Հոկտեմբերի 27-ի գործով ստի դետեկտորը փորձարկել են Վանոյի թիկնազորի պետի վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 25, 2012 16:03


Հայաստանում ստի դետեկտորը առաջին անգամ փորձարկվել է Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետի վրա:
“Այն սարքը, որ Ռուսաստանից, թե Ամերիկայից բերվել էր Հայաստան Հոկտեմբերի 27-ի գործով անցնող հանցագործներին հարցաքննելու համար, առաջին անգամ փորձարկվել է ինձ վրա”,- այսօր առաջին անգամ նման հետաքրիր բացահայտում արեց Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը:
“Երբ ինձ Վանոյի հեռանալու հաջորդ օրը տեղափոխեցին քրեական հետախուզության վարչություն, կասկածում էին, որ ես գիտեմ, թե ուր է գնացել Սիրադեղյանը: Ես չգիտեի նրա տեղը և համաձայնեցի ստի դետեկտորի առկայությամբ պատասխանեմ ոստիկանների կողմից տրված բոլոր հարցերին”,- ասաց Սիրունյանն ու անկեղծացավ. “Միգուցե ճիշտ եմ պատասխանել բոլոր հարցերին կամ միգուցե կարողացել եմ այնպես ցույց տալ, որ իսկապես ճիշտ եմ պատասխանում, և դա զուտ նրա համար, որ նվիրվածությունս էր մեծ Վանո Սիրադեղյանի հանդեպ”:
Այն հարցին, թե արդյոք իսկապես ճիշտն է ասել նա ոստիկաններին ստի դետեկտորի առաջ, Սիրունյանը պատասխանեց. “Իհարկե ոչ, ճիշտը որ ասեի “Օրինաց երկրի” կամ Հանրապետական կուսակցության անդամ կլինեի այդ ժամանակ, կամ որևէ աշխատանքի”:
Սիրունյանը նաև չի վախենում, որ այս խոսքերից հետո իրեն ոստիկանությունից կամ ազգային անվտանգության ծառայությունց կկանչեն, քանի որ նա այլևս վախ չունի իր մեջ. “Ես բազմիցս ասել եմ, որ իմ վախը 17 տարեկանից հետո` սկսած Ղարաբաղյան շարժումից, վերացած է իմ մեջից, և ես մտածելու բան չունեմ”:
Իսկ թե ինչպես է վերաբերվում Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետը ՀՀ փոխոստիկանապետի հայտարարությանը, թե Վանոն, վերադառնալուն պես, կձերբակալվի, Սիրունյանն ասաց. “Ես ուրիշ բան չէի էլ պատկերացնում, որ փոխոստիկանապետը կարող էր պատասխանել, քանի որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, ուստի Վանոն, այդ ամենը գիտակցելով, վստահ եմ, որ չի գա Հայաստանի Հանրապետություն այնքան ժամանակ, մինչև որ այս իշխանությունները պատրաստ չլինեն անցկացնելու ազատ, արդար դատավարություն”:
Վահե Մակարյան

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply