Ես այնքան փորձառություն ունեմ, որ խաբուսիկ հարցերին չպատասխանեմ. ՀՀ արդարադատության նախարար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 24, 2012 14:16

“Այս ծրագիրը հնարավորություն է տալու, որ 5 տարի հետո արդարադատության նախարարին դուք էլ նման հարցեր չտաք”,- պատասխանելով լրագրողների հնչեցրած   հարցին` կապված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությանը` պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

“Եթե արդարադատության նախարարը հիմա ասի, որ արդար էր դատավարությունը, կասեք, որ ազդեցություն է ունենում դատարանի վրա, եթե ասի, որ արդար չէր, նորից կասեք` ազդեցություն է ունենում դատարանի վրա”,- նկատեց նախարարն ու ավելացրեց, որ այս փուլում արդարադատության նախարարը ոչինչ չի ասի. պարզապես ասելու է, որ այս ծրագրի իրականացման արդյունքում դուք 5-6 տարի հետո այդ հարցը չեք տա:

Բոլոր դեպքերում Հրայր Թովմասյանը խուսափեց հստակ կարծիք հայտնելուց` ասելով, որ ինքը   որպես նախարար, դրա իրավունքը չունի. “Երբ ես որպես շարքային փորձագետ էի աշխատում, այդ ժամանակ ես իմ կարծիքն ազատ էի արտահայտում: Նախարար լինելը նաև զսպաշապիկ է և սահմանափակում է այս հարցերում կարծիք արտահայտելը, քանի որ ցանկացած կարծիք ազդեցություն կունենա այդ գործի հետագա ընթացքի վրա”:

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործի առնչությամբ ևս նախարար Թովմասյանը խուսափեց որևէ կարծիք հայտնելուց և գնահատական տալուց. “Կան այս հարցով օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, և արդարադատության նախարարը չի մեկնաբանում դրանք, իսկ եթե սկսում է մեկնաբանել ու գնահատականներ տալ և գտնում է, որ կա դատական սխալ, ինքն ունի մի գործիք` տվյալ դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական տույժ”:

Լրագրողների պնդումներին, որ նախարարը, այնուամենայնիվ, որևէ կարծիք   հայտնի վերոնշյալ գործերի կապակցությամբ, Հ. Թովմասյանն ասաց. “Ինչու՞ եք ուզում, որ ես անպայման կարծիք հայտնեմ, ես այնքան փորձառություն ունեմ, որ խաբուսիկ հարցերից փորձեմ խույս տալ և չպատասխանել”:

 

Վահե Մակարյան

 

 

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply