Այսօր աղանդների թեման այնքան էլ արդիական չէ. Քահանա Արթենյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2012 15:21

Տեր Եսայի քահանա Արթենյանի համոզմամբ` այսօր աղանդների թեման այդքան էլ արդիական չէ.  “Կարծում եմ` աղանդների թեման արդիական դարձնելն ավելի շատ ձեռնտու է հենց աղանդավորական կազմակերպություններին: Իրականում աղանդների թեման մանավանդ այսօրվա մեր հասարակական-քաղաքական կյանքի պայմաններում այդքան էլ արդիական ու մտահոգիչ չէ: Իհարկե, դա բավականին մտահոգիչ թեմա է, բայց ոչ ամենամտահոգիչը”:

Այնուամենայնիվ, քահանան նշեց, որ իրենք ամեն օր շփվում են աղանդներից տուժած մարդկանց հետ, բացատրական աշխատանքներ են տանում, փորձում են օգնել նրանց և վերադարձնել ճիշտ ուղի:

“Վերջին շրջանում մենք ավելի շատ փորձում ենք մեր համայնքային կյանքով աղանդների ճիրաններից դուրս բերել խուլերին, քանի որ խուլերի մի խումբ կա, որ շատ ակտիվ են քարոզելու և իրենց մյուս ընկերներին աղանդների մեջ ներգրավելու հարցում»,- ասավ Տեր Եսային ու ավելացրեց, որ իրենց աշխատանքները տվել են որոշակի արդյունքներ, և այսօր արդեն բավականին թվով խուլեր վերադարձել են մայր եկեղեցի:

Ըստ քահանայի` սխալ պատկերացում կա, որ իբր եկեղեցում քարոզ չկա, դրա համար էլ աղանդավորական կազմակերպությունները, օգտագործելով այդ սխալ տարածված պատկերացումը, մարդկանց կանչում են իրենց մոտ` ասելով, որ եկեղեցում քարոզ չկա, եկեք մեզ մոտ քարոզի, մինչդեռ, բանախոսը պնդեց, որ եկեղեցում քարոզ կա, և շաբաթը առնվազն երկու անգամ որ միայն խուլերի համար է քարոզ լինում:

Իսկ այն հարցին, թե արդյոք միայն քարոզի ու հոգևոր սննդի թվացյալ պակասի, այլ ոչ թե հստակ նյութական շահի պատճառով չէ, որ շատ քաղաքացիներ կարիքից դրդված անդամագրվում են աղանդավորական շարժումներին, Տեր Եսայի Արթենյանը դա ևս չբացառեց, սակայն նշեց, որ մարդիկ ավելի շատ գնում են աղանդավոր են դառնում այն հույսով, որ պետք է սուրբ դառնան ու փրկվեն:

Թե ինչ է անում մեր եկեղեցին, ինչ ծրագրեր է իրականացնում աղանդների դեմ պայքարի ուղղությամբ, քահանա Արթենյանն ասաց. “Մեր հիմնական ծրագիրը քարոզն է` մատչելի, պարզ քարոզը”,- պարզաբանեց բանախոսն ու ավելացրեց, որ աղանդների դեմ պայքարում, սակայն, պետական լուրջ ծրագիր ու միջամտություն է անհրաժեշտ:

Իսկ թե ինչ է մտածում այս հարցի շուրջ Ամենայն հայոց կաթողիկոսը և արդյոք վեհափառը փորձել է այս խնդրով դիմել պետությանը այդ պետական լուրջ ծրագիրը մշակելու և իրականացնելու առաջարկով կամ պահանջով, քահանան պատասխանեց, որ նախ ինքը տեղյակ չէ, թե ինչ է մտածում մեր կաթողիկոսը, բացի այդ եկեղեցին օրենսդիր մարմին չէ, որ նման առաջարկներով հանսդես գա:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply