Հալեպում անընդմեջ շարունակվող կրակոցներից հայեր չեն տուժել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 25, 2012 10:54

Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայինների գործողություններով պայմանավորված լարված իրադրությունը շարունակվում է, սակայն հայկական թաղամասերում դրությունը հանդարտ է, կրակոցներից ոչ մի հայ չի տուժել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, կրակոցները հիմնականում քաղաքի ծայրամասերում են` հեռու սիրիահայերի բնակավայրերից, իսկ նախագահ Ասադի կողմնակիցները շարունակում են վերահսկել իրադրությունը: Էլմաջյանը հերքեց նաեւ հուլիսի 24-ին երկու հայազգի քաղաքացիների զոհվելու մասին տեղեկությունը:

«Արմենպրես»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչները հայտարարել են Հալեպ քաղաքի գրավման մտադրության մասին: YouTube-ում զետեղված հայտարարության մեջ «Սիրիական ազատ բանակի» գնդապետ Աբդել Ջաբար ալ-Օքայդին նշել է, որ Հալեպում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնություններն իրենց այդ գործողության առնչությամբ անհանգստություններ չպետք է ունենան:  «Հայ թե’ ասորի, քուրդ թե’ դրուզ` Սիրիական ազատ բանակը բոլորին էլ  պաշտպանելու է»,-հայտարարել է սիրիացի գնդապետը: Նրա խոսքով` սիրիական ընդդիմությունը պատրաստվում էր պաշտպանել նաև Ասադի ցեղակից ալևիներին:

«Խնդիրներ կան հիմնականում երեք թաղամասերում` Սալահ Էլ-Դին, Ալսախուր և Ալ-Հայդարիա::  Հալեպը Սիրիայի ամենահայաշատ քաղաքներից է, մինչդեռ նշված թաղամասերն առանձնապես հայաշատ չեն:

Նախօրեին «Արմենպրես»-ը տեղեկացրել էր նաեւ, որ Սիրիայի Ալ Հասաքե քաղաքում գրոհայիններն առեւանգել էին հայազգի Խաչիկ Սարգսյանին, սակայն առեւանգումից երեք ժամ հետո  զինյալների վիճելու պահն օգտագործելով  Խաչիկ Սարգսյանը, բարեբախտաբար, կարողացել էր փախչել:

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով`  Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն` անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում է եղել նաեւ 7 հայ, որոնցից 2-ը` սիրիական բանակի զինծառայողներ: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից  դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրել էր, որ հուլիսի 19-ի դրությամբ Հայաստանում փախստականի կարգավիճակով ապաստան ստանալու համար դիմել է 6 ընտանիք` 14 անդամներով:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply