Հանդիպել են Հայաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 11, 2009 11:47

Հայաստան-ՇվեյցարիաԵրեկ ՀՀ Նախագահի Հունգարիա պետական այցելության ավարտից հետո, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ պաշտոնական այցով Բուդապեշտից մեկնել է Շվեյցարիա և հանդիպում ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ:

Բարձր գնահատելով վերջերս հայ – շվեյցարական հարաբերությունների զարգացման դինամիկան` Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը` որպես համակողմանի համագործակցության առավել ամրապնդման երաշխիք:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Շվեյցարիայի միջնորդությանը` Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել միջնորդական ջանքերի համար: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` Շվեյցարիան ստանձնել էր մի առաքելություն, որը պահանջում էր միաժամանակ հաստատակամություն եւ զսպվածություն, երեւակայություն, զգուշություն ու համբերություն, եւ միջնորդ պետությունը պատվով կատարեց այդ առաքելությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով` կարեւորելով այդ բնագավառում գործարար շրջանակների նախաձեռնությունները:

Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ զարգացումներին:

Այցելության շրջանակներում Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների պալատում Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը»:

Այսօր ՀՀ արտգործնախարարը վերադարձել է Երեւան:

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply