվել, ու եթե անգամ հետագայում դրանք չեն իրականացել, հայտարարություն անողները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել:
Փոխարենը` «Լոնդոն 2012»-ի խաղերից առաջ բոլորը միահամուռ նշում են, որ շատ դժվար է լինելու մեդալներ նվաճելը: Իսկ զգուշավորության պատճառը թերևս այն է, որ նախաօլիմպիական շրջանում մեր մարզիկները շռնդալից արդյունքների չեն հասել: Ավելին` վարկանիշային մրցումներում ձախողվել են Հայաստանի բռնցքամարտիկները, և այս ստուգատեսում մեր երկիրը ներկայանալու է միայն մեկ մարզիկով, մի իրավիճակ, որը Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետների համար անսովոր է: Նախկինում օլիմպիական ռինգերում մերոնք միշտ էլ մի քանի մասնակիցներ են ունեցել:
Չհաջողվեց նաև մասնակից ունենալ կանանց մրցաշարում: Ինչպես հայտնի է, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն առաջին անգամ են հանդես գալու օլիմպիական ռինգում, և հույս ունեինք, որ Հայաստանից ևս վարկանիշ ձեռք բերող կլինի, մեր թիմ էր հրավիրվել նաև արտասահմանում բնակվող Արմինե Սինաբյանը, նախապատրաստական զգալի աշխատանք կատարվեց, սակայն ուղեգիր ձեռք բերել չհաջողվեց:
Իսկ ամենամեծ կորուստն այն է, որ Հայաստանի օլիմպիական պատվիրակության կազմում չէ հունահռոմեական ոճի մեր ամենատիտղոսավոր ըմբիշը` նախորդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը: Դժվար է ասել, թե ինչու, սակայն նա այդպես էլ չկարողացավ օլիմպիական ուղեգրի տիրանալ: Ընդ որում, Ռոմանը վստահ էր, որ դա կկարողանա անել և չէր խուսափում տարբեր հեռուստաշոուների և խաղերի մասնակցելուց: Ի վերջո, անսպասելիորեն նա մնաց ձեռնունայն:
Զարմանալի է նաև, որ բոլոր երկրներում իրենց օլիմպիական պատվիրակներին հանդիսավորությամբ, զանգածային, նաև ղեկավար այրերի հետ հանդիպումներից հետո են մրցավայր գործուղում: Մինչդեռ Հայաստանում անգամ երկրի հոգևոր առաջնորդը` Ամենայն հայոց կաթողիկոսը չհանդիպեց և չօրհնեց մեր օլիմպիականներին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանեց, որ մեր մարզիկների մեծ մասը վերջին շրջանում նախապատրաստվել է արտասահմանում, մյուսներին էլ չեն ցանկացել կտրել պարապմունքներից, այդ է պատճառը, որ այդպիսի արարողություն չի կազմակերպվել: Իսկ թե ինչ մրցելույթներ մերոնց համար անցանկալի կարելի է համարել, Ռոստոմյանը չցանկացավ այդ մասին խոսել:
Հավելենք, որ աչքի ընկնողների համար գայթակղիչ պարգևներ են սահմանվել: Չեմպիոնը պետության կողմից կպարգևատրվի 20 մլն դրամով, արծաթե և բրոնզե մեդալակիրները` համապատասխանաբար 15 և 10 մլն դրամով: Բացի այդ, Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած մարզիկը ՀԱՕԿ-ի կողմից կստանա 40 մլն դրամ, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցնողները` 30 և 15 մլն: Մեդալակիրների մարզիչները ստանալու են իրենց սաների համար նախատեսված պարգևավճարի կեսը:






Facebook
Tweet This
Email This Post
