Երևանի փողոցներում 10 միլիարդ դրամ են փռում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | August 1, 2012 7:00

Անցած համարում «Անկախն» անդրադարձել է մայրաքաղաքում ծավալվող ասֆալտապատման աշխատանքներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին այդ աշխատանքների հետ կապված որոշ մանրամասներ: Օրինակ` Երևանի քաղաքապետարանի 2012 թ. ծրագրով նախատեսված է եղել ասֆալտապատել և բարեկարգել 300-ից ավելի փողոցներ և  550-ից ավելի բակեր ու միջբակային փողոցներ:

Միայն 30 փողոցներում է նախատեսվել ասֆալտապատում կատարել  համատարած, իսկ մյուս փողոցներում` կա՛մ փոսային վերանորոգման, կա՛մ մեծ կտորներով` ըստ անհրաժեշտության:

Ասֆալտապատման ընդհանուր քանակը կազմել է մոտ 1 750 000 քմ մակերես:

Համատարած ասֆալտապատում է կատարվել Շիրազի, Գր. Հասրաթյան, Մ. Բաբաջանյան, Հր. Քոչարի, Ն. Զարյան, Փափազյան, Աճառյան, Ռոստովյան, Պռոշյան, Պարոնյան, Խորենացու, Խանջյան, Վ. Սարգսյան (2 կողմը), Եզնիկ Կողբացու, Գ. Նժդեհի, Սարյան, Պուշկինի փողոցներում, Մյասնիկյան պողոտայում, Հանրապետության և Շահումյան հրապարակներում: Աշխատանքներն ընթանում են Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Կիևյան, Լենինգրադյան փողոցներում։Մյուս փողոցներում կատարվում են մասնակի փոսային վերանորգման կամ համատարած մեծ կտորներով ասֆալտապատման աշխատանքներ:

Իհարկե, հաճելի է, երբ ինչ-որ տեղ, լինի դա Երևանում թե մարզերում, նման ծավալի աշխատանքներ են ընթանում: Այդպիսի աշխատանքներն ուղղված են, կամ ենթադրվում է, որ պետք է ուղղված լինեն մարդկանց շրջակա միջավայրն առավել հարմարավետ դարձնելուն: Բայց նայելով, թե ինչպիսի խցանումներ են գոյանում աշխատանքների իրականացման և դրանց հարակից փողոցներում, կարծում ենք` ճիշտ է երթուղայինի ուղևոր այն տատիկը, որ համոզված է, թե ամեն ինչ անում են մարդկանց հոգսը ևս մեկով ավելացնելու և անհանգստություն պատճառելու համար: Իհարկե համոզված ենք, որ քաղաքապետարանում ի սկզբանե պատկերացրել են, թե ինչ փողոցներում և ինչ ծավալներով աշխատանքներ պետք է իրականացվեն: Հետևաբար, պատկերացրել են նաև, թե ինչ վիճակ կստեղծի այդքան գլխավոր փողոցներում այդ ծավալների աշխատանքների միաժամանակյա իրականացումը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության խախտումները նվազագույնի հասցնելու համար աշխատանքները կազմակերպվում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետների, Ճանապարհային ոստիկանության և կապալառու կազմակերպությունների համատեղ  ջանքերով: Սակայն, ըստ երևույթին, ոչ ոք քաղաքապետարանից դուրս չի եկել ու չի տեսել, որ այն փողոցներում, որտեղ աշխատանքներ են ծավալվում, գոնե խաչմերուկներում, ճանապարհային ոստիկանները հայտնվում են, այսպես ասած, տարին մեկ անգամ: Առաջացող խցանումները բացվում են հենց վարորդների ջանքերով: Իսկ կառուցապատողների «ջանքերը» սահմանափակվում են այնքանով, որ ճանապարհի այն հատվածը, որտեղ ընթանում են բուն աշխատանքները, թելերով կամ ժապավենով եզրագծվում են: Ընդամենը: Ու հարց է առաջանում` մի՞թե չէր կարելի հիմնական աշխատանքները կազմակերպել այնպիսի ժամերի, օրինակ` երեկոյան, երբ ուղևորների և տրանսպորտային միջոցների հոսքը համեմատաբար ավելի քիչ է: Հետևաբար նաև խցանումների և անհարմարությունների հնարավորությունն է փոքրանում: Իսկ բանվորները, որ իրականացնում են այդ աշխատանքները, գոնե չեն տառապի շոգից:

Համենայն դեպս աշխատանքային գրաֆիկը ոչ թե առանձին փողոցների համար է, այլ ընդհանուրի, որի ավարտը նախատեսված է մինչև սեպտեմբերի 1-ը:

Հարկ է նշել, որ այս «ասֆալտային իրարանցման» ամբողջ ծրագրի համար նախատեսված է 10.0 մլրդ դրամ գումար: Իսկ քաղաքապետարանից հայտնում են, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են տեխնոլոգիայի և մրցույթով շահած պահանջներին համապատասխան:

Անհասկանալի է, թե ինչ տեխնոլոգիաներով են իրականացվում այդ աշխատանքները: Քանի որ այն փողոցներում, որտեղ արդեն ավարտվել են դրանք, վարորդներն արդեն բողոքում են վատ որակից:

«Ես արդեն 17 տարի է, ինչ Ռուսաստանում ճանապարհաշինական ընկերություն եմ ղեկավարում: Եթե այդպիսի աշխատանք կատարեի, աշխատանքս չէին ընդունի և ինձ դրա համար փող չէին տա: Այնտեղ, օրինակ, ասֆալտը փռելուց հետո ընդունողները շլանգներով ջուր են մղում նոր ասֆալտապատված հատվածի վրա: Եթե ինչ-որ տեղ թեկուզ մի փոքրիկ ջրափոս գոյանա, աշխատանքը չեն ընդունի: Որովհետև այդ փոքրիկ ջրափոսերում ջուրը հավաքվելով  իր համար ուղի է փնտրում: Ասֆալտի վրա ճաքեր են առաջանում, ու այն սկսում է քանդվել: Նման դեպքում ո՞վ է գիժ, որ փող տա այդպիսի աշխատանքի համար»,- ասաց Մոսկվայում ճանապարհաշինական ընկերություն ունեցող հայ գործարար Գագիկ Մովսիսյանը, որ այս օրերին գտնվում էր Հայաստանում:

Ի դեպ, նա նաև նշեց, որ նոր վերանորոգվող ճանապարհներում ստանդարտներին չեն համապատասխանում դիտահորերի բերանների դիրքերը, որոնք փոսի ձևով են արված: Ճանապարհներն էլ չունեն անհրաժեշտ կորություն և սելավատարներ, որպեսզի անձրևի, ձյան դեպքում առաջացող ջրերը հոսեն ու հեռացվեն ասֆալտից: Դա օգնում է, որ ճանապարհը երկար կյանք ունենա:

Ճանապարհաշինարար-ինժեներ Կարինե Սարդյանն էլ իր դիտարկումն ունի: Նա նշեց, որ ճանապարհները շրջադարձերի հատվածներում պետք է որոշակի թեքություն ունենան. շրջադարձ-հատվածը դեպի ներս պետք է ավելի ցածր լինի: «Այսինքն` եթե շրջադարձը դեպի աջ է, ապա ասֆալտի ձախ մասը պետք է մի քիչ բարձր լինի աջ մասից: Սա արվում է այն պարզ պատճառով, որ մեքենաները շրջադարձ կատարելիս տեղաշարժվում են շրջադարձի հակառակ ուղղությամբ` սա ֆիզիկայի երևույթներից է: Ու նման պարագայում ասֆալտի թեքությունը թույլ չի տալիս, որ մեքենան դուրս «թռչի» ճանապարհից»,- նշեց ինժեները:

Իսկ թե ինչու չեն պահպանվում ճանապարհաշինական նման պարզ կանոնները, թերևս կարող են պատասխանել միայն  պետական վերահսկողական ծառայությունները: Համենայն դեպս, ողջ աշխարհում ասֆալտապատումն ու ճանապարհաշինությունը համարվում են փողերի լվացման լավագույն ոլորտներից:

Ամեն դեպքում նշենք, որ մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում են 10 ՍՊԸ-ներ («Սահակյանշին», «Խաչհար», «Վահագն և Սամվել», «Շինֆորում»,  «Նարիմանյան», «Սիսիանի Բուատ», «Վլհակ», «Ճանապարհ», «ԱԱԲ պրոեկտ» և «Տեր-Հայրապետյան»): Այս ընկերություններն առաջին օրը չէ, որ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացնում և հազիվ թե չիմանան ճանապարհաշինության տարրական կանոնները:

Այսպես թե այնպես, մեր զրուցակից մասնագետները համոզված են, որ շատ շուտով այս օրերին նորոգվող ճանապարհները նորից նորոգվելու կարիք կունենան:

 

 

Դիտվել է 2064 անգամ:
Print Friendly

Leave a Reply