Պարտվածների ինքնաքննադատություն. վրացի մտավորականները տարածքային կորուստների համար մեղադրում են իրենց հասարակությանն ու պետությանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Ռուզան Հարությունյան | November 11, 2009 14:22
Վրացի մտավորականությունն անհանգիստ է, որ առաջիկայում Վրաստանում ազգային հողի վրա նոր կոնֆլիկտներ կլինեն եւ դրանցից մեկը կլինի Ջավախքում` հայերի հետ: Այդ համոզմանը հանգեցի, երբ վերջերս Թիֆլիսում շփվում էի Թիֆլիսի պետական համալսարանի ուսանողների եւ ասպիրանտերի հետ: ԹՊՀ միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության ու իրավագիտության ֆակուլտետներից մեծ թվով մասնագետներ ու մագիստրոս ուսանողներ հետաքրքրված են եւ բավական ակտիվ ուսումնասիրություններ են կատարում հենց «Ապագա հնարավոր կոնֆլիկտները եւ դրանց հետեւանքները» տիպի թեմաներով:
Մինչեւ 2008թ. վրաց–ռուսական պատերազմը, այս նույն երիտասարդները բավական հստակեցված ու կայուն դիրքորոշումներ ունեին ու այլ պատկերացում կոնֆլիկտների մասին: Հիմա նրանք երկյուղում են, որ Վրաստանի տարածքը կրկին պառակտման առաջ կկանգնի: Մի ասպիրանտ (անունները չեմ նշում, քանի որ չեմ տեղեկացրել նրանց, որ իրենց խոսքը հրապարակելու եմ) ասում էր, որ մի խմբով մանրակրկիտ ուսումնասիրել են իրավիճակը հայկական Ջավախքում ու վստահ են, որ, եթե վրացական կառավարությունը շարունակի իր քաղաքականությունը` ուշադրություն չդարձնել հայերի սոցիալական ու տնտեսական վիճակին, մի օր Ջավախքը կըմբոստանա ու ցանկություն կարտահայտի միանալ Հայաստանին, իսկ այդ օրը, ինչպես ինքն էր վստահեցնում` օր օրի մոտենում է:
Իմ վերջին շփումները ցույց են տալիս, որ վրացական հասարակության ստվար հատվածը գտնում է, որ իրենց կորուստների պատճառն այն է, որ ունեն «խելագար նախագահ», ով անում է այն, ինչ փչում է իր խելքին: Հասարակական շարժումների ամենակտիվ մասը դեմ է ներկայիս իշխանություններին: Իսկ ինչո՞ւ ընտրությունների միջոցով չեն փոխում իշխանություներին: Մի երիտասարդ քաղաքագետ ասաց. «Ընտրությունների ժամանակ հասարակությունն, իրոք, չէր ուզում, որ Սահակաշվիլին ընտրվեր, բայց ընդդիմադիր ուժերն էլ էին իրենց հերթին անկանոն, չկար հստակ ֆիքսված քաղաքականություն` ի՞նչ է լինելու հետո, ենթադրենք, Սահակաշվիլուն «գահընկեց» անելուց հետո, ովքե ՞ր են կոնկրետ գալու իշխանության, նախագահն ո՞վ է լինելու: Բոլորն ասում էին Սահակաշվիլուն հեռացնենք, հետո մնացածը` կանենք: Սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ դա անարդյունավետ մարտավարություն է»:
Վրացի մի այլ երիտասարդ, որ նույնպես ուսումնասիրում է Ջավախքի խնդիրը, ասում է. «Այսպիսի քաղաքականությամբ, կարծես, քիչ–քիչ գնում ենք կործանման: Ես ուսումնասիրություններ կատարելով` օրեցօր ավելի եմ համոզվում, թե որքան սխալ է մեր երկիրն ու մեղավոր ամեն ինչում»: Շատերը հիմա վստահ են, որ Օսիայում եւ Աբխազիայում որոշակիորեն մշակված ու քաղաքականության պարագայում, ժողովուրդը չէր ուզենա անկախանալ: Մի իրավագետ ինձ բացատրում է. «Ամենեւին անհրաժեշտ չէ, որ քո տարածքում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչը ենթարկվի ստորացումների ու ճնշումների, ապրի վախի մթնոլորտում, եւ միայն այդ ժամանակ «հարգի» այն պետությանը, որի քաղաքացին է համարվում:
Դա` ընդհակառակը, տալիս է հակառակ արդյունք եւ անգամ ամենախաղաղ բնակավայրի գյուղացին ենթագիտակցաբար ըմբոստանում է: Երիտասարդ մտավորականները վստահ են, որ եթե վրացական կառավարությունը զարգացնի այն տարածքները, որտեղ կան դժգոհություններ, ստեղծի համապատասխան աշխատատեղեր, վերանորոգի հաղորդակցման ուղիները, մանկապարտեզներն ու դպրոցները, մի խոսքով, ազգային փոքրամասնություններն ունենան անհոգ ու բարեկեցիկ կյանք, նրանք չեն դժգոհի ու չեն ըմբոստանա կենտրոնական իշխանության դեմ, եւ արդյունքում չեն լինի կոնֆլիկտներ:
Այսուհանդերձ, նրանց լիբերալ տեքստերի տակից դուրս է սողոսկում նացիոնալիզմը, երբ հարցնում ես փոքրամասնությունների լեզվական ու մշակութային խնդիրների մասին: Նրանք բոլորը դեմ են, որ հայերի դպրոցները հայկական մնան, կրթություն ստանան մայրենի լեզվով, սովորեն Հայոց պատմությունը: Նրանք կարծում են, որ լեզվական եւ մշակութային խնդիրների հետ կապված լարվածությունը կթուլանա միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Վրաստանը գան ընդհանուր համաձայնության` հայերեն լեզվով հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներ հեռարձակելու: Ազգային դիմագիծը, կրոնն ու ավանդույթները պահպանելը նրանք ընդունելի են համարում մինչեւ այն սահմանը, որը թույլ է տալիս պետությունը:






Facebook
Tweet This
Email This Post
