Այս ծրագրի իրականացումը մեր իշխանությունների պատվի խնդիրն է. Հրայր Թովմասյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 24, 2012 13:24


“Երբ Կառավարությունն իր ծրագիրն էր ներկայացնում Ազգային ժողովում, այնտեղ հարց հնչեց, որ որոշ ոլորտներում կոնկրետիկա չկա, և վարչապետը նշեց, որ որոշ ոլորտներում մենք կներկայացնենք առանձին ծրագրեր: Եվ սա այդ ծրագրերց մեկն է, որի մշակումն սկսվել էր դեռ անցած տարվանից”-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` խոսելով դատաիրավական բարեփոխումների առաջիկա 4 տարվա նոր ռազմավարական ծրագրի մասին:
Նախարարը կարծում է, որ ցանկացած ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ունենան ծրագիր, պետք է հստակ սահմանվի, թե որոնք են այդ ոլորտում առկա խնդիրները, ինչի ենք մենք հասել և ինչ լուծումներ ենք մենք տեսնում. “Իշխանությունների որդեգրած քաղաքականությունը այս ոլորտում առաջին հերթին անկեղծությունն է. մենք անկեղծ նայում ենք մեր երկրում առկա խնդիրներին, դրա մասին մենք ինքներս բարձրաձայնում ենք և հանրությանն ուզում ենք մասնակից դարձնել այդ ծրագրերի իրականացմանը”:
Այդուհանդերձ, Հ. Թովմասյանը նկատեց, որ մեզ մոտ իրականացվում է դեռևս պետական շինարարություն, և երբեմն իներցիան, խորհրդային անցյալը, կոմունիզմի կառուցումը հնարավորություն չեն տվել մեզ` լիարժեք հասկանալու առկա խնդիրներն ու դրանց համապատասխան լուծումներ գտնել:
“Ուստի, այս ծրագրում մենք վեր ենք հանել բոլոր խնդիրները, նայել ենք, թե վերջին 2-3 տարվա ընթացքում հասարակական սեկտորը, մամուլը որ խնդիրներին է անդրադարձել և փորձել ենք գտնել դրանց լուծման ճանապարհները”,- ասաց նախարարն ու վստահեցրեց, որ ծրագրի հաջողության գրավականն այն է, որ սա չի լինելու միայն Կառավարության ծրագիրը, այլ լինելու է ողջ ժողովրդի ծրագիրը:
Ինչ վերաբերում է ծրագրի իրականացման միջոցներին, ապա նախարարը վստահություն հայտնեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի որևէ վարկային միջոց այս ծրագրի իրականացմանը չներգրավվի. “Այսինքն` ամեն ինչ պետք է կատարվի կա’մ մեր բյուջետային միջոցներով, կա’մ գրանտային միջոցներով”:
Նախարարը միանգամայան համոզված վստահեցրեց, որ այս ծրագիրն ուղղված է լինելու նրան, որ անարդարության զգացողությունը ցանկացած գործով չզգանք: Իսկ թե որոնք են դրա երաշխքիները, Հ. Թովմասյանն ասաց. “Այս ծրագրի իրականացման երաշխիքը նրանում է, որ նախ դա մեր իշխանությունների պատվի խնդիրն է: Հանրային իշխանությունները հստակ գիտակցում են, ունեն քաղաքական կամք, պարզ, բաց աչքերով նայում են խնդիրներին և ասում, որ այս ոլորտում մենք ունենք հստակ խնդիրներ և մատնանշում են դրանց լուծման ճանապարհները”:

Վահե Մակարյան

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply