Արմինե Անդա. «Մարդկությանը պակասում է ուղղակի հավատալու ֆենոմենը»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 30, 2012 7:00

Հետպատերազմյան Հայաստան։ Երիտասարդ կինը  հանկարծակի, ռացիոնալ տեսանկյունից անհասկանալի մղումով,  հետպատերազմյան անորոշության և տեսած երազի ազդեցությամբ հրաժարվում և հեռանում  է  ամեն ինչից  և սկսում թափառել երկրում։ Զրկելով ինքն իրեն կենսագրությունից և, փաստորեն, վերածվելով այլմոլորակայինի՝  նա կարծես նորից է կլանում աշխարհը՝ ի դեմս իրեն անծանոթ մարդկանց ու Հայաստանի հզոր բնության` լսելով նրանց «ձայները» ու փնտրելով այն մարդուն, ում ձայնն էլ կանչել է իրեն…

Ֆիլմը ոգեշնչված է Ժաննա դ’Արկի լեգենդից:

Արմինե Անդան «Ժաննան և ձայները» ֆիլմի սցենարի հեղինակն է ու Ժաննայի կերպարը մարմնավորողը:

– Ֆիլմի ընթացքում Ժաննան միշտ հեռանում էր. ինչի՞ց:

– Ընդհանրապես մի բանից հեռացումը ճանապարհն է դեպի մոտեցում մեկ այլ բանի: Ժաննան մի կողմից հեռանում էր ինքն իրենից, մյուս կողմից մոտենում էր ու մոտենում այն տղամարդուն, որին դեռ չէր ճանաչում: Ժաննայի պատմությունը ռեժիսորն այնքան յուրահատուկ լեզվով է պատմել, որ ինչ էլ ասեմ, կլինի իմ անձնական մեկնաբանությունը: Հեռացումն ու մոտեցումը, ինչպես շատ հակադարձումներ, միշտ լինում են միաժամանակ:

– Ֆիլմում գրեթե ձայներ չկային, բայց անընդհատ ինֆորմացիա էր հաղորդվում, որից խառանաշփոթ էր առաջանում. արդյոք  Ժաննայի հոգո՞ւմ էլ էր այդ խառնաշփոթը:

– Երեխաները ֆիլմում խոսում են. դրա մեջ երևի խորհուրդ կա: Նախնական պայմանավորվածություն չի եղել, բայց մոնտաժվելուց հետո մնացին միայն երեխաների ձայները, որովհետև միայն նրանք կարողացան ազատ խոսել, որովհետև մարդիկ իրենք իրենց հետ ազատ չեն. այսինքն` տվյալ դեպքում անիմաստ է խոսել արտահայտած մտքերի ազատության մասին:  Բայց դա չի նշանակում, որ բացի երեխաներից, մնացածները ձայն  չունեն, պարզապես ռեժիսորը ոչ ավանդական, փոքր-ինչ բանաստեղծական է փոխանցել այդ ձայնը: Իհարկե, հանդիսատեսի համար դժվար էր այդ ձայնը լսել ռեժիսորի լեզվով, այլ ոչ թե ավանդական սպասելի լեզվով:

– Ֆիլմում Ժաննայի կերպարը դուք եք ներկայացնում. ինչքանո՞վ է Ժաննան Արմինե Անդա և Ժաննա դ’Արկ:

– Կերպարը այս ֆիլմում սկսվել է Ժաննա դ’Արկի կերպարի հանդեպ հետաքրքրությունից, որովհետև Ժաննա դ’Արկը ուղղակի անհնարինն անելու հավատի մեծ ուժ ուներ: Իմ հերոսուհին անում է  նույնը, բայց ուրիշ ֆորմայի ու մասշտաբի մեջ. նա գնում ու գտնում  է մի մարդու ու չգիտի՝ ով  է այդ մարդը ու չգիտի՝ ինչու  է գնում: Այսօր աշխարհում պակասում է հավատալու ֆենոմենը, դրա համար էլ դժվար ենք հասկանում Ժաննային:

– Կարծում եմ՝ Արմինե Անդային, Ժաննային ու Ժաննա դ’ Արկին միավորում է հիացմունքը՝ ուղղակի հավատալու կարողության հանդեպ:

– Ես գրում եմ հեքիաթներ, որտեղ դարձյալ նույնն եմ անում. հավատալ մի բանի, որը հնարավոր չէ՝ իրականանա: Ուղղակի հավատալը հենց այն ուժն է, որ օգնում է քեզ իրականացնել մի անիրականանալի բան: Հենց այս ֆիլմի գաղափարը բավական անհնարին մի բան էր, որին ես ուժ տվեցի հավատալով:

Ես հասկացա՝ միֆերն ու լեգենդներն ապրում են, որովհետև նրանց հերոսները ճանապարհ են դուրս գալիս հավատով ու դրա համար էլ հասնում են ճանապարհի ավարտին:

– Եթե ֆիլմը պրոեկտենք հայկական իրականության վրա, մեզ պակասո՞ւմ  է ուղղակի հավատալու ֆենոմենը:

– Ընդհանրապես մարդկությանն է այն պակասում, որովհետև կյանքն ավելի պրագմատիկ  է այսօր. հայկական իրականությունում՝ առավել ևս: Հայաստանը, կարծում եմ, մի երկիր է , որտեղ բազմաթիվ խնդիրների պատճառը հենց հավատալու անկարողությունն է: Եթե դու քո երեխային հույս ու երազանք չես փոխանցում,  դարձնում ես նրան տկար:

– Ովքե՞ր էին երեխաները ֆիլմում:

– Երեխաների մեջ անմեղություն կա: Ժաննայի մեջ էլ անմեղություն կա, որովհետև միայն անմեղը կարող է վեր կենալ և ուղղակի հեռանալ, որ ուրիշ բանի մոտենա: Նորից վերադառնալով առասպելին ու լեգենդին, որովհետև Ժաննա դ’Արկն էլ ոչ միայն պատմություն է, այլև լեգենդ, ասեմ, որ Ժաննայի անմեղությունը կրկնվում է երեխաների մեջ: Հերուսուհու կրկնորդի դերում կարծես հանդես են գալիս երեխաները: Իզուր չէ, որ Ժաննա դ’Արկի դերը ներկայացնում է հենց երեխաներից մեկը:

– Եթե փոք- ինչ հեռանանք ֆիլմից, երեխաները` որպես սիմվոլ, կկարողանա՞ն փոխանցել այդ հավատը:

– Երեխաները կկարողանան, եթե նրանց չարգելեն: Երեխան իր շուրջը սահմաններ չի դնում, ուրեմն անմեղ է ու կարողանում է հավատալ, որովհետև գիտակցությունից ենթագիտակցություն շփումը բաց է նրա համար: «Ժաննան և ձայները» բանաստեղծական ֆորմայի մեջ է և չի ենթադրում միայն գիտակցական շփում:

– Ֆիլմում և նրանից դուրս որտե՞ղ է ազատությունը:

– Հերոսուհին ուներ ազատություն, իսկ հերոսը՝ ոչ: Հերոսուհին ազատ էր, որովհետև իր առջև խնդիր չդրեց` ինչու գնալ ու քայլել ամբողջ Հայաստանում,մյուս կողմից` ֆիլմում և ֆիլմից դուրս ազատ էր ռեժիսորը: Մի վրացի ռեժիսոր ֆիլմի մասին այսպես արտահայտվեց. «Ես չէի համարձակվի այսպիսի ֆիլմ անել»: Դու տալիս  ես այդ ազատությունը` վերջում ստանալով տարբեր պատասխաններ:

Առաջին հերթին մարդ ինքն իրեն պիտի սովորեցնի ազատություն, հետո միայն ազատ հասարակություն կառուցելու ձգտում ունենա: Եվ այդ ազատությունը չպիտի վերաբերի ուրիշներին քննադատելուն: Ազատություն է, երբ ինքնդ քեզ և ուրիշին ազատություն ես տալիս միշտ հայտնաբերելու: Այսինքն՝ հայտնաբերման ճանապարհն է հենց ազատությունը:

Այսօր Հայաստանում մշակույթը տխուր վիճակում է, որովհետև մենք չափից շատ ենք մոդելավորում: Մոդելն արդեն ազատության սահմանափակում է:

– Ինձ` հանդիսատեսիս համար ֆիլմը առողջացում էր հայ իրականության համար:  Ձեր կարծիքով` այսպիսի առողջացումները կստեղծե՞ն ազատ հասարակություն:

– Չկա երաշխիք, բայց կա առաքելություն, որ մնացած բժիշկների, երեխաների  և մշակութային ժառանգության հետ միասին արվեստը կարող է ստեղծել  փոքրիկ «առողջարաններ», երազանքներ, հույսեր… Եվ երբեմն ցույց տալ տխուր կողմերը, որովհետև տխուր կողմի միջով պիտի անցնես, որ հասկանաս՝ ինչ գտար ու ինչի համար:

Հայաստանը մի երկիր է, որ շատ տխուր կողմերի հետ ունի շատ լուսավոր կողմեր, ինչպես, օրինակ` հզոր ու հրաշալի բնությունը, իսկ հզոր ու հրաշալի բնությունը արդեն մեծ առողջություն է:

Հարցազրույցը` Լիլիթ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Դիտվել է 1762 անգամ:
Print Friendly

Leave a Reply