Ինչ-որ բան մեր երկրում պակաս է, և այդ պակասը պետք է Վանոն լրացնի, կարծում է թիկնազորի պետը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 25, 2012 14:07

Վանոն պետք է վերադառնա Հայաստան, քանի որ ինչ-որ բան պակաս է մեր երկրում, որը պետք է լրացվի Վանո Սիրադեղյանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը:

“Բացառիկ մի շարժում է այսօր Հայաստանում ձևավորվել, որն անկախությունից հետո առաջին անգամ կարողացել է տարբեր կարծիքի մարդկանց միավորել մեկ տեղում` պահանջելով նպաստավոր պայմաններ ստեղծել, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան”,-ասաց Սիրունյանն ու ավելացրեց, որ 12 տարի շարունակ ինքն իր ընկերների հետ միասին փորձել է ուժերի ներածին չափով պայքարել Վանոյի հնարավոր վերադարձի համար:

Թե որոնք են այդ նպաստավոր պայմանները Սիրադեղյանի վերադարձի համար, Սիրունյանն ասաց. “Վանոն կվերադառնա այն ժամանակ, երբ Հայաստանում հնարավոր կլինի անցկացնել արդար և թափանցիկ դատավարություն”:

Նրա կարծիքով հասարակությունում հասունացել են Վանոյի վերադարձի հետ կապված տրամադրություններ, ու դրա վառ ապացույցն է այս շարժումը, որին շատ ճանաչված մարդիկ են միացել: Բանախոսը համոզված է, որ շարժումն իր արդյունքը կտա, սակայն առայժմ թերահավատ է պետության նկատմամբ և երաշխիքներ չունի, որ Վանոն, վերադառնալով հայրենիք, կկանգնի արդար, թափանցիկ ու, իր խոսքով, բացառիկ դատարանի առաջ:

Հենց դրա համար է պայքարում ՀՀ ներքին գործերի նախկին նախարարի երբեմնի թիկնազորի պետը, ու չի բացառում, որ Վանոն “հայտնվելուն” պես կկանգնի դատարանի առաջ և կկանգնի, քանի որ պատրաստ կլինի բացահայտել շատ երևույթներ, որոնք կապված են իր և ոչ միայն իր անձի հետ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply