Վանոյի վերջին խոսքերը “հեռանալուց” առաջ Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 25, 2012 17:03

Միայն հիմարները կարող են ասել, թե Վանոն չկա: Այս մասին այսօր վստահաբար հայտարարեց Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը, երբ նրան հարցրն, թե հնարավո՞ր է, որ Վանո Սիրադեղյանը կենդանի  չլինի:

Նա նաև մանրամասներ ներկայացրեց իր և Վանոյի վերջին հանդիպման հետ կապված և ասաց իր “շեֆի” վերջին խոսքերը հեռանալուց առաջ. “Վանո Սիրադեղյանը, իջնելով մեքենայից, նայեց դեմքիս և ասաց. “Խնդրում եմ ձեզ, որ բոլորով լինեք միասին, երբեք ոչ մի բանի մասին չմտածեք, և իմ ձեռքերը մաքուր են””,- ասաց Վանոյի թիկնազորի հավատարիմ պետը և անկեղծորեն նկատեց. “Ինձ համար այս խոսքերը ավելի թանկ են, քան որոշ մարդկանց մոտ եղած ելույթները”:

Իսկ թե ինչ է նշանակում “բոլորով միասին”, Սիրունյանը պարզաբանեց, որ դա նշանակում էր, որ ինքն իր այդ խոսքերը պետք է փոխանցեր Հայոց համազգային շարժման տղաներին:

Անդրադառնալով 2000 թվականի ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը որոշ պաշտոնյաների, մասնավորապես` ներկա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից Վանո Սիրադեղյանին օդանավակայանից ճանապարհելու վերաբերյալ վարկածներին` Սուրեն Սիրունյանն ասաց, որ դրանք սուտ տեղեկություններ են. “Դե առաջին գնալուց էլ էին տարբեր անուններ տալիս, թե ովքեր են ճանապարհել, երկրորդ անգամ էլ, բայց ես առաջին անգամ եմ լսում նման բան ու վստահ եմ, որ նման բան չկա:”:

Սիրունյանը հայտնեց նաև, որ նշված օրը` ապրիլի 3-ի երեկոյան, նա Սիրադեղյանին իր մեքենայով տարել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց իջեցրել է ու դրանից հետո այլևս նրան չի տեսել:

Վանոյի թիկնազորի նախկին պետն ասաց, որ ոչ ոք Սիրադեղյանի գնալու մասին տեղյակ չի եղել, նույնիսկ` նրա ընտանիքի անդամները, և հեռանալու օրը որևէ պաշտոնյա չի այցելել նրան, և նա ոչ մի պաշտոնական անձի հետ հեռախոսազրույց չի ունեցել, քանի որ նրա հեռախոսը գտնվել է իր մոտ:

 

 Վահե Մակարյան

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply