Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է “Արի տուն” ծրագրի շրջանակում Երևանում գտնվող պատանիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2012 15:33


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է “Արի տուն” ծրագրով օրերս Երևան ժամանած սփյուռքահայ պատանիներին, ովքեր Երևանի քաղաքապետարան էին այցելել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ:
““Արի տուն” ծրագրի շրջանակում արդեն շատ պատանիներ են այցելել իրենց պատմական հայրենիքի մայրաքաղաք՝ համայն հայության մայրաքաղաք, ու, վստահ եմ, սիրել են Երևանը: Թեկուզ կարճ ժամանակով հյուրընկալվելով ու ապրելով հայրենիքում, կարծում եմ հասցրեցիք համոզվել, որ ամենից հարազատ վայրն աշխարհում հենց հայրենիքն է, հայրենի հողը: Կարծում եմ, որ տուն դառնալուց հետո սկսելու եք հաշվել օրերը, թե երբ եք կրկին գալու Հայաստան։ Այդ հարցում, վստահաբար, իրենց դերակատարումն են ունեցել նաև ձեզ հյուրընկալող ընտանիքները, ովքեր փոխանցել են ձեզ հայրենիքի սերն ու ջերմությունը: Կարող եք վստահ լինել, որ հայրենիքը՝ Երևանը, միշտ սպասում է ձեզ”,- ողջույնի խոսքում նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ավելի քան 200 երեխաները Հայաստան են եկել ընթացիկ տարվա ծրագրի հինգերորդ փուլով և 20 օր անցկացնելու են հյուրընկալ ընտանիքներում: ՀՀ Սփյուռքի նախարարի խոսքով տարեցտարի ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրությունը և այս տարի արդեն Երևան են ժամանել երեխաներ՝ Հայկական սփյուռքի բոլոր համայնքներից: “Խորին շնորհակալությունս եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին ու Երևանի վարչական շրջանների աշխատակազմերին, որ այսքան սիրով կազմակերպել են մեր երեխաների տունդարձը հայրենիք: Անցնող 4 տարիների ընթացքում Երևանն է եղել այն հիմնական տունը, ուր եկել են մեր երեխաները, հիացել, զարմացել են Երևանով”,- նշել է Հրանուշ Հակոբյանը:
Երևանի քաղաքապետարանում հյուրընկալված բոլոր երեխաները ստացել են Երևանի մասին տպագիր հուշանվերներ և հանդես են եկել իրենց պատրաստած մշակութային փոքրիկ ծրագրով: Այնուհետև երեխաները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:
“Արի տուն” ծրագրով Երևան ժամանած՝ Մոսկվայի Լազարյան եղբայրների անվան դպրոցի տնօրեն Սեդա Գալոյանը հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին և նվիրել “Մոսկվայի մանկավարժների դինաստիայի պատմությունը” գիրքը, որում պատմվում է նաև հայազգի մանկավարժ ընտանիքների մասին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 2271 անգամ:
Print Friendly

Leave a Reply