Տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 25, 2012 16:44

Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստին ներկա են եղել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև  նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի  անվան զբոսայգու տարածքում, համանուն թանգարանին կից հոգևոր կառույցի ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի կողմից արված էսքիզային առաջարկը: Հիշեցնենք,  որ  կառույցն իրականացվում է տարածքի բնակիչների խնդրանքով ՝  վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա  Եսայանների բարեգործական միջոցներով և լինելու է Երևան համայնքի սեփականությունը:

Հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնած նիստի մասնակիցների ընդհանուր տեսակետը հետևյալն էր.  գաղափարը թույլատրելի է, բայց պետք է գտնել ճարտարապետական այնպիսի լուծում, որը ներդաշնակ կլինի կառուցվող թանգարանին:

Ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է նաև   Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների կառուցապատման կարգավորման նպատակով  փորձագիտական աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետ  Նարեկ Սարգսյանի առաջարկը:

Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր ճարտարապետները, ողջունելով Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկությունը,  հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արտահայտել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը, ըստ որի  նման մասնագիտական աշխատանքային խմբի ձևավորումն անհրաժեշտություն է:

Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը որոշել է առաջիկա  նիստի ընթացքում գործնական քննարկում ծավալել   վերը նշված   փորձագիտական աշխատանքային խմբի  ձևավորման շուրջ՝ այդ համատեքստում  անդրադառնալով նաև կազմակերպչական և բովանդակային այլ  հարցերի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply