«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի վերաբերյալ կայացվել է առաջին վճիռը. Արժանապատվությանը հասցված վնասի չափը գնահատվեց 10 դրամ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 25, 2012 13:59

«Ֆեյսբուք»-ի «իրավունքներ և պարտականություններ» բաժնում նշվում են մի շարք պահանջներ (օրինակ ատելություն սերմանող խոսք չտարածել, բռնություն չքարոզել), որոնց օգտատերը պարտավոր է հետևել: Կարգը խախտելու դեպքում «Ֆեյսբուքը» պատասխանատվության չի ենթարկվում: Սոցիալական այս  ցանցը վաղուց  իրեն ապահովագրել է դատարաններից՝ օգտատերերին տալով  սահմանափակումներից օգտվելու հնարավորություն:

«Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ «Ֆեյսբուքում» կարգը խախտելու համար անձի դեմ կարող է վարույթ սկսել ազգային օրենսդիրը: Ըստ նրա՝ այս սոցցանցում տեղադրված տեղեկությունը համարվում է հրապարակային հայտարարություն. «Ֆեյսբուքը» վաղուց փակ մարմին չէ, հետևաբար տեղեկատվության հոսքը պետք է կարգավորվի ոչ թե առանձնահատուկ, այլ ընդհանուր եղանակով, ինչպես թերթում,  հեռուստատեսությունում:

Ըստ իրավաբանի՝ քրեական գործ կարելի է հարուցել ոչ միայն անձի հայտարարության, այլև ԶԼՄ-ների միջոցով տարածված տեղեկության հիման վրա: Արդյոք ֆեյսբուքը համարվու՞մ է ԶԼՄ:  «ԶԼՄ մասին» օրենքում սահմանվում է, թե ինչ է նշանակում ԶԼՄ: Եթե մենք այդ հատկանիշները համեմատում ենք ֆեյսբուքի հետ, ապա շատ հատկանիշներ համընկնում են»: Հետևաբար ըստ Ա. Ղազարյանի՝ ֆեյսբուքում այլ անձի կողմից տեղադրված տեղեկատվությունը կարող է համարվել ԶԼՄ-ի տարածած տեղեկատվություն և դրա հիման վրա կարող է հարուցվել քրեական գործ: Այդ առումով իրավաբանը որպես օրինակ է բերում վերջերս սոցիալական ցանցի վերաբերյալ դատարանի կայացրած առաջին վճիռը:

Հունիսի 28-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Դ. Ի.-ի, Բ. Պ.-ի, Հ. Ս.-ի ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության հայցով վճիռը:

 

Դատավարական նախապատմությունը

Հայցվորները հայցադիմում էին ներկայացել դատարան ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության` «պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև  հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին», որը դատավոր Ա. Մխիթարյանի 02.02.2012թ. որոշմամբ ընդունվել էր վարույթ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոնների համաձայն՝ գործը նախապատրաստվել էր դատաքննության:

Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան էր ներկայացրել, հակընդդեմ հայց չէր հարուցվել:

 

Հայցվորի դիրքորոշումը

 

Հայցվորը հայտնել էր, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին աշխարհի ամենաշատ օգտատերեր ունեցող «Facebook» սոցիալական ցանցում «Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքի» էջում հրապարակվել են հայցվորների նկարները, որոնց կից գրվել են սուտ /զրպարտիչ/ տեղեկություններ հայցվորների մասին և վիրավորանքներ հայցվորների հասցեին:

Մասնավորապես, Դ. Ի.-ի մասին «Մեկ ազգ կազմապերպությունների դաշինքը» հայտարարել էր, որ վերջինս «համասեռամոլների պաշտպան է, ով դատապարտում է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության… Այս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չէ… »: Հայցվորներն իրենց դիրքորոշման մեջ նշում են, որ Դ. Ի.-ն, լինելով բավականին հայտնի հասարակական գործիչ, երբեք հանդես չի եկել համասեռականների պաշտպանությամբ և երբեք չի դատապարտել դաշինքի պայքարն ընդդեմ որևէ մեկի /այդ թվում համասեռականների/:

Նրան վերաբերվող հայտարարությունում նաև ասվում է, որ վերջինս խեղկատակ է և ազգությամբ հայ չէ: «Այդ տեղեկությունները ևս զրպարտիչ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Դ. Ի.-ն խեղկատակ չի, երբեք կրկեսում չի աշխատել, ազգությամբ հայ է»,- նշում են հայցվորները:

Բ. Պ.-ի մասին դաշինքը հայտարարել էր, թե նա չի  պատկերացնում մեր երկիրն առանց համասեռամոլների: Հայցվորները վիրավորանք էին համարել  նաև Բ. Պ.-ի հասցեին դաշինքի հնչեցրած «գաղափարական վիժվածքը» արտահայտությունը:

Հ. Ս.-ի մասին դաշինքը հայտարարել է. «Այս տիկինը դատապարտել է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության, երևույթը մեկ բան է փաստում, որ ինքը սեռական հեղափոխության վառ կողմնակից է ու Հայաստանը միայն պատկերացնում է համասեռամոլների հոծ բանակի ներքո»:

Հայցվորների կարծիքով՝ այս հայտարարությունն էլ նախորդների նման սուտ է ու զրպարտող: Հ. Ս.-ն սեռական հեղինակության կողմնակից չէ /առավել ևս վառ/ և երբեք որևէ տեղ նման կարծիք չի բարձրաձայնել:

Հայցվորների կարծիքով՝ դաշինքը իր վերոնշյալ հայտարարություններով վիրավորանք է հասցրել Դ. Ի.-ն և Բ. Պ.-ին, ինչպես նաև զրպարտել է Դ. Ի.-ն, Բ. Պ.-ին և Հ. Ս.-ին ու այդ վիրավորանքի ու զրպարտության դեպքերը համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում ամրագրված սահմանումներին:

Հայցվորները խնդրել են ճանաչել զրպարտությունների և վիրավորանքների վերոնշյալ դեպքերը և պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար հայցվորների օգտին բռնագանձել դրամական փոխհատուցում: Ինչպես նաև հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից, Բ. Պ.-ից` վերջիններիս վիրավորելու համար ու հրապարակավ հերքել երեք հայցվորի մասին տարածված զրպարտիչ տեղեկատվությունը:

 

Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխանում հայտնել է, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցվել են քաղաքացիներ` հայցվորների կողմից «Մեկ ազգ» կուսակցության մասով` անհիմն են: Մեկ պարզ պատճառով, քանի որ այն խոսքերը, որոնք մեկնաբանության տեսքով տեղադրվել են «Ֆեյսբուքում» առկա «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքին պատկանող էջում, տեղադրվել են ոչ թե  «Մեկ ազգ» կուսակցության կամ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի ղեկավարության կողմից կամ նրա հանձնարարականով, այլ  «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի երիտ. թևի անդամ` Կ. Թ.-ի ինքնագլուխ նախաձեռնությամբ, հետևաբար, ոչ «Մեկ ազգ» կուսակցությունը և ոչ էլ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքը, որի մաս է կազմում նաև «Մեկ ազգ» կուսակցությունը, իրավական կամ քաղաքական պատասխանատվություն չի կարող կրել վերոնշյալ հայցվորների առջև: Պատասխանողի դիրքորոշման մեջ նշվում է նաև, որ քաղաքացի Կ. Թ.-ն ընդունում է, որ ինքը տուրք է տվել հայրենասիրական զգացումներին ու «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի պայքարն ընդդեմ աղանդավորության, ընդդեմ համասեռամոլության երևույթի դատապարտող քաղաքացիների առջև ինքն է կրում իրավական պատասխանատվություն ու պատրաստ է գրավոր այն ներկայացնել դատարանին:

 

Դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը

Լսելով կողմերի բացատրությունները, քաղաքացիական գործում եղած բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատելով յուրաքանչյուր ապացույց, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Հայցվորները դիմել են դատարան ընդդեմ «Մեկ ազգ» կուսակցության, ի դեմս կուսակցության նախագահի, «Facebook» համացանցային կայքում «Մեկ ազգ» «կազմակերպությունների դաշինք» խորագրի ներքո իրենց վերաբերյալ արված արտահայտությունները որպես վիրավորանք և զրպարտություն գնահատելու պահանջով:

 

Տվյալ համատեքստում գնահատելով հայցվորների Դ. Ի.-ի և Բ. Պ.-ի պահանջները՝ դատարանը գտավ, որ պետք է պատասխանողին հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից, Բ. Պ-ից` վերջիններիս վիրավորելու համար, և վիրավորանքին համաչափ փոխհատուցում սահմանել` Դ. Ի.-ի օգտին բռնագանձել 10 դրամ վիրավորանքի համար, Բ. Պ.-ի օգտին 10 դրամ վիրավորանքի համար:

Մասնավորապես, Դ. Ի.-ին և Բ. Պ.-ին «այս գաղափարական վիժվածքը» և «Այս խեղկատակը» բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել «Մեկ Ազգ» կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից և Բ. Պ.-ի «Facebook» համացանցային կայքում «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք» ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և «Մեկ Ազգ» կուսակցությունից  հօգուտ Դ. Ի.-ի և Բ. Պ.-ի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տասը/ ՀՀ դրամ:

Ուստի վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով դատարանը վճռեց.

Դ. Ի.-ի, Բ. Պ.-ի, Հ. Ս.-ի ընդդեմ  «Մեկ Ազգ» կուսակցության` «պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին», բավարարել մասնակի.

Դ. Ի.-ին և Բ. Պ.-ին «այս գաղափարական վիժվածքը» և «Այս խեղկատակը»  բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար  պարտավորեցնել  «Մեկ Ազգ» կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դ. Ի.-ից և Բ. Պ.-ից «Facebook» համացանցային կայքում «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինք» ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և «Մեկ Ազգ»  կուսակցությունից հօգուտ Դ. Ի.-ի և  և Բ. Պ.-ի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տասը/ ՀՀ դրամ:

Հայցը մնացած պահանջների մասով` մերժվեց:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1766 անգամ:
Print Friendly

Leave a Reply