Այս տարի արձանագրվել է օձի խայթոցի 31 դեպք, մեկը` մահվան ելքով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 25, 2012 17:35

2012 թվականի հուլիսի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 31 դեպք, որից մեկը մահվան ելքով. այս մասին հաղորդում են առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նշենք, որ հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 1958թ. ծնված Բաբկեն Խաչատրյանին օձը խայթել է դաշտում: Տուժածը մահացել է Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին:

Օձի խայթոցի հետևանքով Երևանի բուժհաստատություններ են դիմել 8-ը, մարզային բուժհաստատություններ` 22-ը. Կոտայքի մարզ` 8, Արմավիրի մարզ` 6, Տավուշի մարզ` 3, Արագածոտնի մարզ` 2, Վայոց ձորի մարզ` 1, Արարատի մարզ` 2:

18 դեպքում ներարկվել է հակաթույն, 12 դեպքում չի ներարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկել է միջոցառումներ տեղերում շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը ապահովելու համար: Օձի խայթոցի յուրաքանչյուր դեպքի մասին, սահմանված կարգի համաձայն, հրատապ տեղեկատվություն է տրամադրվում առողջապահության նախարարության «թեժ գծի» հերթապահին, և վերցվում է հսկողության տակ:

Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական հաստատություններն ապահովված են օձի հակաթույնով, բուժանձնակազմն ունի համապատասխան պատրաստվածություն և ներուժ բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու համար:

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply