Հարսանեկան սեզոնը` նորաձեւ հարսանեկան զգեստով

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | November 10, 2009 17:36

aniԱշունը հարսանեկան սեզոն է ոչ միայն հայերի համար. աշխարհի շատ երկրներում են նախընտրում ամուսնանալ աշնանը, քանի որ տարվա այս եղանակը խորհրդանշում է առատություն եւ պոետիկ տրամադրություն:

Հարսանիքի գլխավոր հերոսներից մեկը` հարսնացուն, ով երազում է լինել այդ ռոմանտիկ օրվա արքայադուստրը, պարտավոր է ընտրել ճիշտ հարսանեկան զգեստ, որը լիարժեք կդարձնի արքայադստեր կերպարը:

Ինչպես գրում է Woman to woman ամսագիրը, հարսանեկան զգեստը պետք է լինի այնպիսին, որ ոչ միայն դուք ձեզ զգաք աշխարհի ամենասքանչելի կինը, իսկ փեսացուն հիացմունքից պապանձվի, այլեւ այն բոլոր տղամարդիկ, որոնց դուք չեք հասել, մեծ ցանկություն ունենան փախցնել ձեզ պսակադրության ժամանակ:

Արդյոք, հայ կանայք` հարսանեկան զգեստ ընտրելիս, հաշվի են առնում նորաձության միտումները կամ, արդյոք, հայկական հարսանյաց սրահներում հեշտությամբ կարելի է գտնել նորաձեւ կամ ձեր ճաշակին համապատասխան զգեստ:

Ուղիղ երեք տարի առաջ, երբ ինքս էի կանգնած հարսանեկան զգեստ ընտրելու խնդրի առաջ, պարզվեց, որ դա անլուծելի է. իմ նախընտրած քիպ, միայն ոտքերի ծայրամասում փոքր ինչ լայնացող զգեստն այդպես էլ չգտնվեց. հարսանյաց սրահներից մեկի վաճառողուհին ասաց, որ իրենք ներմուծում են այն, ինչն առավել մեծ պահանջարկ ունի:

Չգիտեմ, այսօր նմանատիպ հարսանյաց զգեստը պահանջարկ ունի, թե՞ ոչ, մի բան հայտնի է. համաշխարհային նորաձեւության տներն այս տարի առաջարկում են ինչպես շքեղ, պարահանդեսային ոճի, այնպես է կիպ, մարմնի կառուցվածքն ընդգծող սեքսուալ ձեւվածքով հարսանեկան զգեստներ:

Այս աշնանը դիզայներները պարզ, ավանդական հարսանեկան զգեստները զուգորդել են գույների եւ ձեւվածքի նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ հետ:

Ատլասից լայն ժապավենակապեր, լայն գոտիներ` կոնտրաստային գույներով, գլխարկներ, ժանյակներ, կարճ, ասեղնագործ նախշակարեր, ծաղկային պատկերներ, բաց ուսեր ու կիսաբաց կրծքեր` սրանք են հարսանեկան զգեստի աշնանային նորաձեւության հիմնական միտումները:

Հուլիսին «Բարձր նորաձեւության» փարիզյան շաբաթվա ցուցադրությունները, որտեղ ներկայացվեցին աշխարհի լավագույն դիզայներների «Աշուն-2009» եւ «Ձմեռ 2010-ի» հավաքածուները որպես ավանդույթ, ամփոփվեցին հարսանեկան զգեստների ցուցադրություններով:

Ահա թե ինչ են ներկայացրել պոդիումներին նորաձեւության հայտնի տները.

Chanel-ը մեծ նշանակություն էր տվել փարթամությանն ու կտորի շերտավորությանը: Հայտնի նորաձեւության տունը ներկայացնող դիզայներ Կարլ Լագերֆելդը հարսնացուներին առաջարկել էր նաեւ կարճ զգեստ` երկար, ալիքաձեւ թափվող «պոչիկով»:

Քրիստոֆա Ժոսսան ներկայացրել էր ելիզավետյան դարաշրջանին բնորոշ մեծ, ետեւում վեր բարձրացված օձիքով զգեստ: Սակայն զգեստի միայն այդ մասն էր հիշեցնում ելիզավետյան դարաշրջան, իսկ մնացած մասը բնորոշ էր քսանմեկերորդ դարին. զգեստն ամբողջությամբ թափանցիկ կտորից էր, միայն մարմնի ինտիմ հատվածները պատված էին ասեղնագործ ծաղիկներով:

Albert Ferretti-ի հարսանեկան զգեստների հավաքածուի մեջ գերակշռում են գործվածքե թիկնոցներն ու ճերմակկաթնագույն մետաքսը:

Christian Lacroix-ի նորաձեւության տան հավաքածուներում իշխում են սլավոնական մոտիվները:

Dior-ի հիմնական գաղափարները` պերճանքն ու նրբագեղությունը, արտահայտված են հարսանեկան զգեստների ցուցադրություններում, որտեղ ներկայացվել են քիպ կորսետներով, ճերմակափայլ կտորներով, փարթամ հարսանեկան զգեստներ:

Dolce&Gabbana-ն ներկայացրել է յուրօրինակ հարսանեկան զգեստ. այն ամբողջությամբ զարդարված էր Մերլին Մոնրոյի դիմանկարով:

Հետաքրքիր զգեստ էր ներկայացրել Christian Dior-ը. կիպ կորսետ, թեթեւ, շերտավոր փեշեր, ուսերն ամբողջությամբ բաց:

Այս սեզոնին զարդերը հասցված են նվազագույնի` միայն պարզ, նուրբ վզնոցներ` փոքրիկ կուլոններով: Փոխարենը` հարսնացուները պետք է կրեն խոշոր, հաստ թեւնոցներ:

Քողեր

Այս սեզոնի քողերը միաշերտ են, մինչեւ ոտքերի ծայրը հասնող կամ ավելի երկար, միդի (գոտկատեղից մի փոքր ներքեւ):

Իսկ եթե նախընտրում եք առանց քողի ամուսնանալ, ապա դիզայներներն առաջարկում են մազերը զարդարել ծաղիկներով, իսկ դեմքը փակել թափանցիկ, կարճ կտորով, որն էլ ավելի խորհրդավոր կդարձնի ձեր կերպարը:

Նորաձեւ հարսանեկան կոշիկները բարակ կրունկներով են (շպիլկա) եւ սուր քթերով: Հարսնացուի կարեւորագույն աքսեսուարներից մեկի` ծաղկեփնջի, ընտրությունը եւս շատ կարեւոր է: Այս տարի նորաձեւ են երկար, թափվող ծաղկային կոմպոզիցիաները, որոնք պարզ, համեստ հարսանեկան զգեստին մեծ շուք կհաղորդեն: Պետք չէ խուսափել դաշտային ծաղիկներ ընտրելուց. այս սեզոնին որքան բազմազան ու գունագեղ լինի հարսանեկան ծաղկեփունջն, այնքան` լավ:

Դիտվել է 5767 անգամ:
Print Friendly

Leave a Reply