Ի՞նչ է անորեքսիան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 2, 2012 6:31

Մինչ վերջերս էլ նորաձև էին չափազանց նիհար մոդելները: Շատ ու շատ աղջիկներ ու կանայք էին փորձում հետևել նրանց` հանուն ցանկալի չափսերի օրգանիզմը զրկանքների մատնելով: Ի դեպ, մտագարություն հիշեցնող այդ խանգարումները համաճարակի վերածվելու սպառնալիք են դարձել:

Անորեքսիայի զոհ են դառնում հիմնականում 13-18 տարեկանները: Նրանց ծնողները երբեմն նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց սիրելիների հետ: Ուշքի են գալիս այն ժամանակ, երբ արդեն ոչինչ հնարավոր չէ շտկել: Հետևաբար, պետք է զինվել տարրական  գիտելիքներով, որոնք կհուշեն անորեքսիայի սպառնալիքի մասին:

Առաջին` հանկարծ ձեր զավակը որոշում է, որ պետք է քաշը գցի` սկզբում այդ նպատակի համար դիետիկ սնունդ նախընտրելով, իսկ հետո նաև սովորական սննդից ընդհանրապես հրաժարվելով: Ընդ որում, ինքնագնահատումն  արդեն ճիշտ ուղղությամբ չի գնում. նիհարիկ աղջիկն իրեն  հաստլիկ է համարում ու շարունակ խոսում, որ հարկավոր է նիհարել, որը վերածվում է սևեռուն գաղափարի:

Անորեքսիան  անտեսանելի ու շատ վտանգավոր խութեր ունի. իր զոհին կտրում, պոկում է սովորական կյանքից ու դատապարտում կատարյալ միայնության: Անորեքսիայով տառապող աղջիկը չի շփվում ընկերների հետ, խուսափում է նրանցից, ի վերջո, ընկնում խոր դեպրեսիայի մեջ, տանջվում անքնությունից, ասես մեղքի զգացումը տանջում է  յուրաքանչյուր կերած պատառի համար, դրա համար էլ ուտելուց հետո փորձում է արհեստականորեն փսխում առաջ բերել:

Մի շատ կարևոր ախտանշան էլ կա. անորեկտիկների մոտ դաշտանային ցիկլի խանգարում է առաջանում ու վերականգնվում է  հորմոնային բուժումից հետո: Եթե նման ախտանշաններ հայտնաբերել եք, ուրեմն  շտապեք բժշկի. այս հիվանդությունը դժվար է բուժվում, հաճախ  դրա վրա տարիներ են ծախսվում, երբեմն նույնիսկ բուժումն այլևս ապարդյուն է համարվում:

Անորեքսիան մահացության  ելքով մեծ տոկոս  է կազմում մյուս հոգեբանական հիվանդությունների մեջ:

Ինչպե՞ս կարելի է բուժվել

Անորեքսիան հիվանդություն է, սակայն այն բուժելու համար դեղամիջոցներ չկան: Ու քանի որ այն հոգեբանական հիվանդություն է, նշանակվում են ընդհանուր նշանակության դեղեր, հակադեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ, որոնք օգնում են հիվանդին ձերբազատվել տագնապի զգացումից:

Իսկ դպրոցներում հարկավոր է աղջիկներին կանխարգելող ծրագիր ուսուցանել, բացատրել, որ օրգանիզմին սննդից զրկելը կամ սննդի սահմանափակումը կարող է հանգեցնել ճարպային ու մկանային հյուսվածքների քայքայման: Խանգարվում է դաշտանային ցիկլը, նյութափոխանակությունը, վատանում է հիշողությունը, հեմոգլոբինի պակաս է առաջանում: Եվ, բնականաբար, հյուծված, ուժահատ օրգանիզմին ցանկացած վարակ կարող է մահվան հանգեցնել:

Ասվածից կարելի է հետևություն անել.  աղջիկների վարքագծի նշված յուրաքանչյուր փոփոխության դեպքում զգոն եղեք, քանի որ դա կարող է անորեքսիայի սկիզբ ազդարարել: Որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրեք խնդիր ունեցող երեխային: Հիշեք, որ այն դժվար է բուժվում ու հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Փաստեր ու թվեր

Ողջ աշխարհում անորեքսիայից տառապում է կանանց 2%-ը և տղամարդկանց 0,4%-ը: Ժամանակին բուժման դեպքում ապաքինվում է նրանց  50%-ը:

Անորեքսիայով տառապում են առավելապես սպիտակամորթները:

Հիվանդների 10%-ը մահանում է հիվանդության պատճառով առաջացած բարդություններից և օրգանիզմի չափազանց հյուծումից:

Անորեքսիայով հիվանդների սրտի ռիթմն է խանգարվում, առաջանում է երիկամային անբավարարություն, սովորականից ցածր է մարմնի ջերմաստիճանը, արյան ճնշումը: Մազերը բարակ ու փափուկ են` զուրկ օգտակար նյութերից:

Անորեքսիայով հիվանդները մարմնի նվազ զանգվածի պատճառով խիստ վատ են տանում ցուրտը:

Փոքր տարիքում անորեքսիան կարող է զարգացման ու աճի խանգարման հանգեցնել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անորեքսիայով հիվանդները տառապում են օսթեոպորոզից կամ ոսկրի բարակացումից:

Դիտվել է 2762 անգամ:
Print Friendly

Leave a Reply