Նեւրոզներ 4-րդ դասարանում. բարդ նյութերը երեխաների մոտ առաջացնում են բարդույթներ եւ հիվանդություններ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 10, 2009 17:46

Krtakan11-ամյա Հայարփին սովորում է 7-րդ դասարանում: Նրա ամենասիրած առարկան «Եկեղեցու պատմությունն» է, քանի որ այն, ըստ նրա, հեշտ է եւ հետաքրքրիր: «Եկեղեցու պատմության դասերը ես մենակ եմ սովորում, մաման չի օգնում», – հպարտությամբ ասում է Հայարփին:

Դպրոց գնալ, սակայն, նա չի սիրում եւ հաճախ է դասերից բացակայում, քանի որ հաճախ ջերմությունը բարձրանում է: Նրա մայրը` Էլմիրան, ասում է, որ երբ իր դուստրը որեւէ դաս այդպես էլ մինչեւ վերջ չէր հասկանում, հաջորդ օրը ջերմությամբ պառկած էր լինում ու դպրոց չէր գնում:

Էլմիրան, պատմում է, որ Հայարփին ցածր դասարաններում շատ էր ձգտում լավ սովորել, սակայն որոշ առարկաներից դժվարանում էր, չէր կարողանում գրքի գրածը հասկանալ: «Ես կարդում էի, բացատրում, ավելի պարզ բառերով պատմում էի, նոր միայն երեխան կարողանում էր վերարտադրել», – ասում է Էլմիրան:

Հոգեբան Նարինե Իսրայելյանն ասում է, որ բարդ մատուցված նյութը երեխայի մոտ առաջացնում է վախ, եթե այն որպես գիտելիք չի օգնում նրան ճանաչել ինքն իրեն եւ շրջապատող աշխարհը: «Եթե գիտելիքը մատուցվում է վերացական, բարդ տեսքով, երեխան չի կարողանում անտեսել դրա գոյությունը, բայց եւ չի կարղանում յուրացնել այդ գիտելիքը: Ուստի` սկսում է վախենալ այդ գիտելիքից», – ասում է Իսրայելյանը:

Նա ասում է, որ այդ ժամանակ երեխաների ինքնագնահատականն իջնում է, որի հետեւանքով դառնում են ընկճված, սկսվում են հաճախ տարբեր վիրուսային հիվանդություններով հիվանդանալ, 4-րդ դասարանում արդեն նեւրոզներ են ձեռք բերում եւ չեն ուզում դպրոց գնալ: Բարդույթների արդյունքում դառնում է ագրեսիվ:

Իսրայելյանը նշում է, որ երեխայի համար գիտելիքը դառնում է պարտադրված, հաճախ էլ երեխան կարծում է, որ իր սովորելը պետք է միայն մայրիկին կամ ուսուցչուհուն:

«Դասագիրքը պետք է լինի երեխայի համար մատչելի, նրա լեզվով, ասում է հոգեբանը, – այսօր մեր դասագրքերի մեծ մասը գրված են այնպես, կարծես նպատակն է ի ցույց դնել հեղինակի գիտելիքները: Մատուցվող նյութի շարադրությունը պետք է լինի պարզ, որ երեխան` ինքնուրույն կարդալով, կարողանա հասկանալ: Միայն ուսուցչուհու բացատրելը պետք է բավարար լինի երեխայի համար»:

Նա նկատում է, որ մինչեւ 5-6-րդ դասարան երեխաները ծնողների օգնությամբ են դաս պատրաստում, քանի որ դասագիրքն անբացատրելի ու տհաճ բան է երեխայի համար:

Իսրայելյանն ասում է, որ երեխան պետք է սիրի դասագիրքը եւ գնահատական ստանալը չպետք է լինի ինքնանպատակ. «Հաճախ` առանց հասկանալու երեխան դասն անգիր է անում, սակայն մեխանիկական հիշողության վրա հիմնված անգիրը շատ կարճ ժամկետ ունի, շուտ մոռացվում է»:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում նշեց, որ ներկայիս դասագրքերը պատրաստելիս հաշվի չի առնված համապատասխան տարիքի աշակերտի հոգեբանությունը:

Դասագրքերի շրջանառու հիմնադրամի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանն ասում է, որ դասագրքերը ստեղծվում են ԿԳՆի կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան: «Այնպես որ, եթե դասագրքերը բարդ են, ապա պատճառը ուսումնական ծրագիրն է», – ասում է նա:

Գարեգինյանը տեղեկացնում է, որ դասագիրքը տպագրելուց 4 տարի հետո դպրոցներում հարցումներ են իրականացվում եւ, եթե մատչելիության վերաբերյալ դժգոհություններ են լինում, դրանք ներկայացվում են հրատարակիչներին եւ ԿԳՆ:

Ռուսերենի ուսուցչուհի Սիրանուշ Եպիսկոպոսյանն ասում է, որ տարրական դասարանների ռուսերենի դասագրքերում նյութերը շատ ծավալուն են: 2-րդ դասարանում երեխաները տառերն սովորելիս մի տառի վրա մի քանի էջ պետք է սովորեն: Օրինակ, «զ» տառին հաջորդում է 2 էջանոց դաս, որի համար հատկացվում է 2 դասաժամ: «Երեխան հիասթափվում է, վախենում, երբ հանձնարարված դասի ծավալը մեծ է լինում», – ասում է Եպիսկոպոսյանը:

Դասագրքերի բարդությունից բողոքում է նադասվար Գոհար Տեպոյանը: «1-ին դասարանում երեխան պարզ թվեր է անցնում, իսկ 2-րդում միանգամից բազմապատկում եւ բաժանում, խնդիրների համառոտագրում: Շատ կտրուկ անցում է, եւ երեխաները, որպես կանոն, պատրաստ չեն լինում դրան»:

Զառա Սարգսյանն ասում է, որ 112-րդ դպրոցի 3-րդ դասարանում սովորող իր 8-ամյա որդին` Սամվելը, ընդունակ է, ամեն ինչ հեշտությամբ կարողանում է սովորել, սակայն դժվարանում է օտար լեզուներից: «Անցած տարի միաժամանակ 2 օտար լեզու սկսեցին ուսումնասիրել` հազիվ տառերը սովորած, հիմա էլ բավականին ծավալուն տեքստեր են հանձնարարվում: Երեխայի համար բարդ է, երբեմն տառերը շփոթում է»:

Զառան պատմում է, որ անցած տարի էլ դժվարություններ կային` «Մի մեծ խնդիր էր «Ես եւ շրջակա աշխարհը» առարկան սովորելը», նա երեխային ժամերով մի քանի անգամ բացատրում էր, պատմում, որ կարողանար վերարտադրել: «Այնպիսի բաներ են անցնում, որ մենք մեր ժամանակ 5-6-րդ դասարաններում ենք անցել, – ասում է Զառան, – երբեմն էլ այնպիսի բարդ բառեր էին պատահում, որ երեխան չէր էլ կարողանում արտասանել»:

Նա նաեւ նշում է, որ առարկաները շատշատ են, այդ իսկ պատճառով էլ երեխան ծանրաբեռնված է սովորում: Երբ Սամվելը դպրոցից տուն է գալիս, Զառան թողնում է բոլոր գործերը եւ միասին սկսում են դասերը սերտել: «Հիմիկվա էրեխեքը մեզ պես չեն, մենակ դաս սովորել չեն կարողանում», – ասում է Զառան:

«Ես եւ շրջակա աշխարհը» դասագրքի երկու այլընտրանքային տարբերակ կա` դրանցից մեկի հեղինակներն են Լ. Ալեքսանյանը եւ Ն. Թորոսյանը, 2-րդի հեղինակը`Ա. Հովսեփյան եւ այլք (գրքում միայն հեղինակների անվան առաջին տառերն են):

Դասագրքերում տեքստերի եւ նկարների միջոցով ներկայացված է, թե որոնք են վայրի եւ սենյակային բույսերը, վայրի եւ ընտանի կենդանիները, Կարմիր գիրքը, ճանապարհն անցնելու կանոնները, տոհմածառը եւ այլն:

Նարինե Իսրայելյանն ասում է, որ «Ես եւ շրջակա աշխարհը» դասագրքերը մատչելի չեն 7 տարեկան երեխայի համար. «Սա ոչ թե դասագիրք է, այլ ձեռնարկ հոգեբանի համար` երեխայի հետ խաղային ուսուցում կազմակերպելու համար»:

Նա նշում է, որ երկու դասագրքերում էլ նյութը ներկայացված է մեծամասամբ տեքստերի միջոցով, որոնք երեխան հասկանալ չի կարող, «Ուսուցիչը եւ ծնողը պետք է այդ տեքստերը կարդան եւ մատչելի լեզվով բացատրեն երեխային», – ասում է Իսրայելյանը:

Նա ասում է, որ գրքերի ինֆորմացիան անհրաժեշտ է երեխային, սակայն սխալ է մատուցված. «Այս տարիքում գիտելիքն ավելի լսելի պետք է լինի, իսկ տեքստի միջոցով ներկայացվածը, որ երեխան պիտի կարդալով հասկանա, դժվարընկալելի է նրա համար»:

Իսրայելյանի խոսքով` երկու դասագրքերն էլ չեն նպաստում երեխայի ինքնուրույն դասապատրաստմանը: Նա երկու գրքից էլ օրինակներ է բերում: Օրինակ` «Իմ բնակավայրը» դասում, ըստ Իսրայելյանի, ավելի ճիշտ կլիներ օգտագործել «քաղաքը, որտեղ ապրում եմ» եւ նման այլ արտահայտություններ, քանի որ «բնակավայր» բառը երեխայի համար դժվարընկալելի է: Հոգեբանը նշում է, որ տվյալ դասին հաջորդող առաջադրանքները, այն է` «Ինչ եք հյուրասիրում Ձեր բնակավայր այցելած հյուրերին», «Կազմիր պաստառ, որը ներկայացնում է քո բնակավայրը», ավելի շատ հանձնարարություններ են ծնողների համար: Բարդության օրինակ է նաեւ «Կենդանիներից ամենաերկարակյացը կրիան է» նախադասությունը: Իսրայելյանն ասում է, որ երեխան անգամ դժվարությամբ կարտաբերի «ամենաերկարակյաց» բառը:

Դժվարընկալելի է նաեւ, օրինակ, «Ծաղկավոր բույսերի ծաղիկներից առաջանում են պտուղներ, որոնցում գտնվում են սերմերը»: «Այս նախադասությունը երեխան չի հասկանա, եւ 7 տարեկանին նման ինֆորմացիան պետք էլ չէ, նա այդ ամենը կանցնի 4-5-րդ դասարանում», – ասում է Իսրայելյանը:

Դասագրքերում, հոգեբանի կարծիքով, նախադասությունները նաեւ վերացական, ոչ մանկական լեզվով են շարադրված, օրինակ, երեխան չի ասի «Հացի խանութից թարմ թխած հացի բույրն եմ զգում»:

Ըստ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի Ասյա Ավագյանի, տարրական դասարանների երեխաներն ամեն ինչ հեշտ են ընկալում, ուստի պետք է օգտագործել այդ ժամանակահատվածը հնարավորինս շատ գիտելիք հաղորդելու համար. «Այս տարիքում երեխայի ուղեղը նման է սպունգի, որքան շատ ես տալիս, այնքան շատ է վերցնում»:

Հոգեբան Նարինե Իսրայելյանը նշում է, որ անգամ ընդունակ երեխաների մոտ ծանրաբեռնվածությունից առաջանում է գերհոգնածություն:

Հայարփին ցածր դասարաններում շատ էր ձգտում լավ սովորել, սակայն որոշ առարկաներից դժվարանում էր, չէր կարողանում գրքի գրածը հասկանալ ու ջերմությունը բարձրանում էր:

Դիտվել է 4549 անգամ:
Print Friendly

Leave a Reply