Հայաստանի բնակչության մոտ 75%-ը ի վիճակի չէ հանգստանալ արտերկրում. Մելիտա Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2012 14:36


Հայաստանի սպառողների ազգային ասոցացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը արդեն 21 տարի է` չի հանգստացել, բայց կարծում է, որ հայ ազգը հանգստի կարիք ունի, քանի որ գերհոգնածություն կա մարդկանց մեջ: Այսօր լրգարողների հետ հանդիպմանն այսպես անկեղծացավ ու հանգստի մասին իր կարծիքը բանախոսը:
Ըստ տիկին Հակոբյանի` նախորդ տարիների համեմատ այսօր սոցիալ-տնտեսական պայմաններն ավելի են ծանրացել, ինչն էլ թույլ չի տալիս մարդկանց կարողանալ լիարժեք կազմակերպել իրենց հանգիստը թե’ արտերկրում, թե’ երկրի ներսում. “Հայաստանում ներքին տուրիզմը պետք է լինի շատ մատչելի իր քաղաքցու համար, որպեսզի այն մարդիկ, ովքեր արտերկիր գնալու հնարավորություն չունեն, հանգստանան այստեղ. մինչդեռ, օրինակ` Սևանում, այնպիսի գներ են “կրակում”, որ ուղղակի խելքին մոտ չէ”:
Բանախոսը հաստատեց այն կարծիքը, որ Հայաստանում հանգստյան գները արդարացված չեն ու չեն համապատասխանում միջին վիճակագրական քաղաքացու, առավելևս` նվազագույն աշխատավարձ ստացողի գրպանի պարունակությանը:
Հակոբյանը նշեց, որ իրենց կատարած հարցումների արդյունքում պարզել են, որ Հայաստանի բնակչության մոտ 75%-ը ի վիճակի չէ հանգստանալ արտերկրում, իսկ մյուս 25%-ից 1-2 տոկոսը հանգստանում է գյուղերում` բարեկամների մոտ, մոտ 2-3 տոկոսը հանգստանում է երկրի ներսում, իսկ մնացած 20%-ը, որը կազմում են հիմնականում խոշոր ձեռնարկություններում բարձր աշխատավարձով աշխատողներ, կարողանում են իրենց թույլ տալ հանգստանալ արտերկրում` դրա համար ծախսելով 300-500 հազար դրամ. “Գովազդներից մենք տեսնում ենք, որ արտասահմանյան ուղեգրերի գինը սկսում է նվազագույնը 315 հազար դրամից, իսկ առավելագույնը անցնում է 500 հազարը` կախված ծառայությունների ու հյուրանոցային պայմանների տեսակից ու որակից”:
Մ. Հակոբյանը կարծում է, որ Հայաստանում պետք է բարձրացնել աշխատավարձերը, որպեսզի դրան համահունչ էլ մարդիկ կարողանան օգտվել տուրիստական ծառայություններից, իսկ հայաստանյան ներկա 32.500 դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում Հայաստանում հանգստյան տների գները չափազանց թանկ են:
“Տաթև” տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավությանն էլ նշեց, որ Հայաստանի որևէ հանգստյան տանը միջին պայմաններով հանգստանալու համար անհրաժեշտ է մեկ օրվա համարը 6000-7000 դրամ: Իսկ ահա արտասահմանյան հանգստավայրերում, մասնավորապես` Անթալիայում, կարելի է 100.000 դրամ ծախսելով 5 օր հանգստանալ միջին պայմաններում` ավիատոմսը չհաշված:

Վահե Մակարյան

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply