Ահմադինեժադը վերընտրվեց. ընդդիմությունը բողոքի ալիք է բարձրացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 15, 2009 17:34

ahmadinejad-mirhoseinՀունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չեն գոհացրել ընդդիմությանը: Նախագահական ընտրություններում տանուլ տված թեկնածու Միրհոսեյն Մուսավին բողոքարկել Է քվեարկության պաշտոնական արդյունքները և իր կողմնակիցներին կոչ Է արել շարունակել բողոքի գործողությունները: «Ես չեմ պատրաստվում անձնատուր լինել իշխանությունների կազմակերպած ներկայացումից հետո»,հայտարարել Է նա:

Իրանի իսլամական հեղափոխության խորհուրդը երկրում անցկացված նախագահական ընտրություններում տանուլ տված թեկնածուների գանգատները խոստացել է քննարկել և իր որոշման մասին հայտարարել հունիսի 25-ից ոչ ուշ:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ Է արել նախագահական ընտրություններում հաղթած Մահմուդ Ահմադինեժադի հակառակորդներին ճանաչել ընտրությունների արդյունքները և ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից:

Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների 62,63 տոկոսը քվեարկել է Մահմուդ Ահմադինեժադի, 33,75 տոկոսը` Միրհոսեյն Մուսավիի, 1,73 տոկոսը` Մոհսեն Ռեզաիի և 0,85 տոկոսը` Մեհդի Քյարուբիի օգտին: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 85 տոկոսը:

Նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ էր քվեների բացարձակ մեծամասնությունը` 50 տոկոս գումարած մեկ ձայն: Նախագահի լիազորությունների ժամկետն Իրանում 4 տարի է:

Մահմուդ Ահմադինեժադի գլխավոր ընդդիմախոսն ասել է, որ վրդովված Է տեղ գտած բազմաթիվ խախտումներից: Մուսավին բացահայտորեն իրանցի ժողովրդին նախազգուշացրել Է Իսլամական Հանրապետությունը բռնապետական վարչակարգի վերածվելու սպառնալիքի մասին:

Եվրամիությունը ևս մտահոգություն Է հայտնել Իրանի նախագահական ընտրություններում ենթադրվող խախտումների և արդյունքների հայտարարմանը հետևած բռնարարքների կապակցությամբ:

Չնայած Մուսավիի` օրենքի շրջանակներում խաղաղ ցույցեր անցկացնելու` իր կողմնակիցներին ուղղված կոչին, կիրակի օրը Թեհրանում մի շարք վայրերում կրկին ընդհարումներ են տեղի ունեցել:

iranԻսկ այսօր Իրանի ներքին գործերի նախարարությունն անօրինական Է հայտարարել նախագահ Ահմադինեժադի հակառակորդների ցույցը Թեհրանի կենտրոնում և արգելել Է դրա անցկացումը: Հանրահավաքի մասնակիցները պատրաստվում Էին պահանջել կրկնակի քվեարկություն անցկացնել:

Իշխանություններն անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկել Իրանի մայրաքաղաքում: Թեհրանի փողոցներում և հրապարակներում տեղակայվել են անկարգությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ:

Մուսավին և նրա կողմնակիցներն առայժմ չեն արձագանքել ցույցի արգելմանը, իսկ նախագահ Ահմադինեժադը ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով հետաձգել է այցը Ռուսաստան:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply