Ընտրությունները քայլ են դեպի ԼՂՀ ճանաչում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 26, 2012 14:18

Հուլիսի 19-ին Արցախում կայացան նախագահական հերթական ընտրությունները, որոնց շուրջ արձագանքները չուշացան: Ընտրությունների փաստի առթիվ կարծիքները բաժանվեցին երկու մեծ խմբի: Առաջին խումբն ընդունում և ճանաչում էր ԼՂՀ-ում կայացած ընտրությունները և դրանց վերաբերյալ տալիս իր գնահատականը, երկրորդ խումբը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը:

Ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հանդես եկավ մամուլի ասուլիսով և նշեց, որ ԼՂՀ-ում նախագահական հերթական ընտրություններ են, ու եթե դրանք անխափան իրականացվում են, նշանակում է` մեր երկրորդ պետականությունն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, այդ թվում` նաև միջազգային ասպարեզում:

Նա նշեց, որ ԼՂՀ ցանկացած ընտրություններից երկու-երեք օր հետո սկսում են ինչ-որ արձագանքներ, գնահատականներ: «Մեծ և ոչ այնքան մեծ տերությունները շտապում են հայտարարել, թե իրենք, իբր, չեն ճանաչում այդ ընտրական գործընթացները ԼՂՀ տարածքում: Սակայն բոլորս էլ գիտենք, որ ղարաբաղցին թքած ունի, թե ով ինչ է ճանաչում և չի ճանաչում»,- նշեց քաղաքագետը:

Եվ նրա խոսքերը, փաստորեն, իրականացան: Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, հուլիսի 20-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012 թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին: Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը. փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից և ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որևէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման հասնելու համար»:

Այս բնույթի հայտարարություններով հանդես եկան նաև ՆԱՏՕ-ի և եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Բայց ԼՂՀ բնակչությունն իր ընտրությունը չի անում, որպեսզի հեռավոր բրյուսելներում, փարիզներում կամ վաշինգտոններում ինչ-որ մեկը ճանաչի իր ընտրությունը, կամ ոչ: ԼՂՀ ազգաբնակչությունն ընտրում է, քանի որ, ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, մարդն իրավունք ունի մասնակցելու իր ապրելու վայրի կառավարմանը` ուղղակի կամ անուղղակի: Եվ երկրորդ` հենց հռչակագրի նախաբանում գրված է, որ մարդու իրավունքները տարածվում են և պետք է իրացվեն բոլոր տարածքներում` անկախ դրանց կարգավիճակից:

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի. «Բանն այն է, որ նախորդ բոլոր նախագահական, խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ արևմտյան կառույցները միշտ հանդես են եկել այնպիսի հայտարարություններով, թե իբր չեն ճանաչում ԼՂՀ-ում տեղի ունեցող ընտրությունների օրինականությունը: Դրանք ուղղակի չեն կարող անօրինական լինել: Ոչ միայն այն իմաստով, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր իշխանություններին ընտրելու իրավունք, այլև, որ միջազգային հանրությունը սպասում է այդ ընտրություններին: Բանն այն է, որ 1992-ից ի վեր ԵԱՀԿ-ն արդեն որոշել է, որ արցախցիների հետ գործ կունենա միայն նրանց ընտրված ներկայացուցիչների միջոցով, ինչը նշանակում է, որ պարբերաբար ԼՂՀ-ում պետք է օրինական ընտրություններ անցկացվեն»,- նշեց քաղաքագետը:

Այժմ անդրադառնանք ԼՂՀ-ում անցկացված ընտրությունների դրական արձագանքներին: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելությունը Ղարաբաղում նախագահի ընտրության գործընթացը համարում է հանրապետության քաղաքացիների կամարտահայտման կայացած ժողովրդավարական ակտ, որը համապատասխանում է միջազգային նորմերին: Այս մասին հուլիսի 20-ին մամուլի ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը:

Հուլիսի 23-ին Երևանի մամուլի ասուլիսում ԱՊՀ երկրների ինստիտուտի քաղաքագետ, փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, անդրադառնալով ընտրություններին, եզրակացրել է, որ Ղարաբաղում ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել, ընտրվել է օրինական իշխանություն, իսկ հարևան Ադրբեջանում  գործում է  ալիևյան բռնատիրական վարչակարգը: Նման պայմաններում փորձագետն առաջին երկրի անցումը երկրորդի ենթակայության տակ անհեթեթություն է համարում:

Որ ԼՂՀ-ի նախագահի ընտրությունները եղել են արդար, ազատ,  հուլիսի 23-ին Երևանում հայտարարել է նաև Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը: Ըստ նրա` գրեթե բոլոր դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների ընթացքը,  ընդ որում` նրանց շարքում եղել են  ներկայացուցիչներ Ռուսաստանից, ԵՄ-ի երկրներից, Կանադայից և այլ պետություններից:

«Ընտրություններում 75%-անոց մասնակցությունը կարող է  նախանձի առարկա դառնալ ԱՊՀ մյուս երկրների համար: Ավելին` ընտրությունների արդյունքներն արդեն խոսում են  իրենք իրենց մասին: Ձայների 30%-ը տրվել էր  ընդդիմադիր թեկնածուին, և հետո,  վերջինիս կողմից ընտրությունների արդյունքների ճանաչումը խոսում է  դրանց կազմակերպվածության բարձր մակարդակի մասին», – նշել է Արեշևը` ընդգծելով, որ այդ ընտրությունները սովորական նշում անել չէին:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն և Էդ Ռոյսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը շնորհավորել են հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Որքան էլ տարբեր երկրների ԱԳՆ-ները շարունակեն հայտարարություններ անել, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունները, արտասահմանյան լրատվամիջոցները դրանց վերաբերյալ նյութեր են հրապարակում:

Հուլիսի 19-ին Արցախում կայացած նախագահական ընտրություններին անդրադարձ է կատարել BBC NEWS-ը: Նրանից հետ չեն մնացել նաև ռուսական, գերմանական և ֆրանսիական լրատվամիջոցները: Այսպես` գերմանական Deutsche Welle-ն, վկայակոչելով ԼՂՀ ԿԸՀ-ին, հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց` ԼՂՀ նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը:

Ֆրանսիական  Le Monde-ը գրում է. «Լեռնային Ղարաբաղն ընտրեց իր նախագահին լարված մթնոլորտում, որը ստիպում է վախենալ Կովկասի այդ տարածքում նոր հակամարտությունից»: Թերթը հիշեցնում է, որ 1990 թ., երբ Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, սկսված պատերազմը 30 հազար մարդու կյանք խլեց և ծնեց հազարավոր փախստականներ:

Իսկ Հայաստանում նախկին ՄԻՊ և ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ընդգծեց. «Մենք հստակ պետք է տեսնենք, որ ինչքան էլ մեզ ասեն, որ այդ ընտրություններն իրավական չեն կամ չեն ճանաչվում, հենց այդ չճանաչումը, որքան էլ տարօրինակ է, հենց ճանաչում է: Այսինքն` Արցախը պարտադրել է հետևել այդ ընտրություններին, գնահատել այդ ընտրությունները»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էլ համոզված է, որ ԼՂՀ-ում անցկացված և անցկացվող ամեն մի ընտրություն, այնուամենայնիվ, հատկապես եթե տեղի է ունենում ժողովրդավարական արժեքների համաձայն, քայլ է դեպի ճանաչում:

«Որովհետև եթե որոշ միջազգային կառույցներ, այդ թվում` ԵԱՀԿ-ն, խոսում են այն մասին, որ ինչ-որ էտապում լինելու է անկախության հանրաքվե, կարող ենք ասել, որ մենք ոչ միայն 1991 թվականին ենք անցկացրել անկախության հանրաքվե, այլև դրան հաջորդած բոլոր ընտրությունները` խորհրդարանական և նախագահական, ՏԻՄ ընտրությունները, ըստ էության, եղել են անկախության ընտրություններ»,- պարզաբանեց Ալեքսանդր Մանասյանը:

 

Դիտվել է 1742 անգամ:
Print Friendly

Leave a Reply