Արամ MP3-ին «Կոմեդի քլաբում». Երբ նայում եմ ժամացույցին, տեսնում եմ` ինչպես են վայրկյանները կյանքիցս գնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 11, 2009 14:09

aram-mp3Արամ MP3-ին` «32 ատամ» ակումբի ամենավառ արտիստը, այնպես է հուզվում ամեն ելույթից առաջ, որ ձեռքերը սառչում են ու սկսում է արագ-արագ հետ-առաջ քայլել:

«Հետը խոսել չի լինում», -ասում է Արամի կինը` Աննան. «Երբեմն անհարմար դրությամ մեջ եմ ընկնում, եթե մյուս օրը ելույթի պիտի լինի, իսկ մեր տուն հյուրեր են գալիս, Արամը ոչ մեկի հետ չի շփվում, թթված նստում է»:

Արամն ասում է, որ ամենաշատ հուզվում է տեքստը մոռանալու վախից: Աննան պատմում է, որ Հ1-ով «Երկու աստղի» ժամանակ երգի բառերը գրում էին Արամի ռեկվիզիտի վրա. «Եթե ուշադիր լիներ հանդիսատեսը կնկատեր, որ մարդիկս շատ հաճախ նույն կետին նայելով էր երգում, «Չորտովոյե կոլեսո» երգի ժամանակ, օրինակ, բառերը գրել էինք գավազանի վրա»:

25-ամյա Արամ Սարգսյանն ավարտել է Բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետը. «Ուզում էի ստոմատոլոգ դառնալ, բայց մեծ կոնկուրս էր, բալերս չհերիքեցին: Երեւի, մեծ սխալ էր, որ չփոխեցի ֆակուլտետը, բայց, երեւի, նաեւ սխալ չէր, թե չէ էս ամենը չէր լինի»:
Արամն ու Աննան երկու տարի է, ինչ ամուսնացած են, ապրում են ծնողներից առանձին` վարձով, Աջափնյակում, ուր ծնվել ու մեծացել են ամուսինները` փոքիկ, բայց շատ հարմարավետ ու մշտապես ուրախ բնակարանում:

Չնայած նրանց դպրոցները գտնվել են դեմ դիմաց, սակայն ամուսինները ուսման երկար ու ձիգ տարիներին երբեք չեն հանդիպել. «Մեր դպրոցները երդվյալ թշնամիներ էին, միշտ կռիվներ էին լինում մեր միջեւ, զարմանալի է, որ նույնիսկ կռիվների ժամանակ չենք տեսել իրար»:

Ավելին` Աննայի հայրն ու Արամի մայրը շատ մտերիմ համադասարանցիներ են եղել, մտերմությունը շարունակվել է դպրոցից հետո, երեխաներն իմացել են մեկը-մյուսի գոյության մասին, սակայն երբեք չեն հանդիպել: Երկուսի մանկության մտերիմ ընկերուհին` Սոնան, արտերկրից վերադառնալով Հայաստան, ծանոթացրել է նրանց` հենց Աննայենց տանը:

Արամն ու Աննան սկզբում բոլորովին չեն համակրել իրար, Սոնան որոշել է, որ պետք է գնան դիսկոտեկ, հետո գիշերեն Աննայենց տանը, չէ՞ որ տանը մեծ չկար: «Շատ էի ջղայնացել, բայց ինչ կարող էի ասել, Սոնան հայտարարեց, որ ամբողջ գիշեր պիտի կարտ խաղանք, կես ժամ չանցած, ասեց, որ քունը տանում է ու քնեց. ես էլ հո չէ՞ի թողնելու օտար տղայի մենակ մեր տանը, ուզած-չուզած նստեցի կողքին ու սկսեցինք զրուցել», -պատմում է Աննան: Նույնիսկ երկար զրույցի վերջում` իրար չեն հավանել, օրեր հետո են միայն հասկացել, որ այլեւս չեն բաժանվելու:

Նրանք ամուսնացան «Երկու աստղից» անմիջապես հետո` Արամի ճանաչման պիկի ժամանակ:

«Աննա, վախեցա՞ր ընկերոջդ աղջիկները փախցնեն ու միանգամից ամուսնացաք»: Աննան ասում է, որ երբեք չի խանդել Արամին, առիթ չի եղել. «Չնայած մոտ ընկերուհիս մի անգամ ասեց. «Ան, աչքիս դու «Երկու աստղի» ժամանակ սիրահարվեցիր Արամին:

«Արամ, կպատմե՞ս ծնողներիդ մասին». «Դե, ի՞նչ պատմեմ, որ հայրս ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղո՞ւմ…: Պապաս ստոմատոլոգ ա, մամաս` ուսուցչուհի: Մամաս կիթառ ա նվագում, բայց սիրողական մակարդակի, այսինքն` ֆլամենկո չի խզարում, էլի: Իմ ծնողներից ա արմատացած լավ երաժշտության հանդեպ իմ սերը»:

Այս տարի մի քանի անգամ Արամը մենահամերգներ է տվել «Ավանգարդ Ֆոլք» ակումբում, որոնց տոմսերն արագ սպառվում էին:
«Շատ ուժեղ համերգ էր, շատ ուժեղ էներգետիկայով, լրիվ համերգի մեջ էինք: Մի վայրկյան չէիր մտածում, թե, ում երգն ա երգում, կարեւորը դա չէր, կարեւորը էն էր, թե ինչքան լավ ա երգում Արամը , -սցենարիստ Հարութ Կբեյանը եղել է Արամի համերգին, պատմում է, – Բոլոր երգերում ինքը կար, իրեն էինք լսում. շատ եմ ուզում կրկին համերգ տա, ու գնանք լսելու լավ երաժշտություն»: aram-mp

Արամ MP3-ին նկարահանվել է ռուսական «Քոմեդի քլաբում», որը դեռեւս չի ցուցադրվել հեռուստատեսությամբ. «Շատ լավ անցավ, դեկտեմբերին նորից պիտի գնամ, -ասում է Արամը, – այնպիսի կատակ էինք ընտրել, որ էնտեղի հանդիսատեսին մոտ լիներ, հասկանային հումորը. համենայն դեպս ինձ հանդիսատեսը շատ դուր եկավ, քլաբում բարի աուրա էր, տղեքը վիզ դնող մարդիկ են»:

Ամուսինները ծրագրում են գնալ Հայաստանից:

«Քո հայաստանյան հանդիսատեսը մեղք չի՞»:
«Իսկ ես մեղք չե՞մ», -հարցին` հարցով պատասխանում է Արամը:
«Քի՞չ ես վաստակում»:

«Շատերից շատ, բայց, օրինակ, վարձով եմ ապրում, հիմա էլ տուն ենք առնում` վարկով: Ուրիշ ոչ մի տեղ ինձ չեն հասկանում այսքան լավ, որքան այստեղ, ես ինձ իմ քաղաքում լավ եմ զգում: Իհարկե, լավ կլիներ այստեղ աշխատեի: Բայց գնամ, շատ փող կաշխատեմ, Հայաստանում եկեղեցի կկառուցեմ, վրան գրված` MP3 բարերարից: Վա՞տ կլինի»:

Արամ MP3-ի անեկդոտը «Անկախի» ընթերցողներին.


«Տղան ու հայրը քայլում են այգով, հայրը տեսնում ա, որ երկնքում աստղ ընկավ, տղային ասում ա.
«Տղաս, աստղ ա ընկնում, շուտ երազանք պահի»: Տղան իրար խառնված արագ-արագ մտածում ա.
«Հա, հա….ըըըը, չէ, էդ չէ, հա, այ էս, էէ~ , չէ~, ըը, այ, թե՞… ը..»:
«Այ տղա, չմտածեցի՞ր ինչ ես ուզում…»: Մեկ էլ հանկարծ երկնքից ծիծիկներով հեծանիվ ա ընկնում:

Դիտվել է 6531 անգամ:
Print Friendly

Leave a Reply