Տավուշի գյուղական համայնքների ղեկավարներն անհանգստացած են. հակառակորդը թիրախավորում է խաղաղ բնակչությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 25, 2012 17:16

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի դաշտային օգնականներ Անթալ Հեդրիչը եւ Իրժի Աբերլեն հուլիսի 25-ին ՀՀ Տավուշի մարզում հանդիպեցին մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես համայնքների ղեկավարների հետ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համայնքների ղեկավարները դաշտային օգնականներին ներկայացրին իրենց համայնքներում տիրող իրավիճակը, խոսեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, ինչպես նաեւ այլ խնդիրների մասին:

Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը նշեց, որ իրականում սահմանամերձ գյուղերում խնդիրները շատ են, քանի որ առաջին գծում հայտնվել է խաղաղ բնակչությունը: Հատկապես վերջին տարվա ընթացքում թշնամու հիմնական ուղղվածությունը թեքվել է խաղաղ բնակչության կողմը, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: «Ասում են` օձը քնած մարդուն չի կծում, իսկ ադրբեջանցիները կրակում են անգամ խաղաղ քաղաքացու վրա, ով այգի է մշակում, կրակ են բացվում անգամ մանկապարտեզի վրա»,-  ասաց Կամենդատյանը: Նա նաեւ ավելացրեց, որ «հայ ժողովուրդը քրիստոնյա է, պատերազմ չի ցանկանում, սակայն չի էլ վախենում պատերազմից»:

Մովսես համայնքի ղեկավար Լյուդվիգ Ապերյանը` միջազգային կառույցի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ չկա մի օր, որ հակառակորդի կողմից կրակոց չլինի: «Իրավիճակն այնքան է սրված, որ բնակչությունը վախից չի կարողանում մշակել բերքը կամ այն հավաքել, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը նրանց ուղղությամբ կրակ չի բացի. մեզ վստահություն է պետք է այստեղ աշխատելու համար»,- նշեց նա:

Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը շեշտեց, որ վերջին մի քանի ամսում կրակոցները սկսել են հաճախակի հնչել: «Մարդիկ անգամ իրենց տանն ապահով չեն, թեեւ պատուհանները փակել են քարերով, պարկերով, սակայն վախենում են, որ փամփուշտը կարող է ներթափանցել ներս»,- ասաց Այդինյանը: Համայնքապետը դաշտային օգնականներին վստահեցրեց, որ  հայ ժողովուրդը միմիայն խաղաղություն է ցանկանում եւ հիշեցրեց, որ «սա իրենց պապական հողն է, եւ ինչ էլ որ լինի իրենք այդտեղից դուրս չեն գալու»:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանին անցկացվեց հերթական դիտարկումը` հայկական կողմից Տավուշի մարզի Այգեպար գյուղի, իսկ ադրբեջանական կողմից` Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքից:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply