Հայ դիջեյները. սարի ժողովրդին էլեկտրոնային երաժշտությունը կշեղի՞ աղջիկ կպցնելուց

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 11, 2009 13:56

dj-vakcinaՎակցինայի աշխատանքը հիմնականում սկսվում է, երբ ուրիշները քնում են` գիշերվա 11-ին եւ ավարտվում` առավոտվա հինգին:
Վակցինան` կենսաբան Արուսյակ Մկրտչյանը, Հայաստանի միակ կին DJ է, որի աշխատանքը կեսգիշերին ակումբի այցելուներին երաժշտություն մատակարարելն է:

Հակառակ հայավարի սովորության` Վակցինայի հարեւանները չեն բամբասում, որ աղջիկը լուսաբացին է տուն գալիս, իսկ ծնողները խրախուսում են: Ավելին, ծնողները, երբեմն, ցանկանում են գալ փարթիներին` Վակցինան է ընդդիմանում:

Դիջեյը կամ դիսկ ժոկեյը ընտրում է ձայնագրած երաժշտությունը լսարանի համար: Սկզբից այն ձայնապնակներով էր, հիմա` կոմպակտ դիսկերով:
Դիսկ ժոկեյը ստեղծագորող է, որը ոչ միայն ընտրում է երաժշտությունը, այլեւ երաժշտությունները խառնում իրար, ձայնային էֆեկտներ հաղորդում, իսկ ավելի հանրահայտ ժամանակակից դիջեյները նաեւ երաժշտություն են ստեղծում:

Մինչ 90-ականներից փոխվում էին պարային երաժշտությունը, դիջեյների կերպարները, նրանց անունները դառնում էին բրենդներ, 90-ականների կեսերից Հայաստանում նոր սկսում էր դիջեյական մշակույթը, որի հիմնադիրները գնացել են երկրից:

Հայկական դիջեյության ծնունդը համընկավ այս բնագավառում հեղափոխական նորարարությունների հետ, MP3-ի հայտնությունն ու նոթբուկի հզորությունը առաջացրեց դիջեյի նոր տիպ:

Երկրորդ սենդի հայ դիջեյ Վակցինան իր կարիերան սկսել է 16 տարեկանից: Գիշերն ավարտվում էր, կենսաբանության տերմինների հաստափոր բառարանն էլ հետը, երբ սկսնակ դիջեյ Արուսյակը հասավ V տառին ու որպես ծածկանուն ընտրեց հենց առաջին բառը` Վակցինա: Անունը բռնում է գործին. այդ օրվանից Հայաստանում առաջին աղջիկ դիջեյն ունկնդիրներին ներարկում է մի երաժշտություն, որը հակազդեցություն է արեւելյան մուղամների:

Դիջեյությանը զուգահեռ Վակցինան չի կտրվում իր մասնագիտությունից. կենսաբանության մագիստրոս է` պատրաստվում է դառնալ գիտությունների թեկնածու:

«Դժվար էր լինել միակ աղջիկ դիջեյը, – ասում է Վակցինան, – դաշտում լավագույնը տղաներ էին ու դժվարությամբ էին համակերպվում այն մտքին, որ աղջիկը կարող է էդքան լավ նվագել (դա ստեղծագործությունների համադրումն ու անցումներն են` լրացված անցումներ տալով)»:
Վակցինան վստահ է, որ ինքն այնպես է երաժշտական վակցինա անում, որի շնորհիվ երիտասարդության երաժշտական ճաշակը մեծ փոփոխություն է կրել:

«Այն աշխատանքը, որ ես եմ արել` շատ բան է փոխել: Հիմա ակումբային երաժշտության բազմաթիվ երկրպագուներ կան: Մեքենաների մեջ ռաբիսն արդեն քչացել է: Թեկուզ, երբեմն, ցածրորակ, բայց, մեծամասամբ, ակումբային երաժշտություն է»:
23-ամյա դիջեյը չի մտածում ստեղծել սեքսուալ կերպար, որով կարող է մեծացնել ուժեղ սեռի լսարանը: Այսուհանդերձ, նա ունի հստակ ձեւավորած կերպար, որով գրավում է միանգամից երկու սեռերին էլ:

«Ինձ, գրեթե, հավասարապես սիրում են եւ տղաները, եւ աղջիկները: Ուղղակի, վերաբերմունքն է տարբեր: Աղջիկները, հիմնականում, փորձում են նմանվել կամ, ուղղակի, ձգտում են դեպի ինձ ու իմ ստեղծածը: Տղաները վերաբերվում են ավելի առանձնահատուկ, բայց ասեմ, որ դա չի անցնում սահմանը: Այդ վերաբերմունքի սահմանները դրված են իմ կողմից ճիշտ արված փիառի շնորհիվ»:

7 տարվա փորձով, Վակցինան տիրապետում է դիջեյական արվեստի տեխնիկային ու նրբություններին. մի քանի սարքավորումներից կազմված համակարգ` ձայնագրությունները միացնելու, ձայնային էֆեկտներ տալու համար, դիջեյ-միքսեր, որը նախատեսված է մի ստեղծագործությունից մյուսը սահուն անցում կատարելու համար, ականջակալներ, որոնք դիջեյն օգտագործում է այլ երաժշտություններ լսելու համար` մինչ սրահում պարում են բարձրաձայն երաժշտության տակ, բարձրախոս, որով լսարանի հետ խոսում եւ երգում են: extrime

Սուր զգացողություններ փոխանցող դիջեյ էքստրիմը` Էդգար Բաղդասարյանը, իր անունը վերցրել է պաղպաղակի տեսակից:

Նա կդառնար զինվորական օդաչու, եթե չկտրվեր ընդունելության քննությունից: Դիջեյական կարիերան սկսել է 2000 թվականից` 22 տարեկանում:
«Երեւի սրա համար եմ ծնվել: Առաջին անգամ «Տորնադո» ակումբում հենց տեսա, ասի` վերջ, ես դիջեյ եմ դառնալու: Չորս ամիս անց, դիջեյությամբ արդեն գումար էի վաստակում: Այս մասնագիտությունն իմ կյանքի իմաստն է»:

Դիջեյ Վակցինայի եւ Էքստրիմի մատուցած երաժշտությունը էլեկտրոնային է` արհեստական սինթեզներով, համակարգչի միջոցով ստեղծված: 19-ամյա քլաբեր (մշտական ակումբ հաճախորդ) Հակոբը կարծում է, որ հիմա էլեկտրոնայինի դարն է: Մնացած ոճերն իրենց սպառել են:
«Ես շատ հաճախ եմ այցելում ակումբներ եւ պարում եմ միայն էլեկտրոնային երաժշտության տակ: Այն խամ ականջի համար ծանր է, իսկ վարժվածի համար` շատ հաճելի»:

Քլաբերներն ունեն իրենց նախընտրելի դիջեյները` եւ հայերի մեջ, եւ համաշխարհային աստղերի:

Նրանք լավ ծանոթ են եւ Վակցինայի եւ Էքստրիմի երաժշտությանը: Նրանք կարծում են, որ հայ դիջեյներին լավ գովազդելու դեպքում` աշխարհի ամենահայտնի դիջեյներին էլ չեն զիջի:

«Վակցինան բավական լավ նվագում է, բայց շատ ծանր է: Դեռ հիմա թեթեւացրել է: Իր կարիերայի սկզբում ավելի ծանր էր: Ամեն դեպքում, նրանը լուրջ երաժշտություն է: Դիջեյ Էքստրիմն էլ շատ հզոր դեմք է, ի տարբերություն Վակցինայի, նրանը հաճելի է ականջի համար», – ասում է 25-ամյա Վահեն:

Քլաբեր Դավիթը կարծում է, որ Վակցինայի երաժշտությունը կոշտ է: Ըստ նրա` դա ոճային առանձնահատկություն է: Վակցինայի երաժշտությունը հանրության լայն շրջանների համար չէ:

Այսուհանդերձ, Վակցինան Հայաստանում ամենապահանջված ու, համեմատաբար, բարձր վարձատրվող դիջեյն է: Չնայած դրան` նա գոհ չէ. չունի հիմնական եկամուտ:

Վակցինան աշխատանքի հրավերներ ունի Ֆրանսիայից եւ Վրաստանից: Մինչեւ հիմա, նա դրանք մերժել է: Սակայն, եթե եկամուտները չաճեն, ստիպված կլինի ընդունել դրանցից ամենաշահավետը:

Գրեթե նույն վիճակում է 30-ամյա դիջեյ էքստրիմը: Նրա ամսական մոտավոր եկամուտը 150 հազար դրամ է: Նա էլ ապագայում միտք ունի մեկնել արտասահման: Այնտեղ մի քանի անգամ շատ կարող է վաստակել:

Դիջեյները կարծում են, որ երիտասարդները ժամանց անցկացնելու ձեւավորված կուլտուրա չունեն: Դեռեւս մնացել են խորհրդային կարծրատիպերն ու մտածելակերպը:

«Ոնց ուզում է լինի, մենք սարի ժողովուրդ ենք: Հասարակության մեջ դեռեւս շատերն են գալիս ակումբներ միայն աղջիկ կպցնելու, ոմանք էլ, ուղղակի, պարողներին նայելու համար: Այդ մասսան արտասահմանում էլ կա, բայց դրանք, ի տարբերություն մեզ, նվազագույն տոկոսն են կազմում», – նկատում է դիջեյ Էքստրիմը:

Վրաստանում դիջեյական արվեստը շատ ավելի զարգացած է, կա ձեւավորված ակումբային հասարակություն. այնտեղ ամեն ամիս համաշխարհային դիջեյներ են հյուրընկալվում:

Այս տարի Հայաստան այցելած համաշխարհային դիջեյ աստղեր Այվիս Լարոկի եւ Բոբ Սինկլերի հետ ելույթ ունեցավ Վակցինան:
«Ես շատ հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել նվագել մի վահանակի շուրջ` Այվիս Լարոկի ու Բոբ Սինկլերի հետ, – ասում է Վակցինան, – Սինկլերին ավելի շատ հավանեցի: Նա շատ ինքնատիպ արտաքինով, բայց շահադիտական նպատակներ կրող դիջեյ է, որը կարողանում է ոտքի հանել լայն մասսաների: Ես կոմերցիա չեմ սիրում: Այդ պատճառով գնահատում եմ ոչ այդքան հայտնի, որքան հատուկ երաժշտություն նվագող դիջեյներին: Դե, Լարոկի մասին ավելի լավ է չխոսեմ. նա ամբողջովին կոմերցիա էր (Վակցինան կոմերցիոն է համարում այն երաժշտությունը, որը մտնում է հեռուստատեսություն եւ ռադիո: Որակյալ երաժշտությունն, ըստ Վակցինայի, մասսայական չէ):

Բոբ Սինկլերի փարթիներն առանձնահատուկ են նրանով, որ մասնակցիները թմրանյութի ազդեցության տակ են եւ էքստազի հեշտ են հասնում:

Վակցինան թմրանյութերին կտրականապես դեմ է եւ նրա ամենախոշոր փարթին նվիրված էր թմրանյութերի եւ ծխախոտի դեմ պայքարին: Դա նույնիսկ նրա նշանաբանն է դարձել` NO DRUGS, NO CIGARETES, ONLY Dj VAKCINA:

Դիտվել է 4463 անգամ:
Print Friendly

Leave a Reply