Պարզվում է` սիրիահայերը գոհ են Հայաստանի վերաբերմունքից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 26, 2012 14:19

Սիրիահայերն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Հայաստանի վերաբերմունքը իրենց նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին վերջերս Հայաստան ժամանած մի խումբ սիրիահայեր:

“Հայաստանում ինտեգրացման ու գործարարության հարցերի հետ կապված ես դրական եմ գնահատում այն բոլոր ջանքերը, որ տեղի են ունենում թե’ պետական կառույցների, թե’ հասարակական կազմակերպություների շրջանակներում”,- ասաց սիրիայից արդեն 3 ամիս է Հայաստան ժամանած գրող, հրապարակախոս Տիգրան Գաբոյանը:

Նա Հայաստանում պատրաստվում է փոքրիկ բիզնես հիմնել և մնալ այստեղ, եթե գործերը լավ լինեն` կապ պահելով նաև իր սիրիական հայրենիքի հետ: Ըստ նրա` Հայաստանի կառավարությունը բավականին նպաստավոր պայմաններ է ստեղծել այստեղ փոքր ու միջին բիզնեսով զբաղվելու համար, և նախնական տպավորությունը հարկային դաշտի և մյուս հարցերի շուրջ սիրիահայ բանաստեղծը լավ է գնահատում:

Անդրադառնալով որոշ սիրիահայերի դժգոհություններին` կապված վիզայի ու գրանցման հետ` բանախոսներն ասացին, որ առանձնապես խնդիրներ չեն ոնեցել իրենք, միայն թե լավ կլիներ, որ հենց սահմանին իրենց վիզան խփեին: Մի փոքր դժգոհություն հայտնեցին նաև ինքնաթիռի տոմսերի գներից ու թռիչքների սակավությունից, և ասացին, որ տոմսերի գները ընդամենը մի 100 դոլարով են թանկացել:

Թե ինչ է կատարվում այսօր Սիրիայում, ինչ վիճակ է այnտեղ, բանախոսներից ոչ մեկը չցանկացավ խոսել, միաբերան հրաժարվեցին պատասխանել նմանատիպ հարցերին, միայն ասացին, որ Սիրիայի հայ համայնքը ցանկացած քաղաքական իրավիճակում չեզոք դիրք է բռնում և չի խառնվում երկրի ներքին կամ արտաքին քաղաքական հարցերին: Նրանք միայն հույս հայտնեցին, որ իրավիճակը շուտով կհարթվի Սիրիայում և իրենք կրկին կսկսեն ապրել իրենց բնականոն կյանքով:

Բանախոսները նաև շնորհակալություն հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությանը, որ եկել ու հենց օդանակավակայնում դիմավորել է իրենց և պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց ցանկացած հարցով` հորդորելով խնդիրներ առաջանալու դեպքում անպայման դիմեն նախարարությանը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply