Ի՞նչ է ցուցադրելու Հանրային հեռուստատեսությունը «Լոնդոն 2012»-ի խաղերից

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 27, 2012 6:41

Հայաստանում Օլիմպիական խաղերը հեռարձակելու արտոնություն ստացել է միայն Հանրային հեռուստատեսությունը: Պարզելու համար, թե ինչ է նախատեսվում անել, դիմեցինք այդ հեռուստատեսության «Սպորտ» ստուդիայի տնօրեն Սլավա Սարգսյանին:

– Օլիմպիական խաղերը ցուցադրելու բացառիկ իրավունքը մեր հեռուստատեսությանն է: Ներկայացվելու են խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունները, ամբողջ ընթացքը: Ծրագրվել է ցուցադրել հետաքրքրություն առաջացնող բոլոր մարզաձևերի մրցումները: Առանձնակի ուշադրություն է դարձվելու այն մարզաձևերին, որոնցում հանդես են գալու մեր երկրի ներկայացուցիչները: Մարզասերները կդիտեն խաղային մարզաձևերի կարևոր հանդիպումները, նաև եզրափակիչները: Կներկայացվեն նաև այն մարզաձևերի մրցումները, որոնք գրավիչ են. ջրացատկ, գեղարվեստական մարմնամարզություն, գեղալող և այլն:

– Հեռարձակումները որոշակի ժամերի՞ն են կատարվելու:

– Հաղորդումների համար որոշակի ժամեր են նախատեսված: Փորձելու ենք այնպես անել, որ մեր մարզիկների մրցելույթներն ամբողջովին ցուցադրվեն: Այնպես որ, ցուցադրման ժամերում կարող են տեղաշարժեր կատարվել: Բացի այդ, եթե մերոնց մեկնարկների ժամերը համընկնեն, ապա հետագայում բաց թողնվածը կներկայացվի տեսագրությամբ: Հնարավոր է, որ մերոնց մրցելույթները ցուցադրվեն ուշ գիշերով, առավոտյան վաղ ժամերին: Պլանավորել ենք մեր երկրի ներկայացուցիչների մեկնարկները ներկայացնել ուղիղ եթերով: Ընդհանրապես օլիմպիական խաղերի ամբողջ ընթացքը տեսագրվելու է, և կարևոր ոչ մի իրադարձություն բաց չի թողնվի:

– Ովքե՞ր են մեկնաբանելու խաղերը:

– Հանրային հեռուստատեսության մարզական հաղորդումների խմբագրության բոլոր աշխատակիցները: Ծանրաբեռնվածությունը շատ մեծ է լինելու: Ինձ հետ միասին հեռուստաեթերում կլինեն նաև Էդուարդ Քալանթարյանը, Մենուա Մեհրաբյանը, հրավիրվել է նաև Խաչիկ Չախոյանը: Իսկ Կարեն Գիլոյանը գործուղվել է Լոնդոն և մրցավայրում կաշխատի: Ի դեպ, Հայաստանի հեռուստատեսության ներկայացուցիչն օլիմպիական խաղերում հավատարմագրվել է և օրինական պայմաններում է աշխատելու: Այսինքն` նրան տրամադրվելու են հեռուստախցիկ, անարգել գործելու,  նկարահանումներ կատարելու, ռեպորտաժներ պատրաստելու հնարավորություն և այլն:

– Ի՞նչ կարգի խնդիրներ կարող են առաջանալ:

– Հնարավոր է` տեխնիկական բարդություններ ծագեն, քանի որ հիմնականում հեռարձակումներն ուղիղ եթերով են կատարվելու, սակայն փորձելու ենք խուսափել անցանկալի իրավիճակներում հայտնվելուց:

– Ինքնին հասկանալի է, որ հեռարձակումների ծավալը մեծ է, աշխատանքում ներգրավված մարդկանց թիվը` փոքր, և դժվարությունները նման դեպքերում անխուսափելի են, սակայն ինչքանո՞վ է արդարացվում, որ խոշորամասշտաբ մրցումների հեռարձակումների ցուցադրումներից, որպես կանոն, որոշ  հեռուստադիտողներ տարբեր պատճառներով դժգոհ են մնում: Ի՞նչ է արվում, որ  այս անգամ նույնը չկրկնվի:

– Ցավոք, այդպես է: Ընդ որում, մենք մեր աշխատանքի նկատմամբ շատ  խստապահանջ ենք, վրիպումները փորձում ենք քննարկել, դրանց պատճառները փնտրել, որպեսզի այլևս չկրկնվեն: Ի դեպ, ռուսաստանցի մեր գործընկերները երբեմն կոպիտ սխալներ են թույլ տալիս, սակայն մերոնց քննադատողները փորձում են դրանք չնկատելու տալ: Ինքս լսել եմ, որ ռուսաստանցի մեր գործընկերները ռեպորտաժների ժամանակ այնպիսի արտահայտություններ են արել, որ եթե նույն բանը մենք անեինք, ապա  գնդակահարության կարժանանայինք: Նրանք իրենց աշխատանքում շատ ավելի ազատ են, բայց մեր գործընկերների արտահայտություններն էլ ավելի քիչ են ուսումնասիրությունների կենտրոնում հայտնվում: Այդ է պատճառը, որ ռուսաստանցի մարզական մեկնաբանները հաճախակի դիմում են նաև հումորի օգնությանը, մինչդեռ, մերոնք իրենց խոսքում ձգտում են ավելի զուսպ մնալ: Թերևս դա նրանից է, որ մեր մեկնաբաններին շատ են քննադատում, և նրանք հնարավորինս շատ կշռադատված են փորձում խոսել, որպեսզի որևէ դժգոհության տեղիք չտան: Այն կարծիքին եմ, որ մարզական մեկնաբաններին այդպես անողոք քնադատելու կարիք չկա, իսկ եթե վրիպումներից դժգոհություններ են առաջանում, ապա թող ներկայացվեն, և դրանք կշտկվեն: Վատ է, երբ դրանք հայտնվում են համացանցում և չարախոսությունների, շահարկումների առիթ դառնում:

– Մարզական մեկնաբանների աշխատանքի բաժանում կատարվո՞ւմ է, ամեն մեկը խորամուխ  եղե՞լ է տարբեր մարզաձևերի հաղորդումներ վարելու հարցում: Իրոք, խնդիրը բարդ է, քանի որ պետք է հայերենին  լավ տիրապետել, տարբեր մարզաձևերի կանոններին, տերմինաբանությանը, նաև մարզիկների կենսագրությանը և այլն:

– Մարզաձևերը բաժանված են և բացառվում է, որ մեր որևէ մարզական մեկնաբան հանպատրաստից եթեր դուրս գա: Ընդ որում, այդ աշխատաոճը վաղուցվանից է կիրառվում: Այս օլիմպիական խաղերը մեր մարզական մեկնաբանների համար լուրջ փորձություն կարող են դառնալ, քանի որ լողի, ջրացատկի և մի շարք այլ մարզաձևերի ներհայաստանյան մրցումները լուսաբանելու առիթներ չեն ներկայանում, դա արվում է միայն սյուժեների պատրաստման տեսքով, մինչդեռ, այդ մարզաձևերն օլիմպիական խաղերի ծրագրում են: Աշխատանքի ընթացքը ցույց կտա, թե ինչ կպահանջվի անել ստեղծված իրավիճակներից դուրս գալու համար: Չի բացառվում, որ հաղորդումների ժամանակ հրավիրվեն նաև առանձին մարզաձևերի մասնագետներ, որպեսզի օգնեն վերլուծություններ կատարելուն:

– Անկասկած, հայկական մյուս հեռուստաընկերությունները կփորձեն չզիջել մրցակցությունում: Իրավունք վերապահվո՞ւմ է, որ այլ հեռուստաընկերություններ օլիմպիական խաղերին անդրադառնան, տևականորեն ցուցադրեն հաղորդումներ օլիմպիական խաղերի ընթացքի մասին: Սահմանափակումների մեխանիզմ կա՞:

– Չեմ կարծում, որ որևէ հեռուստաընկերություն օլիմպիական միջոցառումներից ռեպորտաժ հեռարձակի, քանի որ այդ իրավունքը միայն մերն է:

– Բայց համացանցը լեցուն է լինելու օլիմպիական խաղերի անցուդարձին վերաբերող տեսանյութերով: Եվ հայկական հեռուստաընկերությունները հազիվ թե զերծ մնան դրանց հաղորդավարական տեքստերը թարգմանելու և որպես սեփական արտադրանք ցուցադրելու գայթակղությունից:

– Կա այդպիսի գործելաոճ և շատ է կիրառվում, բայց օլիմպիական խաղերը հեռարձակելու օրինական իրավունքը միայն Հանրային հեռուստատեսությունն ունի, և այն ձեռք է բերվել:

– Նախորդ օլիմպիական խաղերում 6 բրոնզե մեդալ նվաճած մեր մարզիկների առջև խնդիր է դրվել առաջիկա  ստուգատեսում տիրանալ ոսկե, գոնե արծաթե մեդալի: Ի՞նչ առաջադրանք ունեն օլիմպիական խաղերը լուսաբանելու պատրաստվող հեռուստաալիքի ներկայացուցիչները:

– Փորձելու ենք հեռարձակումները, տարբեր մրցասպարեզներից ռեպորտաժները ներկայացնել բարձր մակարդակով, այնպես անել, որ հանդիսականները շահողի դերում լինեն:

 

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply