Տեղացի-արտասահմանցի հակասություն. «Մեր մազերին նայելով, ասում են` գալուբոյ ես, բայց չեն իմանում, որ իրանցից շատ ենք աղջկեքի հետ եղել»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 11, 2009 13:45

ankax2Արամը միաչքանի կենտավրոսների հանդեպ սեր չունի, բայց նա իր կնոջ աչքը կհանի, եթե նա որոշի անձնական կյանքի կամ այդպիսի «դատարկ» բաների մասին մտածել: Արամի համար պոտենցիալ կենտավրոսներ են սփյուռքահայ աղջիկները: Նա նրանց հետ երբեք չի ամուսնանա. նրանք չափազանց ազատ են:

Ով՞ պիտի փակի հաշիվը սրճարանում, եւ ինչպիսի՞ն պիտի լինի մազերի ոճը: Ում՞ կարելի է համարել միասեռական, ինչպիսի՞ աղջկա հետ կարելի է ամուսնանալ, ինչպիսի՞ն պիտի լինի կնոջ դիրքն ընտանիքում: Այս հարցերի վերաբերյալ տեղացիների ու արտասահմանցիների հայացքներն այնքան տարբեր են, որ հաճախակի կոնֆլիկտների պատճառ են դառնում: Անհանդուրժողը տեղացիներն են, որոնք չեն ուզում թույլ տալ, որ իրենց շուրջն արտաքինով ու բարքերով տարբեր հասակակիցներ կարող են ապրել:

Սփյուռքահայերը հիմնականում խնդիրներ են ունենում այն հատվածի հետ, որին անվանում են «քյարթու»:

23-ամյա վրացահայ ուսանող Հմայակը սկզբում դժվարությամբ էր համակերպվում հայկական տղայական օրենքներին: Նա ստիպված է նոր դասեր առնել` աղջկա հետ հարաբերություններ սկսելու եւ նրա հետ շփվելու համար.

«Դե, սկզբից պիտի տեսնես սիրածդ աղջկա ուզողներին, նրանց հետ պայմանավորվես, տենաս, որի հետ հարաբերություններն ի՞նչ զարգացում ունեն, ե՞րբ դու կարող ես մոտենալ, դրանից հետո անպայման պետք է տեսնես եղբորը` քրոջ հետ շփվելու թույլտվությունուն ստանալու համար»:
Հմայակը չի ուզում համակերպվել այս ամենին: Հայաստանից աղջիկ չի ուզում, որ չանցնի օրենքների այդ համակարգով:

Ի տարբերություն Հմայակի, ուկրաինահայ Կարեն Առաքելյանը, տղայական օրենքները, կարգերն ու բարքերը թեթեւ չի տանում: Լիակուրծք ու ազատ ուկրաինուհիներից հետո դժվար է շփումն ամեն կողմից շրջափակված ու բարդույթավոր հայուհիների հետ:

«Փողոցում, կաֆեներում տղեքն ու աղջիկներն առանձին են: Աղջկեքը խուսափում են սեռական հարաբերություններից` դրա համար էլ Երեւանը կամաց-կամաց դառնում է գեյերի ու լեսբիանների քաղաք»:

Պատմում է, որ մի աղջկա հետ շփման ժամանակ, նրանով հետաքրքրվող տղաները հաճախ են հարցրել, թե նա ինչի՞ համար է ուզում այդ աղջկան: Մի անգամ էլ հարցրել են, թե իր հետի աղջիկը կարգի՞ն է (կարգին համարում են այն աղջկան, ով կույս է եւ նախկինում ընկեր չի ունեցել):

«Դե, որ իմ հետ ա, ուրեմն` լավ աղջիկ ա: Համ էլ պիտի շփվեմ, նոր հասկանամ կարգին ա, թե՞ կարգին չի: Չեմ հասկանում նրանց համար, որն ա լավը, որը` վատը: Եթե կուսությունը նկատի ունեն, ապա, եթե էդ աղջիկն իմ դուրը գա` ինչ կապ ունի կույս ա, թե՞ չէ»:

Կարենը նկատել է, որ տեղացիները 20 տարեկանում ամուսնանում են եւ ողջ կյանքն իրենց կնոջը դավաճանում են: Ինքը որոշել է լավ «ֆրֆռալ», իհարկե, ոչ Հայաստանում եւ նոր ամուսնանալ եւ լինել հավատարիմ ամուսին:

4 տարի Հայաստանում բնակվող սիրիացի Մունաֆն ասում է, որ հայ աղջիկների հետ շփումը դժվար է: Նրանք կարծում են, որ օտարերկրյա տղեն չի ուզում «լուրջ» (լուրջ հարաբերություն ասելով, նկատի ունեն ամուսնանալու նպատակով) հարաբերություններ ունենալ:

«Նրանք սիրում են, որ իրենց հետեւից շատ ընկնեն, նազուտուզը տանեն, իսկ ես այդ բաները չեմ սիրում»:
Մունաֆն այս տարիներին մեկ տարի ընկերություն է արել սիրիահայ աղջկա հետ:

19-ամյա սիրիահայ Շաղեր Նալբանդյանը նկատել է, որ հայ տղաները դասերին չեն նստում: Սեւ հագուստով մի կույտ է հավաքվում համալսարանի առջեւ: Համալսարանամերձ այգիներում ու կաֆեներում հաճախ կարելի է տեսնել պարապ տղաների:

«Նրանք նաեւ շատ կռվազան են: Մի բանը խոսքով չեն ուզում լուծել: Հաճախ եմ տեսնում, որ իրար հետ կռիվ են անում»:
Շաղերը չի պատկերացնում եւ չի էլ ուզում հարաբերություններ ստեղծել հայաստանցի տղաների հետ: Նա ցանկանում է` հայ տղաները դառնան աշխատասեր, աղջիկներն էլ մի քիչ սպորտային լինեն, երեկոյան շորերով դասի չգան:

Մշակույթների տարբերությունը հաճախ դառնում է վիճաբանությունների, նույնիսկ կռիվների պատճառ: Վեճի առիթները տարբեր են` սփյուռքահայերի սանրվածքը, հագուստը, պահելաձեւը եւ այլն:

«Դրանք նեռվերիս վրա ազդում են: Իրանց ճղած ջինսերը, իջացրած կարճ շալվարները..Վոփշեմ, փարչակ մասա …Մի քիչ ձեզ տղավարի պահեք, էլի, – ասում է արդեն ջղայնացած 19-ամյա երեւանցի Դավիթը:

Հաճախ փողոցի տղաները նորեկին կանչում են եւ հարցնում. «Ուրդու՞ տղա ես…»: Ստուգում «պանյատը» ու լսելով նրանց տարբեր պատասխանները` սկսում ձեռք առնել: Մորուք պահողներին հարցնում են. «Ինչի՞ ես թրաշ պահում, չի խանգարո՞ւմ քնելուց»: Երկար մազեր ունեցողներին հարցնում են, թե նա ինչո՞ւ մազերը չի սանրում, կամ ինչու՞ չի կտրում, «…կարո՞ղ է քաղաքի վարսավիրների հետ կռվել է»:

«Մազերս, որ սենց երկար է, նրանք ասում են` սանրած չի: Բայց չեն իմանում, որ էս «սթայլը» ստանալու համար մի ժամ չարչարվել եմ, – ասում է պարսիկ Նարիմոն Հաղիղաթը, – մեր մազերին ու հագուստին էլ նայելով, ասում են` ջակի-ջուկի ես, գալուբոյ ես, բայց չեն իմանում, որ իրանցից շատ ենք աղջկեքի հետ եղել: Մեր նման տղեքին էլ հայ աղջկեքն ավելի են սիրում»:

Նարիմոնը նկատում է, որ հայ երիտասարդներն արտասահմանցիներին` տեսքի համար, միասեռական են համարում, այնինչ տեղացի տղաները սովորություն ունեն միասեռականի պես, իրար թեւ մտած ման գալու եւ ամեն օր տեսնվելիս էլ ոչ թե այտերն են հպում, այլ մի քանի անգամ կարգին` շուրթերից, համբուրվում են:

Նարիմոնը կարծում է, որ հայերից շատերն են ուզում իր նման հագնվել եւ մազերը սանրել, սակայն, կախված են շրջապատի կարծիքից ու վախենում են ծաղրվել: «Իրանում դու ես ընտրում` ինչպես հագնվել, ոչ թե փողոցի տղաներն են թելադրում»:

Նարիմոնը Իրանում զբաղվել է բասկետբոլով եւ լողով: Նա նկատել է, որ հայ երիտասարդները սպորտով չեն զբաղվում: Զբաղվելուց էլ` բոդիբիլդինգով կամ բոքսով, եւ միշտ ուզում են դիմացինին խփել:

Նա կարծում է, որ Հայաստանում աղջկա հետ հարաբերություն սկսելը շատ բարդ է, գրեթե, անհնարին: Հայուհիները սիրում են, որ իրենց հետեւից շատ ընկնեն: Նրանց մոտենալու համար պետք է «ռազբորկաներ» անել նրա եղբայրների եւ ուզողների հետ, իսկ Իրանում հեշտ է, ընդամենը պետք է մոտենաս քեզ դուր եկած աղջկան եւ զրուցես:

Նարիմոնը պատմում է, որ սեքսի առումով, Իրանը հիմնականում այստեղի նման է: Թերեւս, մի քիչ ավելի ազատ: Այնտեղ կառավարությունն է արգելում, բայց ժողովուրդն ազատ է մտածում: Իրանում աղջիկը կարող է բազմաթիվ ընկերներ փոխել ու ոչ ոք չի ասի, թե նա լավ աղջիկ չէ:
Հայուհիների հետ չի ուզում հարաբերություններ ստեղծել: Նրանց հետ ընկերություն անես` պետք է ամուսնանաս: Նա դեռեւս այդպիսի մտադրություն չունի:

«Ինձ համար կուսությունը կարեւոր չի, բայց, եթե հայ աղջիկը կույս չլինի` ես նրա հետ չեմ ամուսնանա: Ուրիշ երկրացիների հետ կամուսնանամ, որովհետեւ մենակ հայերի մոտ է դա բացասական ընդունվում»:

«Հայերը կնոջը ստրուկ են դարձնում: Գնա` էսի բեր, գնա` էնի արա: Պարսկաստանում ընտանիքի «թագավորը» կինն է: Մեր տան ասողը մամաս է:

Եթե մի տեղ ենք գնում` ինքն է ասում գնանք, թե՞չգնանք, ինչպես՞ անենք: Իմ ընտանիքում էլ ըտենց կլինի»:

Նա նաեւ չի ընդունում, որ ընկերներով սրճարան գնալիս` մեկը փակի հաշիվը: Ինքը չի վճարում, նույնիսկ, ամենամոտ ընկերոջ փոխարեն: Նա բացատրում է, որ այդ փողն ինքը չի աշխատում: Այն ուղարկում է իր հայրիկը:

«Եթե ասենք, միշտ ես պիտի տամ` հայրիկին ասեմ նրանց համա՞ր էլ փող ուղարկի»:

Գրեթե, բոլոր հարցազրույց տված արտասահմանցիներն ուսումն ավարտելուց հետո կհեռանան Հայաստանից: Պատճառը ոչ այնքան ընտանիքի կարոտն է, որքան տեղացիների վերաբերմունքը:

Դիտվել է 14625 անգամ:
Print Friendly

Leave a Reply